Մահացել է Գերման Ավագյանը

Մահացել է Գերման Ավագյանը

ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր մահացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նախնական տեղեկություններով մահվան պատճառը սրտի կաթվածն է: Մահվան ժամանակ Ավագյանը տանն է եղել:

Նշենք, որ Գերման Ավագյանը ծնվել է 1961թ-ի դեկտեմբերի 12-ին: 

1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։

Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը:

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Գերման Ավագյանի ցուցահանդեսները

Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
«Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ.
«Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ.
«Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
«Կատակողների դպրոցը», Երևան
Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ.
«Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ.
Միջազգային բիեննալե, Գյումրի
ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ.
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
«Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
«Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ.
Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.
«Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա