Նախագահների հանդիպման իմաստը նրանց համախոհների միավորումն է

Նախագահների հանդիպման իմաստը նրանց համախոհների միավորումն է

Կաթողիկոսի հովանավորությամբ Հայաստանի երեք ու Արցախի երկու նախագահները քննարկումների շարք են սկսել: Նպատակը մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելն է: Քանի որ դա չի կարող տեղի ունենալ առանց իշխանափոխության՝ ենթադրում եմ, որ պետք է քննարկվի, թե ինչպես է հնարավոր պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին:

Իհարկե, կարող են քննարկել նաև, թե ով է լինելու վարչապետը և ով նախագահը, կամ էլ հակառակ հերթականությամբ, եթե Աստծո հաջողությամբ Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո մտադրվեն վերականգնել նախագահական կառավարումը: Էն գլխից ասեմ, որ ՀՀ առաջին նախագահը պետք է որ բացարկ հայտնի, քանի որ դեռևս 68 տարեկանում էր ասել, որ ինքը ծեր է նախագահ լինելու համար: Դե, իսկ 77-ամյա Տեր-Պետրոսյանը այդ ընթացքում 9 տարով ավելի է ծերացել: Հատկապես, որ Հայաստանն էլ Միացյալ Նահանգներ չէ, որպեսզի թույլ տա իրեն ունենալու 80-ամյա զառամյալ նախագահ: Մնացին «ղարաբաղյան կլանի» 4 ներկայացուցիչները: Եվ այդ առումով հարգանքի է արժանի Տեր-Պետրոսյանը, որ ինչ-որ հարց է քննարկում 14 տարվա վաղեմության իր համարյա թե գենետիկ թշնամիների հետ: Բայց հարգանքի են արժանի նաև 4 ղարաբաղցիները, որոնք փոքր հայրենիք են կորցրել Տեր-Պետրոսյանի հոգեզավակի շնորհիվ: Եվ կանգնած են ընդհանրապես հայրենիք կորցնելու վտանգին դեմ հանդիման: Ու, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի հետ մեկ սեղանի շուրջ նստած՝ փորձում են ելքեր փնտրել այսօրվա իրավիճակից:

Բայց ոնց որ թե քննարկումը սխալ ուղղությամբ է գնացել, քանի որ քննարկման հաջորդ օրը տեր-պետրոսյանական ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ «ՀՀ-ում հնարավոր է իշխանափոխություն կատարել՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ»: Այսքանից հետո կարելի էր այլևս չշարունակել վերջինիս մտքերին ծանոթանալը, որն, իր ասելով, ընդամենը հաղորդում է Տեր-Պետրոսյանի նախորդ տարվա գաղափարը: Այնուամենայնիվ, շարունակենք և կիմանանք, որ պետք է գտնվի քննարկման մասնակիցների շրջանակից դուրս՝ բոլորի կողմից ընդունելի չեզոք մի գործիչ, որին էլ պարտավոր են լինելու օժանդակել բոլորը: Եթե դա էր կաթողիկոսի հովանավորությամբ քննարկման գաղափարներից մեկը, ապա հարգելի նախագահներն առաջին օրը զբաղվել են ժամավաճառությամբ: Որովհետև Փաշինյան Նիկոլն առանց պարտադրանքի, ինքնակամ երբեք չի հանձնի իշխանությունը:

Ով էլ լինի նրան փոխարինողը. թեկուզ Աստծո հրեշտակապետը (հատկապես նա): 
Արամ Մանուկյանը երևի մոռացել է, որ հենց այդպիսի գաղափարի վրա էր կառուցված հետպատերազմական ընդդիմադիր շարժումը: Եվ համեմատաբար չեզոք անձն էլ Վազգեն Մանուկյանն էր, սակայն նույնիսկ փողոցի ճնշումը չկարողացավ «համոզել» Նիկոլին հանձնել նրան իշխանությունը: Հատկապես, որ իրեն տրվում էին անվտանգության երաշխիքներ: Ի դեպ, եթե Նիկոլին տրված՝ Տեր-Պետրոսյանի «ազգակործան պատուհաս» բնորոշումը մնում է ուժի մեջ, ապա ՀԱԿ-ը պետք է գործող իշխանության մաս կազմող իր անդամներին հրապարակավ հայտարարի կուսակցությունից վտարված: Այլապես ստացվում է, որ ձևականորեն ընդդեմ իշխանության գործող կուսակցությունը շարունակում է կադրեր մատակարարել նույն այդ իշխանությանը: Ինչը, ընդունեք, նոնսենս է: Ի վերջո, հայաստանյան և արցախյան նախագահների հանդիպումն ինքնին արժեք չի ներկայացնում, եթե նրանց համախոհները չեն միավորվում Փաշինյան Նիկոլին պաշտոնից հեռացնելու նպատակով: Հենց դա պետք է լինի այդ հանդիպման արդյունքը, մնացածն, ինչպես ասվում է, տեխնոլոգիաների խնդիր է: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա հանդիպման իմաստն էլ զրոյանում է:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հավաքի մասնակիցներից ով է լինելու Նիկոլին փոխարինողը, ապա կասկած լինել չի կարող՝ Ռոբերտ Քոչարյանը; Այն անձը, որի իշխանության դեմ պայքարով սկսվեց իմ քաղաքացիական կենսագրությունը: Բայց միաժամանակ այն անձը, որին ձայն տվեցի 2021 թվականի հունիսին: Իսկ ինչո՞ւ հենց նա: Որովհետև նրա ղեկավարությամբ նախընտրական դաշինքը 2021 թվականի հունիսին հավաքեց առավելագույն քվե ընդդիմադիր շրջանակներում: Բայց եթե բացենք Արամ Մանուկյանի խոսքի փակագծերը, ապա պարզ կլինի, որ հենց նա է տեր-պետրոսյանականների համար ամենաանընդունելի թեկնածուն: Իհարկե, կարելի է կրկին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Սակայն, նախ, 2020-2021 թվականներին Տեր-Պետրոսյանը չպաշտպանեց ՀՀ առաջին վարչապետին: Եվ Վազգեն Մանուկյանն էլ դժվար թե ցանկանա նույն գետը մտնել երկրորդ անգամ: Եթե այս հարցում ես սխալվեմ՝ կարող եմ ընդամենը ողջունել իմ սխալը, եթե, իհարկե, Վազգեն Մանուկյանի երկրորդ «հայտնությունը» պսակվի հաջողությամբ: Իսկ եթե չեզոք ասելով Արամ Մանուկյանը հասկանում է բացարձակ չեզոք, ապա լավագույն տարբերակը կարող է լինել որևէ այլմոլորակային արարածին հրավիրելը: Որովհետև մեր երկրի պայմաններում՝ թե՛ երկրի մեջ և թե՛ նրա սահմաններից դուրս, դժվար է գտնել այնպիսի մեկին, որ 100 տոկոսանոց չեզոքություն, իմա՝ անտարբերություն է ցուցաբերել մինչ այսօր հայրենիքի ճակատագրի նկատմամբ: