Գործընթացը համաձայնեցվա՞ծ է

Գործընթացը համաձայնեցվա՞ծ է

Չնայած փորձագիտական որոշ շրջանակների պնդումների, թե հարկ է բողոքի նոտա հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ստեփանակերտում Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ գումարելու կապակցությամբ, պաշտոնական Բաքուն, կարծես, որդեգրել է լուռ համաձայնության կեցվածք: Համենայն դեպս, ոչ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ոչ, մանավանդ, նախագահի աշխատակազմն առ այս պահը չեն արձագանքել վարչապետ Փաշինյանի արցախյան այցին, գումարված ԱԽ նիստին եւ այդ ընթացքում հնչած ելույթներին: Իրողությանը գնահատական չեն տվել նաեւ միջնորդները:

Դա թույլ է տալիս ենթադրել, որ Ստեփանակերտում անցկացված քաղաքական խորհրդատվությունները համաձայնեցված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց միջոցով՝ նաեւ Ադրբեջանի հետ: Այսինքն, կարգավորման գործընթացում առաջացել է իրավիճակ, երբ կարիք կա, որպեսզի հայկական կողմերը ճշգրտեն մոտեցումները եւ հետագա հանդիպումներին ներկայացնեն կոնսոլիդացված տեսակետ: Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը նույնիսկ ենթադրում է, թե հայկական երկու հանրապետությունների քաղաքական վերնախավի համատեղ քննարկումները կարող են նշանակել, որ Ստեփանակերտը վարչապետ Փաշինյանին լիազորում է Ադրբեջանի նախագահի հետ ենթադրվող հանդիպմանը հանդես գալ նաեւ իր անունից: Ճիշտ է, ԱԽ համատեղ նիստի բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը վերստին պնդել է, որ բանակցություններում Արցախը պետք է ներկայացնեն նրա ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, բայց նաեւ ասել է, որ դա նախապայման չէ, այլ՝ լեգիտիմության հարց:

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, նա որոշակիորեն կոնկրետացրել է հավանական քննարկումների թեման՝ ասելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած՝ կարգավորման երեք սկզբունքները եւ կից տարրերը չպետք է տարընթերցման տեղիք տան, ուստի Ադրբեջանի նախագահի հետ հարկ կլինի պարզաբանել դրանք: Կարելի է հասկանալ, որ հայկական կողմի համար կարեւոր է, թե Ադրբեջանում ինչպե՞ս են հասկանում կամ մեկնաբանում ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իսկ տեսակետ հնչեցրել է, որը, բնականաբար, հայկական կողմին չի բավարարում:

Ի՞նչ ընդհանուր հայտարարի են եկել այս կապակցությամբ Ստեփանակերտում՝ հնարավոր կլինի դատողություններ անել նիստի մասնակիցների հետագա պարզաբանումների առկայության դեպքում: Էականն այն է, որ Ստեփանակերտում արձանագրվել է բանակցություններին հայկական կողմի կառուցողական մասնակցության պատրաստակամությունը: Նույն կարգի քննարկումներ արվու՞մ են Բաքվում: Պատարստակա՞մ է, արդյոք, Իլհամ Ալիեւը մեկնաբանելու ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն այնպես, ինչպես որ դրանք ամրագրված են Հելսինկիի եզրափակիչ ակտում:

Տպավորություն է, որ ներքին լսարանի համար ընտրված հռետորաբանությունը զուտ քաղաքական հնարք է, եւ Ադրբեջանի նախագահն իրական բանակցային ռեժիմում կարող է ավելի ընկալունակ գտնվել: Հակառակ պարագայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարող է ստեղծել փակուղային իրավիճակ՝ դրանից ածանցվող սրացումներով հանդերձ: Միջնորդներն ունե՞ն նման իրավիճակում հակամարտությունը կառավարելի պահելու գործիքակազմ: