Եթե հանգստյան գոտու տնօրինությունը չհրաժարվի արջերից, կդիմենք ոստիկանություն

Եթե հանգստյան գոտու տնօրինությունը չհրաժարվի արջերից, կդիմենք ոստիկանություն

Միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Ըստ հրապարակման՝ կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։

Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ միասին (IAR) իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում պատրաստ է նոր՝ ավելի լավ պայմաններով ապաստարանում ընդունել այս երեք արջերին և կազմակերպել վերջիններիս համար պատշաճ մասնագիտական խնամք, սակայն «Resort MJA» տնօրինությունը հրաժարվում է նշված առաջարկից։ 

«Հրապարակի» հետ զրույցում «Resort MJA»-ի ներկայացուցիչը չցանկացավ երկար խոսել, միայն նշեց, որ շրջանառվող տեղեկությունները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, իրենք շուտով հանդես են գալու պաշտոնական հայտարարությամբ, որտեղ տեղ են գտնելու բոլոր հարցերի պատասխանները։

«Հայտարությունը կլինի, կկարդաք, կծանոթանաք իրական պատմությանը։ Մենք էլ խնդրում ենք՝ մնացած ստահոդ տեղեկություններին մի հավատացեք»,- նշեցին Սիսիանի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտուց։

Փոխարենը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն՝ Մարիամ Տաշչյանը պնդում է՝ իր համար անհասկանալի է՝ Սիսիանի հանգստյան գոտուց ինչն են հերքում։

«Ինձ կասե՞ք՝ ինչն են հերքում։ Ես անձամբ եմ այցելել այստեղ, անձամբ եմ զրուցել տնօրենի հետ և ինքը հայտնել է , որ կենդանիներին սննդային մնացորդներով են կերակրում։ Մենք նաեւ ձայնագրություններ ունենք, այսինքն՝ հասկանում եք, որ անհնար է հերքել մի բան, որը ձայնագրված է»,-նշեց Տաշչյանը։

Նրա խոսքով՝ իրենք նաեւ տեսագրություններ ունեն, որոնք ցույց են տալիս արջերի ատամների սարսափելի վիճակը, ինչը, ըստ Տաշչյանի, կրկին կապված է սխալ սննդակարգի, սթրեսի մեջ գտնվելու և դրանով պայմանավորված վանդակները կրծոտելու հետ։

«Հիմա ատամները այդ վիճակում են, այսինքն՝ պատկերացրեք , որ նրանք հետագայում չեն կարողանալու նորմալ սնվել։ Մարդն էլ, որ ատամի խնդիրներ է ունենում, սնվելուց բնականաբար դժվարություններ ունենում է»,- ասաց Տաշչյանը ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն նկատում է՝ վերահսկող մարմինը իրականում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է, որը , ըստ Տաշչյանի, ինչ-որ չափով թերանում է իր աշխատանքում ավելի կոշտ դիրքորոշում չունենալու համար։

Մարիամ Տաշչյանը հավելեց, որ եթե հանգստյան գոտու տնօրինությունը այդպես էլ շարունակի չհրաժարվել արջերից, իրենք պատրաստ են դիմել ոստիկանություն կամ նույն բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։