Ինչպես քանդել հիվանդանոցը կամ տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը

Ինչպես քանդել հիվանդանոցը կամ տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը

«Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնը միշտ բարձր է պահել բժշկական հանրության պատիվը՝ ինչպես 1988թ. երկրաշարժի օրերին ընդունելով եւ բուժելով աղետից տուժածներին, այնպես էլ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։ 2020թ. մարտի 20-ին կենտրոնը վերապրոֆիլավորվեց որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն եւ 1 օր անց արդեն ընդունեց 19 հիվանդի:

Ի պատիվ կոլեկտիվի, աշխատանքը կազմակերպվեց ճիշտ ու որակով: Գոնե այդպես էր առաջին 2 ամիսներին: Իսկ հետո, չգիտես ինչու, իշխանությունը չհիշեց հին ասացվածքը` ճանապարհի կեսին ձիերին չփոխելու մասին, եւ մայիսին կենտրոնում նշանակվեց նոր տնօրեն՝ տնօրենի ԺՊ: Թողնելով մարդկային որակների եւ կրթության կամ դրա բացակայության հարցը (ԺՊ-ն ավարտել է ինչ-որ կոոպերատիվ բուհ), արձանագրենք, որ աշխատանքային գործունեությունը սահմանափակվել է չգրանցված դեղեր ներկրելով․․․ հարցրեք ցանկացած օրթոպեդ-վնասվածքաբանի, եւ նա ձեզ կասի, թե ով էր Ս. Մանուկյանը մինչեւ կորոնավիրուսը: Անդրադառնանք նրա աշխատանքին․

1. Տնօրենի ԺՊ-ն առաջին հերթին արգելափակոց դրեց, եւ բոլոր հին աշխատողների մեքենաները մնացին դրսում, փոխարենը ներսում հայտնվեցին նրա հետ եկածների մեքենաները:

2. Չունենալով ադմինիստրատիվ աշխատանքի ունակություններ եւ գաղափար բուժական գործից՝ սկսեց խանգարել կենտրոնի բնականոն աշխատանքը, որի արդյունքում սկսվեցին դեղորայքի, անհատական պաշտպանիչ միջոցների, բժշկական պարագաների մատակարարման խափանումներ եւ գուցե նաեւ դրա արդյունքում՝ մահեր:

3. Ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կենտրոնից տարան նոր ստացած կարդիոսոնոգրաֆիայի, նոր շարժական ռենտգենի սարքը, չի աշխատում նոր ստացված թվային ռենտգեն սարքը, որը, հանկարծ պարզվեց, պատկանում է այլ բուժհիմնարկի:

4. Հայտնվեցին չգրանցված աշխատողներ կամ չաշխատողներ` տնօրենի մերձավորներ, ովքեր մտնում են բոլոր սենյակները, այդ թվում՝ հաշվապահություն, եւ ներկայանալով որպես «տնօրենի մարդիկ»՝ տարբեր տեղեկություններ են հայթայթում, փորձում թելադրել իրենց կամքը, այդ թվում՝ ֆինանսական եւ բուժական հարցերում: Նրանք 4-5 հոգի են, նրանց մշտապես կարելի է տեսնել բակում, ադմինիստրացիայում կամ հաշվապահությունում:

5. Տնօրենի ԺՊ-ն պատվից ցածր է համարում ընդունել աշխատողներին, եւ նրա մոտ մտնելը դարձել է անհնար:

6. Առաջին իսկ օրերից սկսվեց կադրային ջարդ` գործից ազատեցին բուժական գծով փորձառու տեղակալին, տնտեսական գծով տեղակալին` ազատամարտիկ, ով վերջին 2 ամսում հիվանդներին ապահովել էր անհրաժեշտ ամեն ինչով։ Արձակուրդ ուղարկեցին գլխավոր հաշվապահին, պատրաստվում են հեռացնել բոլոր կենսաթոշակառուներին, այդ թվում՝ նրանց, ովքեր մնացել եւ աշխատել են այս օրերին` պայքարելով կորոնավիրուսի դեմ: Պատրաստվում են աշխատանքից ազատել Բժշկական համալսարանի շուրջ 70 կամավորների` կաթվածահար անելով կենտրոնի աշխատանքը:

7. Հայտնվեց նոր պաշտոն` գլխավոր քույր, որի հարազատ քույրն այլ բուժհաստատությունում գլխավոր քույր է: Եվ նոր գլխավոր քույրը, իրեն զգալով որպես տնօրենի վստահված անձ, բժշկական էթիկան ոտնահարելով՝ փորձում է պատմաթերթիկ գրելու դասեր տալ տասնյակ տարիների ստաժավոր բժիշկներին:

Այսպիսով մարդիկ բաժանվեցին մերոնց եւ ձերոնց: Նորերին կարելի է ամեն ինչ, հներին՝ ոչինչ: ԺՊ-ի թեթեւ ձեռքով շնորհակալագրերի չարժանացան նախկին տնօրենը եւ համաճարակաբանը, ովքեր զօրուգիշեր եղել էին պայքարի կիզակետում: Հնարավոր չէ թվարկել բոլոր արարքները, ուղղակի հարց է առաջանում՝ այս արտակարգ վիճակում կորոնավիրուսի դեմ պայքարող կենտրոնում ինչի՞ կբերեն նորեկի ոչ պրոֆեսիոնալիզմը եւ ուրիշների հաշվին ինքնահաստատվելու ձգտումը` գուցե նոր մահերի կամ եւս մեկ փակված բուժհիմնարկի:

Հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի մեղավոր` ժամանակավոր պաշտոնակատա՞րը, որ չի գնահատել իր ուժերը եւ ուժ չի գտել հրաժարվելու գայթակղիչ առաջարկից, թե՞ նրան այդ պաշտոնում նշանակողը, ով պարտավոր էր իմանալ, որ արտակարգ դրության ժամանակ պետք է ընտրել ոչ թե հարազատ-ընկեր կարգով, այլ գիտելիքներով, կառավարման փորձով ու նվիրումով աշխատելու կարողությամբ»:

Կենտրոնի աշխատակիցների կարծիքն արտահայտող այս տեղեկատվությունը ճշտելու համար զրուցեցինք տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Մանուկյանի հետ։ Կարդիոսոնոգրաֆիայի, նոր շարժական ու թվային ռենտգեն սարքերի հետ կապված՝ նա զարմացավ՝ էդ ո՞վ ա տենց բան գրել, ապա պարզաբանեց, որ հիվանդանոցում տարբեր սարքերի ընդհանուր հոսք եւ արտահոսք կա․ «Որտեղ կարիքը լինում է, տեղափոխվում է այնտեղ․․․ մենք ունենք կարդիոլոգ, ունենք կոնսուլտացիաներ կազմակերպելու հնարավորություն, ինչի կարիք ունենում ենք, նախարարությունը ստեղծում է։ Մենք ունեինք թթվածնի խնդիր, էս պահին լուծում ենք, գեներատոր ենք միացնում, էդ ամեն ինչն արվում է, ու այդ կարդիոսոնոգրաֆը շատ փոքր բան է՝ համեմատած գեներատորի հետ»։ Կենտրոնի տնօրենի խոսքով՝ երբ ինչ-որ սարքերի ավելցուկ է լինում, կարող են եւ դրանք փոխանցել Covid բուժող այլ հիվանդանոցների, որոնք դրա կարիքն ունեն։ Ինչ վերաբերում է նոր շարժական ռենտգեն սարքի չաշխատելուն, ասաց․ «Չի՞ աշխատում․ լավ, էլի, եկեք ստեղ, կզրուցենք, այդ սարքն էլ, ամեն ինչն էլ ցույց կտամ»։

ԲԿ-ի մոտ տեղադրված «շլագ- բաումի» հետ կապված էլ ասաց, որ  ավտոնակայանատեղիի տարածքը սահմանափակ է, արգելափակոցը դրվել է, որպեսզի դրսից մեքենաներ չկայանեն, որ շտապօգնության մեքենաները կարողանան մոտենալ։ «Ինքս եմ կարգադրել, առաջ բոլոր մեքենաները գալիս էին, ընդունարանի դիմաց կայանում։ Ընդամենը այդ ընդունարանի դիմացն ազատվել է»։ Չգրանցված ու չաշխատող մարդկանց մասին էլ, որոնք ներկայանում են որպես «տնօրենի մարդիկ», լուծում են տարբեր, այդ թվում՝ բուժական հարցեր, Սերգեյ Մանուկյանն ասաց․ «Բուժական ստեղ ոչ ոք չի կարող կարգադրի, մենք ունենք բուժական գծով փոխտնօրեն, որը նախկին տնօրենն է»։ Աշխատակիցներին էլ՝ «բոլորին ընդունում եմ»։ Ինչ վերաբերում է կրթությանը, թե կոոպերատիվ բուհ է ավարտել, ապա․ «Իմ կրթությունը բավարարել է, խնդրում եմ՝ եկեք այստեղ, կզրուցենք, եթե պետք է՝ համապատասխան մարմինների ներկայությամբ»։

Հարցրինք նաեւ, թե այդ ինչ «գլխավոր բուժքույր» է, որ փորձառու բժիշկներին փորձում է պատմաթերթիկ լրացնել սովորեցնել։ «Բայց գլխավոր բուժքույրն ի՞նչ է արել, մենք փորձի փոխանակում ենք անում, ես էլ կարող եմ կանգնել․․․ չեմ հասկանում այդ հարցի իմաստը։ Եթե ես տեսնեմ, որ քույրը բժշկին ինչ-որ բան է սովորեցնում, անձամբ կձեռնարկեմ միջոցներ, որպեսզի կանխեմ, եւ դա չլինի։ Բուժքույրն իրավունք չունի բժշկին ցուցում տալու բժշկական հարցերով»,- պատասխանեց Մանուկյանը։