Պատերազմի առիթն օգտագործելով՝ խորհրդային Ադրբեջանը էթնոցիդ է իրականացրել

Պատերազմի առիթն օգտագործելով՝ խորհրդային Ադրբեջանը էթնոցիդ է իրականացրել

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության փոխտնօրեն Միխայիլ Գուսմանն օրերս տեսակապով հարցազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, որի ժամանակ վերջինս կրկին ակտուալացրել է ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ հաղթանակին Ադրբեջանի «ծանրակշիռ ներդրման» թեման: Փաստերը, սակայն, այլ իրողություն են երեւան հանում:

Խորհրդային պատմագիտության մեջ ընդունված է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ադր. ԽՍՀ-ից գործող բանակ է զորակոչվել 600 հազար հոգի, երբ հանրապետության բնակչությունը 3,4 միլիոն էր: Զորակոչվածներից շուրջ կեսը զոհվել է: Արտառոց է, սակայն, որ զոհվածների մեջ ադրբեջանցիների թվաքանակը կազմում է 58,4 հազար: Դա այն դեպքում, երբ ընդհանուր բնակչության գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանցիներն էին արդեն կազմում՝ համաձայն ԽՍՀՄ 1939թ. մարդահամարի պաշտոնական տվյալների:

Ստացվում է, որ խորհրդային Ադրբեջանի իշխանությունները զորակոչի պահանջը բավարարել են ի հաշիվ հանրապետության ազգային փոքրամասնությունների: Այսինքն, փաստացի իրականացրել են էթնոցիդի քաղաքականություն, ինչը կարելի է ապացուցել Լեռնային Ղարաբաղի օրինակով, որտեղից  ռազմաճակատ է ուղարկվել արական բնակչության ավելի քան 60 տոկոսը: Ի դեպ, ըստ ադրբեջանցի պատմաբան Էլդար Իսմայլովի, գերմանական գերության մեջ ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 50 հազար: Ահա այսպիսին է չոր վիճակագրությունը, որի դեմ ՏԱՍՍ-ի վարձահրավիրվածությունն անզոր է: