Քանի դեռ կա հողերի, զոհերի, ցեղասպանության հարց` խաղաղության դարաշրջան լինել չի կարող

Քանի դեռ կա հողերի, զոհերի, ցեղասպանության հարց` խաղաղության դարաշրջան լինել չի կարող

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

- Տիկին Աիդա, Դուք ներքաղաքական կյանքին հետևո՞ւմ եք:

- Հետևում եմ, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես հասարակական գործիչ եմ:

- Շատ բարի, իսկ վերջին գործընթացների մասին ի՞նչ կարծիք ունեք: Վարչապետը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, նշում է, որ պետք է Արցախի փոքր ինչ ավելի ցածր կարգավիճակին համաձայնել:

- Ես հիմա այդ մասին դիտարկումներ անել չեմ կարող: Ավելի լավ կլինի այդ հարցերն ուղղեք քաղաքական գործիչներին, ես քաղաքական գործիչ չեմ:

- Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիրներն ասում են, որ սա քաղաքական պայքար չէ, այլ պայքար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:

- Հա, այդ հարցերն ուղղեք ընդդիմությանը, ես կոնկրետ պայքարում եմ, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում:

- Իսկ հիմա չե՞ք կարծում, որ հայրենիքը վտանգված է:

- Հայրենիքը վտանգված ասելով՝ ես նկատի ունեմ պատերազմները:

- Նոր պատերազմի վտանգ չե՞ք տեսնում:

- Պատերազմի վտանգն Արցախյան պատերազմից հետո մշտապես եղել է, էնպես չէ, որ մենք այնքան հանգիստ ենք եղել, որ հիմա էլ պատերազմի վտանգ չկա: Մենք քանի դեռ շրջապատված ենք հակառակորդներով, պատերազմի վտանգը կախված է լինելու մեր գլխին, պարզապես պետք է ունենալ հզոր, լավ զինված բանակ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին:

- Իսկ դիվանագիտական առումով ուժեղանալու կարիք չկա՞:

- Ես կարծում եմ, որ բանակին պետք չէ դիվանագիտություն, բանակը պետք է լինի հզոր, զինված ու պատրաստ լինի ամեն վայրկյան պաշտպանել իր երկիրը:

- Բայց եթե բանակն ուժեղ է, իսկ իշխանությունները պրոթուրքական կոչերով են է հանդես գալիս, ի՞նչ հաջողություններ ակնկալել այս դեպքում:

- Ինչ ասեմ, այդ հարցը պետք է տաք Պաշտպանության նախարարին, ինքն ավելի լավ կպատասխանի դրանց:

- Վերջին պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, շատ է խոսվում, որ զինվորականները թուլացել ու կոտրվել են, որ էլ առաջվանը չեն…

- Դե հո ուրախ-զվարթ պարտությունից հետ չէինք գալու: Օրինակ ես` իմ տոնական համազգեստը, որի վրա 18 շքանշան է կախված, փաթեթավորել ու արխիվ եմ ուղարկել: Ես հիմա դա չեմ կարող հագնել, մինչև նոր հաղթանակ չլինի:

- Այսինքն` հաղթանակի ակնկալիքներ ունե՞ք:

- Մեր երկիրն այն վիճակում է, որ ամեն վայրկյան կարող է նոր պատերազմ սկսվել: Պետք է հույս ունենանք, որ լավ հակահարված ենք տալու:

- Շատ է խոսվում խաղաղության դարաշրջանի մասին: Ձեր պատկերացումներով՝ ի՞նչ ասել է խաղաղության դարաշրջան:

- Շատ լավ կլինի, եթե խաղաղություն լինի, բայց չեմ կարծում, որ խաղաղության դարաշրջան կլինի: Քանի դեռ կա հողերի, զոհերի, ցեղասպանության հարցը, խաղաղություն լինել չի կարող, ես կոնկրետ այդ դարաշրջանը չեմ տեսնում: