Որտեղի՞ց իմանանք, թե որտեղ ինչ թափուր հաստիք կա

Որտեղի՞ց իմանանք, թե որտեղ ինչ թափուր հաստիք կա

Քաղծառայության ինստիտուտը Հայաստանում հիմնովին փոփոխվում է: Դեռ նախկին իշխանությունների օրոք ընդունվեց նոր օրենք, որով սահմանված է, որ յուրաքանչյուր պետական մարմին ինքն է ընտրելու իր կադրերը։ Քաղծառայողներ համարվեցին նաեւ պաշտոնյաները, որոնք նախկինում չէին համարվում այդպիսին` ՍԴ-ի, ԲԴԽ-ի, Ազգային ժողովի աշխատակազմեր: 
Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որը չինովնիկական ապարատի կադրային համալրման գլխավոր պատասխանատուն էր, վերացվեց, եւ դրա փոխարեն ստեղծվեց քաղծառայության գրասենյակ, որն ավելի շատ մեթոդական հարցերով ու իրավական նախագծերի մշակմամբ է զբաղվում: Նախատեսված է, որ նոր իրավակարգավորումների փաթեթն ամբողջությամբ կգործի հոկտեմբերից: Իսկ այս պահին քաղաքացիները, որոնք ցանկանում են քաղծառայողներ դառնալ, չգիտեն որտեղից ինֆորմացիա ստանալ, թե ինչ կարգեր են գործում, քանի որ տեղեկացման կենտրոնացված համակարգը, որը վարում էր քաղծառայության խորհուրդը, վերացել է այս մարմնի լուծարման հետ: Ինչպե՞ս քաղաքացիները կարող են մասնակցել քաղծառայության մրցույթների: «Հրապարակի» հարցերին պատասխանեց քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը: 

- Պարոն Դավթյան, մարդիկ, ովքեր ուզում են քաղծառայող դառնալ, որտեղի՞ց կարող են իմանալ, թե պետական որ մարմիններում ինչ թափուր հաստիք կա: 

- Յուրաքանչյուր պետական մարմնի կայքում իրենց թափուր հաստիքների մասին հայտարարությունները դրվում են եւ առանց դրանք տեղադրելու չեն զբաղեցվում: Սա անցումային փուլի կարգավորում է, մինչեւ որ միասնական էլեկտրոնային հարթակը կմշակվի, որտեղ բոլոր թափուր հաստիքները տեսանելի կլինեն՝ եւ ոչ միայն հայտարարման պահից, այլ այն պահից, երբ թափուր կմնան: Վաղն այդ տեղեկատվությունն ավելի թափանցիկ կլինի, քան այսօր: 

- Բայց նախկինում կար ընդհանուր հարթակ, Քաղծառայության խորհրդի կայքում տեղեկատվություն էր տեղադրվում բոլոր մարմինների ազատ տեղերի մասին: Պատրաստի համակարգ էր, որը վերացվեց: 

- Ոչ, այն ժամանակ, երբ որ մրցույթը հայտարարում էին, քաղծառայության թերթում հրապարակվում էր, հետո այդ հայտարարությունը դնում էին խորհրդի կայքում:  

- Այո, բայց մարդիկ գիտեին այն մի տեղը, որտեղից կարելի էր ինֆորմացիա ստանալ: 

- Այնքան էլ այդպես չէ: Նախարարություններ կային, որ իրենց պաշտոնները հրապարակում էին իրենց թերթում` օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ ընդհանուր կայքում այդ հայտարարությունները չկային: Մենք այդ խնդիրը լուծելու համար այս մեխանիզմին ենք գնացել: 

- Ե՞րբ է գործելու այդ նոր միասնական համակարգը: 

- Քանի որ գնացել ենք ապակենտրոնացված համակարգի, հիմա անցումային փուլում ենք: Առաջիկա երկու ամսում մրցույթները դեռ կիրականացվեն ներկայիս տեսքով, բայց մինչեւ տարեվերջ հույս ունենք, որ նոր համակարգը կներդրվի: Այստեղ, ավելի շուտ, ծրագրային խնդիրներ կան: Ընդհանուր օրենսդրությունն ու կարգավորումները պատրաստ են: Բայց մարմինները պետք է անցնեն գնահատման, դասակարգման նոր մեխանիզմի, ու այդ ժամանակ արդեն կկարողանանք մրցույթները հայտարարել: 

- Իսկ հիմա եթե մրցույթները համակարգված չեն, պետծառայողների նախկին դասային աստիճանները պահպանվո՞ւմ են: 

- Այո․ դասային աստիճանները մրցույթների համակարգվածության հետ կապ չունեն: Քաղծառայողները, ովքեր ունեն իրենց դասային աստիճանները, դրանք պահպանում են: Այն քաղծառայողները, որոնք որ դասային աստիճանների համար աշխատավարձ էին ստանում, շարունակում են ստանալ: Հայտարարությունների կենտրոնացված հրապարակումն է, որ համակարգված չէ, բայց առանց հայտարարության որեւէ պաշտոն չի զբաղեցվում: Այդ տեղեկատվությունը գրասենյակը, մրցույթն անցկացնելուց հետո, ստանում է մարմիններից: Նշանակումներն ուսումնասիրում ենք, եւ եթե եղել են մարդիկ, ովքեր նշանակվել են առանց օրենքի պայմաններին բավարարելու, նրանց պայմանագրերը չեն կնքվում, եւ տվյալ մարմինը նորից մրցույթ է հայտարարում: 

- Քաղծառայության օրենքը հիմա գործո՞ւմ է, թե՞ ոչ: 

- Իհարկե, գործում է: Եթե չգործեր, այսքանը մենք չէինք կարողանա ապահովել: Քաղծառայության օրենքը գործում է, դրանից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերն ընդունվել են: Մեծ մասը գործում է: Մի մասը  պետք է ավելի ուշ գործի: Նշված է ժամկետ` հոկտեմբեր: Հուսանք, որ մինչեւ հոկտեմբեր կհասցնենք: Ծրագիր ենք ստեղծում, որի նախատիպն աշխարհում ոչ մի տեղ չկա: Անցում ենք անում էլեկտրոնային քաղծառայության համակարգին: 

- Բայց մարդիկ գլուխ կհանե՞ն դրանից: Հե՞շտ է լինելու դրանից օգտվելը: 

- Շատ: Ե՛վ քաղաքացիների համար է հասանելի լինելու, ե՛ւ կադրային ստորաբաժանման աշխատողների: Յուրաքանչյուրն իր անելիքն ունենալու է: 

ՀԳ. Այս նոր, չտեսնված ծրագրին սպասելիս, ապագա քաղծառայողներն ամեն օր պետք է սերտեն ՀՀ մի քանի տասնյակ պետական մարմինների կայքերը՝ պիտանի տեղեկություններ որսալով եւ տագնապելով, որ մինչեւ հոկտեմբեր քաղծառայության բոլոր նոր հաստիքները զբաղեցված կլինեն պետական մարմինների ղեկավարների, նրանց մոտիկների եւ մոտիկների մոտիկների, բարեկամների կողմից, իսկ մրցույթներին դիմելը կրկին ձեւական կլինի, ինչպեսեւ նախկինում էր: