Ով է պատասխանատու աղբավայրի հրդեհի համար
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՊՈԱԿ-ը կիրակի գիշերը բռնկված հրդեհն իր ռեսուրսներով չի կարողացել մարել, թեեւ 11 մեքենա ներգրավված է եղել այդ աշխատանքներում: Քանի որ նախապես կանխարգելիչ աշխատանքներ չեն կատարվել, կա՛մ էլ ռիսկերը ճիշտ չեն գնահատել։ Ժամեր շարունակ անիմաստ փորձեր կատարելուց հետո քաղաքապետարանն արդեն երեկոյան ժամը 7-ի սահմաններում դիմել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը։ Մինչ այս պահը 73 փրկարար է աշխատել Երեւանիաղբավայրում, սակայն հրդեհն ամբողջությամբ մարել չի հաջողվել։
«Օգոստոսի 11-ին ժամը 19։18-ին «Նոր աղբավայրեր» ՓԲԸ տնօրենից ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ մոտ 3 հա մակերեսով տարածքում այրվում է աղբ։ Օգոստոսի 13-ին ժամը 01։43-ին հրդեհի երկու օջախ մեկուսացվել է։ Օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 14։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 17 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը (73 փրկարարական ծառայող)»,-հայտնեցին ՆԳՆ լրատվականից։
ՀՀ ՏԿԵՆ նախարարի 2024 մայիսի 8-ի N 07-Ն որոշման համաձայն աղբավայրի տարածքի հսկողությունը դրված է շահագործողի վրա, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի վրա։ Որոշման համաձայն՝ աղբավայրի տարածքում հրդեհների կանխարգելման կամ արդեն բռնկված հրդեհի օջախների արագ հայտնաբերման եւ չեզոքացման, աղբավայրի արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով, այն շահագործողի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն: Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով այն իրականացվում է աղբավայրի հարակից տարածքում, կողմնակի անձանց համար անհասանելի վայրում տեղադրված տեսահսկման համակարգի միջոցով:
«Հրապարակ»-ը հարց ուղղեց Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Վահե Հովհաննիսյանին, թե` ո՞վ է հրդեհի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Նա պատասխանեց. «Քամին» եւ բացատրեց` քամու ուժգնությունն այնքան մեծ է եղել, որ հրդեհի բռնկումն անկառավարելի է դարձել։
Կարծիքներ