Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: 

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը. 
• առաքելության` տեղում իրավիճակը  գնահատելու, 
• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք  հասցնելու հնարավորությունը,
• ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի,  համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:  Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է: 

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն  է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով  գտնել լուծումներ: 
Նախարարն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը`  իրադարձությունների զարգացման  մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: