Կոչ հայ ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը

Կոչ հայ ժողովրդին եւ ՀՀ կառավարությանը

Երեսուն տարի առաջ Հայաստանի տնտեսության լրիվ քայքայումը սկիզբ դրեց գործազրկությանը, արտագաղթին, արտաքին կենսական կապերի ընդհատմանը եւ պետության սնանկացմանը։ Հայաստանը ձեռք բերեց անկախություն, բայց ժողովրդի մեծամասնության համար կյանքի պայմանները դարձան անտանելի։ 

Մինչ այժմ շարունակվում է այդ անհույս վիճակի խորացումը, իսկ «սովի տրամաբանության» եւ մեր ղեկավարների վարած «ճկուն» արտաքին քաղաքականության հետեւանքով մենք զրկվել ենք ռեալ արտաքին օգնությունից։

Երկու՝ միմյանց թշնամի պետությունների հետ հնարավոր չէ ունենալ նորմալ արտաքին հարաբերություններ, մանավանդ երբ նրանցից մեկի հետ կա ռազմական փոխօգնության պայմանագիր, եւ բացակայում է բարձր իդեալների վրա հենված սեփական, կայուն (ոչ ճկուն) արտաքին քաղաքականության պլատֆորմը։

Այսօրվա ցիվիլիզացիան թույլ պետություններին չի տալիս գոյատեւելու ոչ մի երաշխիք, խոստումները դիտվում են որպես անցողիկ ցանկություններ, ռեալ գործում են միայն կնքված փոխշահավետ պայմանագրերը։

Մեր դարավոր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, նորից զորքով չոքել են մեր դռանը, եւ մենք ի վիճակի չենք դիմադրելու նրանց ագրեսիային։ Չունենք ժամանակակից զենքեր ու զինամթերք։ Մենք կարիք ունենք արտաքին օգնության։

Մեր առաջնային եւ հրատապ խնդիրն այժմ հանդիսանում է հայ ժողովրդի ինքնության եւ հայրենիքի պահպանումը՝ կապված միջազգային հանրության կողմից ճանաչված երկրի սահմանների անձեռնմխելիության, բարեկեցության ստեղծման ու զարգացման գործընթացների հետ։

Ակնառու են հաշվարկվող փոքր ազգային ռեսուրսները (բնակչության քանակը, ազգի ներուժը, զբաղեցրած տարածքը, ռազմական հզորությունը, պետության ֆինանսական վիճակը), որոնք բավարար չեն եւ մեզ հնարավորություն չեն տա մոտ ապագայում միայնակ, սեփական ուժերով հաղթահարել ստեղծված բարդ իրավիճակը։

Այժմ Հայաստանի Հանրապետությունը խիստ կարիք ունի հենման կետի, մի հզոր եւ զարգացած պետության օգնության, որպեսզի մեր հայրենիքը պահպանվի եւ զարգանա։ 

Մեզ ռեալ կերպով կարող են օգնել միայն Եվրոպական Միությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Նշված երկու միություններն էլ ունեն զարգացած հզոր տնտեսական ու ռազմական պոտենցիալ, քաղաքակրթական բարձր մակարդակ, հումանիզմ եւ հարգանք դեպի միյուս ժողովուրդները, ինչի հետեւանքով շահերի համընկնման դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է ընդունել մեզ իր պետական կառույցի մեջ՝ որպես սուբյեկտ, որպեսզի պահպանվի մեր հայրենիքը։
Մեզ անհրաժեշտ է բացահայտ ու կոնկրետ պայմանագրով միավորվել նշված միավորումներից որեւէ մեկի հետ, ինչն ավելի արագ եւ ավելի ռեալ պայմաններ կառաջարկի միավորման եւ օգնության համար։

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված արտակարգ պայմանները (1․ թուրքական Ադրբեջանի ագրեսիան, 2․ պետության կայացման ժամանակի սղությունը, 3․ արտագաղթը, 4․ արտաքին օգնության սառած վիճակը, 5․ անվտանգության ապահովման հրատապությունը, 6․ ազգի համեստ ռեսուրսները, 7․ գործազրկությունն ու ժողովրդի վիճակը)՝ մենք պետք է միացյալ ուժերով, միայն հայ լինելու հիմքով, հայրենասիրության մղումով, առանց պաշտոններ ու աշխատավարձ պահանջելու, առանց անկարողներին մեղադրելու, հստակ, կոնկրետ քայլերով անհապաղ ազգին դուրս բերենք ստեղծված արտակարգ իրավիճակից։

Այժմ՝ ժողովրդավարության պայմաններում, մեր երկրի ճակատագիրը կախված է մեզնից, Հայաստանի բոլոր քաղաքացիներից: Հայ ազգը՝ ինքը պետք է որոշի իր գոյատեւման խնդիրը։ Այդ գործընթացը սկսելու համար մեզ հարկավոր է անցկացնել ազգային հանրաքվե, հետեւյալ հարցումով՝ «Համաձա՞յն եք, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ վարի ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ՝ հետեւյալ խնդրով․ «Հայ ժողովուրդը հանրաքվեի արդյունքով խնդրում է ՀՀ-ն ընդունել ձեր կենտրոնացված պետական կառույցում (միություն, դաշնություն)՝ անվտանգության եւ զարգացման ապահովման նպատակով՝ որպես սուբյեկտ, պահպանելով իր ազգային ինքնությունը, լեզուն եւ տարածքը»։

Հարցաթերթիկի պատասխանը՝ այո կամ ոչ։  

Դարերով պայքարած, իր ինքնությունը եւ գենետիկան պահպանած, ժամանակակից արժեքներ կրող ազգը, որի գրողները, կոմպոզիտորները, արվեստագետները տվել են կուլտուրայի շատ բարձրարժեք ստեղծագործություններ, որի կրթված անհատներն առանց դժվարության հասնում են պրոֆեսիոնալ զարգացման միջազգային մակարդակի, իրավունք ունի գոյատեւելու եւ հասնելու կայուն, զարգացած, բարեկեցիկ կյանքի։

Ներկայիս սերունդը պետք է դեն նետի իր թմրած վիճակը, տեր կանգնի իր երկրին եւ միացյալ՝ զորավիգ լինի հայրենիքին, ինչպես Սարդարապատում, որպեսզի մեր ազգը չդառնա տարագիր, ու ներկայիս սերունդը չհամարվի անպատասխանատու, մորթապաշտ եւ անճարակ։

Կարապետ ԼԱԶՈՒՐԻ
Քաղաքագետ