5 հազար տարեկան կնիքներ են հայտնաբերվել

Իրանի արեւմտյան հատվածում հայտնաբերվել են 4 հազար միավոր հնագույն ժամանակների կնիքներ, որոնց տարիքը 5 հազար տարի է։ Դրանք եղել են վաճառականների կնիքներ։ Հնագետները կարծում են, որ հնավայրը, որտեղից հայտնաբերվել են կնիքները, կարող է կարեւոր վարչական կենտրոն եղած լինել։ Կնիքները հայտնաբերվել են 1998 թվականին բացված Թափե-Թելենե հնավայրում, որը 2003 թվականից համարվում է իրանական ազգային ժառանգության մաս։ Հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ կավե կենդանիների պատկերով արձանիկներ, կերամիկայի մնացորդներ, դռների կավե փականներ։
Գտածոները պատկանում են էլամական պատմական շրջանին։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հին էլամցիները ՔԱ 4-րդ հազարամյակի վերջերին ակտիվ տնտեսական, առեւտրային եւ մշակութային կապեր են ունեցել Միջագետքի եւ այլ ռեգիոնների հետ, որոնք ներկայումս մտնում են ժամանակակից Իրանի տարածքի մեջ։ Հայտնաբերվել են նաեւ առարկաներ, որոնց օգնությամբ կատարվել են հաշվարկներ։ Սա, ըստ հնագետների, վկայում է այն մասին, որ հնագույն այդ ժամանակներում, որը նախորդել է գրերի ի հայտ գալուն, զարգացած է եղել թվային համակարգը։
Կարծիքներ