ՀԱԿ-ը ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն, այլ՝ «առողջ» դիտորդ

ՀԱԿ-ը ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն, այլ՝ «առողջ» դիտորդ

Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում։

ՀԱԿ-ը հրաժարվեց առանձին մասնակցել Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրություններին՝ հայտարարելով, որ իր աջակցությունն է հայտնում հեղափոխությունն իրականացրած ուժին։ Իսկ, ահա, անցած ամիսների ընթացքում մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Ընդդիմության դափնին ժամանակին սեփականաշնորհած կուսակցությունն այսօր հարմարավետ տեղավորվել է իշխանությանը «ծափ տվողի» նիշայում եւ ողջունում է ցանկացած որոշում։ Վերջին շրջանում էլ ՀԱԿ եւ ՀԱԿ-ամերձ շրջանակները՝ լրատվամիջոցներ, անհատ գործիչներ, իրենց ուսերին են վերցրել իշխանությանն ուղղված հարվածները եւ անարգանքի սյունին են գամում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են Փաշինյանին ու նրա իշխանությանն ասել՝ «աչքիդ վերեւը հոնք կա»։

Այնինչ ոչ մի կառավարող ուժ, հատկապես եթե չունի տարիների փորձառություն, ապահովագրված չէ սխալներից։ Այդ սխալների մասին այսօր, ցավոք, բարձրաձայնում է մամուլը, հատուկենտ փորձագետներ ու մեկ-երկու ընդդիմադիր ուժ, իսկ, ահա, առաջին նախագահի  շրջապատն իր վրա է վերցրել ընդդիմությանը եւ այլախոհներին հարվածելու ու վարկաբեկելու գործը։ Այնինչ ժամանակին ՀԱԿ-ն ամբողջ ներուժով սեւեռված քննադատում ու սեւացնում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան համարելով կեղծ ընդդիմություն, «Միշիկի պրոյեկտ» եւ այլն։ Հիրավի, չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, կան շահեր։ Իսկ ՀԱԿ-ի շահն այսօր պահանջում է «քլնգել» ոչ թե Փաշինյանին, այլ նրան քննադատողներին, եւ ծաղրել ու վիրավորել բոլոր նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողքին չեն եւ նրա քայլերի հետ համակարծիք չեն։ 

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞րն է այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաքելությունը, նա վերջնականապես հրաժարվել է ընդդիմադիրի կարգավիճակից ու այլեւս սահուն անցում է կատարել դեպի իշխանական  արքունի՞ք, որտեղ արդեն պաշտոններ ունեն ՀԱԿ անդամներն ու Տեր-Պետրոսյանի յուրայինները, թեեւ այնքան էլ շատ չեն նրանք։ Սակայն կուսակցության ակտիվը՝ Արամ Մանուկյան, Լեւոն Զուրաբյան եւ ուրիշներ, որպես կանոն, չեն պատասխանում զանգերին, եւ նրանց հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։ Զրուցեցինք կուսակցության վարչության անդամ Աշոտ Մանուկյանի հետ, ով նախ զարմացավ, որ ժամանակին էլ իրենք, ի դեմս առաջնորդի, ծախված ու կեղծ էին համարում Նիկոլ Փաշինյանին․ «Եթե ցույց տաք մի փաստաթուղթ, որով մենք մեղադրել ենք, ես գուցե պատասխանեմ։ Ո՞վ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին կեղծ ընդդիմություն լինելու մեջ… ես ըտենց բան չեմ հիշում»։

ՀԱԿ անդամի կարծիքով, այսօր Նիկոլին աջակցությունը «լրջագույն» հրամայականով է պայմանավորված․ «Մենք միշտ չէ, որ Նիկոլի բոլոր քայլերի հետ համաձայն ենք, բայց երանի այն մեր 90-ական թվականներին, երբ մենք էինք իշխանության, մնացած քաղաքական ուժերն այդքան հասուն եւ այդքան առողջ կարողանային գնահատել քաղաքական իրավիճակը եւ այդքան առողջ մասնակցեին երկրի պետականության կայացման ճանապարհին, ոնց որ այսօր մենք ենք անում։ Մեր խնդիրը ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանամետություն լինելն է»,- ասաց ՀԱԿ անդամը, որին հիշեցրինք, որ դա ծառուկյանական հայտնի թեզն է, որն ունի «այլընտրանք» անվանումը, իրենք է՞լ են այլընտրանք։ «Մեզ Ծառուկյանի հետ շփոթելը շատ դժվար է, նույնիսկ՝ ծիծաղելի։ Մեր խնդիրն այս թնջուկից, խայտառակ իրավիճակից, անկումից պետությունը ոտի կանգնեցնելն է։ Չի կարելի ինքնանպատակ ընդդիմություն լինել կամ իշխանամետ։

Մեր խնդիրն է, որ այդ խայտառակ ղարաբաղյան կլանը, գիշատիչ խումբը հետ չվերադառնա, բացառվի նրա վերադարձը ցանկացած ֆորմատով ու տեսքով՝ կլինի դա Ծառուկյանի դեմքով, թե Էդմոն Մարուքյանի կամ մեկ ուրիշի, որպեսզի էդ ուժը որեւիցե ձեւով հետ չվերադառնա։ Երբ մենք այդ խնդիրը լուծված կհամարենք, այդ ժամանակ առողջ ընդդիմություն կլինենք եւ բացահայտ կխոսենք բոլոր թերությունների մասին։ Իսկ այսօր ավելի մեծ խնդիր ունենք, քան Նիկոլ Փաշինյանի կենցաղային կամ մասնավոր բացթողումները, նրանց թերությունները մատնանշել, որոնք էդ ռեւանշիստական ուժը փորձում է ամեն կերպ լուն դավա դարձնելով՝ ժողովրդի մեջ ատելություն ներարկել նոր իշխանությունների նկատմամբ»։ Ճշտեցինք․ այսինքն՝ ով քննադատում է իշխանություններին, համարվում է ռեւանշիստակա՞ն ուժ, Հայաստանին այլեւս պե՞տք չէ  ընդդիմություն։ «Դուք, կարծում եմ, կնկատեք, թե որը ինչ նպատակով է քննադատում, լոռեցու խոսք կա, ասում է․ հույ-հույ կա՝ դուրս է անում, հույ-հույ կա՝ ներս է անում, պիտի տեսնենք՝ որ հույ-հույն ա։ Պիտի հասկանաս՝ քննադատությունը կառուցողակա՞ն է, թե՞ ոչ, որ այնպես չլինի՝ ունքը շինելու տեղը աչքն էլ հանենք»։ 

ՀԱԿ անդամի անձնական կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը «պատեհապաշտ» է։ Դրա՞ համար են Կոնգրեսի առանցքային դեմքերի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հարձակում սկսել ընդդիմացողների վրա։ «Ես նման լրատվամիջոցներ չեմ ճանաչում, ես ու իմ կինը մեր տանն ամենաշատը մենք ենք իրար հակադիր, եթե ընտանիքի անդամներից մեկինն է, դեռ չի նշանակում, թե ՀԱԿ անդամի լրատվամիջոցն է»։ ՀԱԿ անդամի պնդմամբ, իրենք ո՛չ իշխանության դաշտում են, ո՛չ ընդդիմության․ «Մենք առողջ դիտում ենք իրավիճակը, գնահատում ենք եւ մեր դիտողությունները ներկայացնում»։ Մանուկյանի կարծիքով, օրինակ, որեւէ ուժ, բացի ՀԱԿ-ից, կառավարության ծրագրի վերաբերյալ համապարփակ դիտողություններ եւ առաջարկներ չի ներկայացրել․ «Մենք չենք հայհոյում, եթե տեսնում ենք, որ մի բան սխալ է, մեր պատկերացրած ճիշտն ենք ներկայացնում։ Մենք ե՛ւ խորը քննադատություն ենք ներկայացրել իշխանությունների ծրագրին, ե՛ւ մեր աջակցությունն ենք ցույց տվել՝ ասելով, թե ոնց ենք պատկերացնում, ոնց է ճիշտ ճանապարհը՝ մեր ներկայացմամբ»։

Մանուկյանը նեղսրտում է մեղադրանքներից, թե ՀԱԿ-ն այսօր դարձել է իշխանության կցորդը, պաշտոնների են նշանակվում ՀԱԿ անդամներ, ու մանրից այդ ուժը՝ որպես առանձին միավոր, կվերանա քաղաքական  ասպարեզից․ «Եթե մեր ուժը վերանա, քաղաքական դաշտն իսպառ կամայանա։ Իսկ Ձեր ասած մեր թիմակիցները մի քանիսն են, ովքեր հայտնվել են իշխանությունում՝ Վլադիմիր Կարապետյանը եւ մի քանիսը։ Հեղափոխություն է կատարվել, մեր բոլորիս երազանքը կատարվել է, այս իշխանությունը մեզ ազատել է նախկին ռեժիմից, եւ էսօրվա ընդդիմադիր կարգավիճակը բոլորովին այլ է, երեկվանն այլ էր։ Դրա համար էլ մենք այդքան կոշտ, մերժողական, անհանդուրժողական դիրքեր չենք գրավել, որովհետեւ այսօրվա իշխանություններն ամենամեծ խնդիրները լուծել են, եւ համոզված ենք, որ իրենց ցանկությունը երկիրը ոտի կանգնեցնելն է»։ Իսկ երբ համոզվեն, որ նախկինի վերադարձ չի սպառնում, իսկ գործող իշխանությունն էլ չի արդարացնում սպասելիքները, ՀԱԿ-ը կվերադառնա արմատական ընդդիմության դիրքերին։