Դուրյանի քանդակի հետքերով 

Դուրյանի քանդակի հետքերով 

Երեւանում` Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի տարածքում կտեղադրվի հայ խորհրդային դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին։ Համապատասխան որոշումը նախօրեին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում։ Հիշեցնենք, որ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ֆրանսիայի արվեստների եւ գրականության շքանշանի ասպետ, պարգեւատրվել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Մովսես Խորենացի» մեդալով։ Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100 նվագախումբ: 1999-2002թթ. եղել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը։  

Կիսանդրու լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո  քննարկման ու քննադատությունների ալիք բարձրացրեց: Ինչ վերաբերում է Դուրյանի կերպարին, ապա սյուների վրա բարձրացող Դուրյանի դեմքը եւ օդում չափ տվող նրա մատներն ակնհայտորեն նման են Առնո Բաբաջանյանի արձանին՝ հատկապես ձեռքերի հատվածում, որը շատերի կողմից պլագիատ որակվեց։  

Կիսանդրու հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է, ով նաեւ հեղինակել է Օհան Դուրյանի՝ պանթեոնում տեղադրված կիսանդրին։ Քանդակագործին մի քանի հարց ուղղեցինք քանդակի մասին։ «Քանի դեռ չեմ վերջացրել, ոչ մի բան չեմ ուզում մեկնաբանել։ Կվերջացնեմ, նոր կասեմ՝ ինչ է, ինչ չէ․․․ հիմա դեռ ընթացքի մեջ է»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ արձանը 2 նյութից է լինելու՝ քար եւ բրոնզ, բարձրությունը՝ 2 մետր 90 սմ։ Թե մասնավորապես օպերային թատրոնի որ հատվածում է տեղադրվելու, ասաց․ «Սպենդիարյանի գերեզմանի մոտ»։ 

Մեր այն հարցին, թե շատերը նմանեցնում են Առնո Բաբաջանյանի արձանին, հատկապես ձեռքերի լուծման հարցում, ասաց․ «Դե, ասում են՝ դուք էլ ասեք, որ նման է․․․ հիմա չեմ ուզում ոչինչ պատասխանել, կվերջացնեմ՝ նոր»։ Հնարավո՞ր է ընթացքում արձանը փոփոխություններ կրի։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց նա։

Ի՞նչ սկզբունքով է ընտրվել իր նախագիծը, մրցույթ հայտարարվե՞լ է, թե՞ ոչ։ Բաղդասարյանը նշեց, որ այն մրցույթով չի ընտրվել, այլ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ արձանի ստեղծումը վերապահվել է իրեն։