Բաց նամակ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող ԱԺ 44 պատգամավորներին

Բաց նամակ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող ԱԺ 44 պատգամավորներին

Բ Ա Ց    Ն Ա Մ Ա Կ

«Այո» քարոզչության կողմ հանդիսացող ԱԺ 44 պատգամավորներին ընտրությունների և  հանրաքվեի «շփոթման» մասին

Հարգելի պատգամավորներ, հիշեցնում եմ, որ՝

1. Ընթացող Հանրաքվեի նախաձեռնողը դուք եք և ԿԸՀ-ում գրանցվել եք  որպես քարոզչական կողմ, որի  ներկայացուցիչն է պատգամավոր Հովակիմյանը («Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասեր);

2. Հանրաքվեի դրված հարցը կարող է ունենալ միայն մեկ «Այո», որը դուք եք, սակայն ստեղծվել է  երկրորդ կողմ՝ շտաբի տեսքով, որի պետ  թե ներկայացուցիչ է նշանակվել  կառավարության անդամ Պապիկյանը (Օրենքի 17.3 և 17.6-րդ մասերի  խախտումներ);

3. Հանրային ծառայող Վարչապետը ձեր լռելայն համաձայնությամբ  և ձեր փոխարեն հանդես է գալիս որպես նախաձեռնության հեղինակ, օրինակ՝ «Հարցազրույց Պետրոսի հետ» ծրագրում և ի պաշտոնե լայնածավալ քարոզչություն է իրականացնում  (Օրենքի 17.6 և 17.14.1-ին մասերի խախտումներ);

4. Մարզպետը հայտարարում է, որ մարզային քարոզչությունն  ինքն է իրականացնում՝  (Օրենքի 17.14.1-ին մասի խախտում):

Այսինքն, հիմնովին փոխել եք առանց այն էլ հակասահմանադրական   Հանրաքվեի իմաստն ու նշանակությունը, դուք այն անթաքույց «շփոթել» եք քաղաքական միջոցառման՝ ընտրությունների հետ: Ավելին, ձեր նախաձեռնությունը  փոխանցելով  ՔՊ  կուսակցությանը և Վարչապետին, խառնաշփոթ եք ստեղծել երկրի կառավարման համակարգում, ԶԼՄ-ների և հայաստանցուս մոտ: Ավելին, հնարավորություն եք տվել վարչական ահռելի միջոցներ օգտագործել «Այո»-ի համար:

Հույս եմ հայտնում, որ սույն տեղեկատվությունս  կօգնի միջոցներ ձեռնարկել «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտումները վերացնելու և  գոնե ծախսվող ահռելի ժամանակն ու միջոցներն օգտագործելու  հանրաքվեի կազմակերպման և անցկացման նոր մշակույթի ձևավորման «հեղափոխական» պահանջի  ուղղությամբ:

Վերը բերված  խախտումներն  ավելի քան ցայտուն ձևով հիմնավորում է մեր երկրի թիվ մեկ պաշտոնյա օրիորդ Մակունցն իր ճեպազրույցում։

Ռուբեն Թորոսյան