Դպրոցն ինչպե՞ս 54 քմ մակերեսի վրա 20 աշակերտ տեղավորի, եթե չունի այդքան դասասենյակ

Դպրոցն ինչպե՞ս 54 քմ մակերեսի վրա 20 աշակերտ տեղավորի, եթե չունի այդքան դասասենյակ

Երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ուսումնական հաստատություններում ուսգործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին եւ ավագ) մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախելու սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվելու է համաձայն ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված ուղեցույցի։ 

Ըստ ուղեցույցի, օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ դպրոցի բուժքույրի ներգրավմամբ, դպրոցի աշխատակիցների համար կազմակերպվելու եւ իրականացվելու են դասընթացներ, որի շրջանակներում սովորեցնելու են «ձեռքերի հիգիենա, շնչառական էթիկա, անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները»։ 

Դպրոց մտնելիս կազմակերպվելու են սովորողների ջերմաչափում եւ ձեռքերի ախտահանում: Դպրոցում սովորողները պարտադիր կրելու են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ: Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակը, իսկ դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվելու են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Աշակերտները դասին մասնակցելու են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվելու է: Նաեւ արգելվելու է տետրեր օգտագործելը գրավոր աշխատանքների համար: Դրանք կազմակերպվելու են թերթիկների վրա: Իսկ սովորողների գնահատումը կատարվելու է էլեկտրոնային մատյանում: Դպրոցական բուֆետներն ու ճաշարանները չեն գործելու, դրանք կազմակերպվելու են դասասենյակում՝ չոր սննդի տարբերակով։

Համաձայն ուղեցույցի, դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով: Սովորողների միաժամանակյա հոսքը կարգավորելու նպատակով, դպրոցը կարող է սահմանել երկհերթ ռեժիմ։ Դասացուցակն անհրաժեշտ է կազմել այնպես, որ դպրոցում անցկացվող դասերը լինեն, օրինակ, ամսվա առաջին եւ երրորդ շաբաթների, իսկ ինքնուրույն աշխատանքը՝ երկրորդ եւ չորրորդ շաբաթների ընթացքում:

Դասարանների կոմպլեկտավորումը եւ կահավորումը կատարվելու են՝ ելնելով մի քանի սկզբունքից․ դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը լինելու է 20-ը: 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը բաժանվելու է 2 խմբի: Մինչեւ 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նվազագույնը 54 քմ մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում եւ բացօթյա տարածքներում։ Իսկ մինչեւ 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նվազագույնը 42 քմ մակերեսով դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում եւ բացօթյա տարածքներում:

Դպրոցներում արգելվում է նաեւ զանգվածային միջոցառումների իրականացումը, ժամանակավորապես դադարեցվելու են երկարօրյա ծառայությունները, ինչպես նաեւ՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը:

Ինչ վերաբերում է ավագ սերնդի ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի, ներառյալ` 65 եւ բարձր տարիքի ուսուցիչները` անկախ առողջական վիճակից, կարող են ընտրել գործունեության 3 տարբերակ․ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցներով, աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով կամ չներկայանալ աշխատանքի: 

Թեպետ նախարարությունից ասում են՝ ինչքան ժամ ունի ուսուցիչը, այդքանն էլ անցկացնելու է, բայց ուսուցիչներից շատերը կարծում են, որ ծրագրային մասը տուժելու է, թեմաները պետք է խտացվեն, որովհետեւ, եթե աշակերտը շաբաթը 3 անգամ է գալու դպրոց (քանի որ դասարանները կիսվում են), ապա ուսուցիչները պետք է կարողանան նրանց ապահովել նախկին 5-օրյա դասապրոցեսի նյութը։ 

Հերթափոխով տարբերակը ֆինանսապես կայացած դպրոցներին է ձեռնտու, իսկ դպրոցներից շատերին ավելի հարմար է 6-օրյա աշխատանքային ռեժիմը։ Ամեն դեպքում, ընտրությունն այս պարագայում թողնվել է դպրոցներին։ Մասնավորապես, հերթափոխով տարբերակի դեպքում ուսուցիչների ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածության խնդիրն է առաջ գալիս, որովհետեւ երկհերթի դեպքում նշանակում է, որ ուսուցիչն առավոտից մինչեւ երեկո պետք է դպրոցում լինի, իսկ 6-օրյա աշխատանքային ռեժիմը թույլ կտա ուսուցչին մի քիչ շուտ ավարտել աշխատանքը։ 

Մեկ այլ խնդիր՝ կապված դասասենյակների հետ․ օրինակ, վաղ կառուցված դպրոցների ամենամեծ դասասենյակի մակերեսը չի գերազանցում 55 քառակուսի մետրը, որից դպրոցներում կա միջինը 3 հատ, ոչ ավելի։ 42 քառակուսի մետր չափի դասասենյակներ նույնպես քիչ կան դպրոցներում, առավելագույնը 36 քառակուսի մետր տարածքներ են, որտեղ պետք է փորձեն 10 հոգի տեղավորել։ Մանկավարժների կարծիքով, արժեր մակերեսների պահը չֆիքսել, որը դպրոցների համար պահպանելը դժվար է լինելու։ Իսկ միջանցքում անցկացված դասի արդյունավետությունը խիստ կասկածելի է, քանի որ ձայնի արձագանքումը թույլ չի տա նորմալ դաս անցկացնել։ 

Բացի այդ, ռիսկային խմբի ուսուցիչներին տրվող ընտրության լայն հնարավորությունը ոչ ռիսկային խմբում գտնվող ուսուցիչների սրտով չէ, քանի որ շատ ուսուցիչներ շատ ձեռնտու վիճակում են հայտնվելու եւ վարձատրվելու են առանց աշխատելու, դիցուք՝ երկարօրյայի ծառայությունը թեպետ դուրս է գալու դասացուցակից, սակայն մասնագետը չի ազատվելու եւ վարձատրվելու է դրա դիմաց։ Նույնը՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող ուսուցիչների դեպքում, ովքեր իրենց աշխատավարձը կստանան առանց աշխատելու։ 

Նախարարության ներկայացրած ուղեցույցը ոգեւորությամբ չի ընդունվել` դատելով հենց նախարարության ֆեյսբուքյան էջում տեղ գտած մեկնաբանություններից։ Օրինակ, օգտատերերից Նաիրա Մելքոնյանը գրել է․ «Հարգելի ԿԳՄՍՆ, ո՛չ խաչաձեւ, ո՛չ էլ սեղանի հակադիր ծայրերում նստեցումը 1,5 մ հեռավորություն չի ապահովի։ Դասասենյակները փոքր են։ Դիմակներ կրելը ոչ միայն չի պաշտպանի կորոնավիրուսից (մանավանդ որ դիմակ մեծերն են սխալ կրում, էլ ինչ խոսենք փոքրերից), այլեւ կառաջացնի տարբեր հիվանդություններ, բացի այդ, հնարավոր չէ դիմակով դաս պատասխանել, գրել կամ ինչ-որ բան հասկանալ։ Ուսուցումն այսպես որակ չի կարող ապահովել, ուղղակի վտանգվելու է երեխաների, ուսուցիչների ու ծնողների առողջությունը։ Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է վերանայել այս որոշումը։ Հեռավար կրթությունը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է ավելի արդյունավետ լինել եւ թույլ տալ խուսափել տարաբնույթ վտանգներից։ Ի վերջո, չմոռանանք, որ աշնանը շնչառական վարակներն ավելի շուտ են տարածվում»։

Օգտատերերից Մարինե Գասպարյանն էլ հետաքրքրվել է, թե արդյոք այս ուղեղույցը մշակվել է մասնագետների՞ կողմից․ «Ովքե՞ր են սրա հեղինակները։ Ի՞նչ է նշանակում, թե երեխային դասամիջոցին բանտարկելու են սենյակում։ Մտածո՞ւմ եք գոնե, թե ինչ եք գրում։ Երեխայի մեջ կուտակված ագրեսիան ո՞վ է զսպելու։ Ձեր այս չմտածված քայլերով վտանգում եք ե՛ւ երեխայի, ե՛ւ ուսուցչի առողջությունը։ 6-օրյա դպրոցը ո՞րն է։ Մտածե՞լ եք երեխաների հանգստի մասին։ Դիմակով դասարանում առանց ընդմիջման երեխաներին փակելու իրավունք ձեզ ո՞վ է տվել։ Քննարկե՞լ եք ծնողների հետ այս ամենը։ Ուսուցչին հարցրե՞լ եք, թե ինքը պատրա՞ստ է կատաղած երեխաների հետ աշխատելու, դիմակների հոգսը քաշելու, զուգահեռաբար դիմակով դաս բացատրելու եւ պահանջելու, որ երեխան լսի իրեն։ Վստա՞հ եք, որ դիմակով դաս պատմող ուսուցչին երեխան կարողանալու է ընկալել։ Դպրոցը պետք է բացվեր միայն առաջին դասարանցիների համար։ Մնացածին պետք է առաջարկվեր հեռավար ուսուցում»: