Մի «դավաճանի» պատմություն կամ` ինչպես է պետական դավաճանության միֆը փլուզվում
Օրերս հայտնի դարձավ, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող հերթական քաղաքացին է արդարացվել։ Մենք զրուցեցինք այդ քաղաքացու պաշտպան Արթուր Հարությունյանի հետ՝ խնդրելով որոշ մանրամասներ պատմել, թե ինչ գործ է եղել և ինչպես է ստացվել, որ իր պաշտպանյալն արդարացվել է: Գործի քննության ընթացքում ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել, չէ՞ որ առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, իսկ դա ամենևին գողություն կամ գրպանահատություն չէ, այլ առանձնապես ծանր հանցագործություն, որը հանրության կողմից խիստ դատապարտելի է․
«Պաշտպանյալս գյուղի բնակիչ է, և ամբողջ գյուղի մասշտաբով էր ինքը խնդրի առաջ կանգնել, անգամ ծնողին աշխատանքից հանելու խնդիր է առաջացել։ Մեր ժողովուրդը, այդպես է չէ՞, առանց վերջնարդյունքը տեսնելու, իրենք արդեն որոշում են և այդ խարանը արդեն դնում են մարդու վրա։ Բնականաբար, ես էլ չեմ ընդունում նման բան, եթե անձը կատարել է այդ արարքը, ես որքան էլ պրոֆեսիոնալ իրավաբան լինեմ, նման մարդու կողքը գործ չունեմ անելու։ Այդ տղան ինձ ասաց, որ որևէ կապ չունի այդ ամենի հետ, որ ինքն այդ մարդը չէ, կյանքում հայրենիքը չի դավաճանում` հայրենիքը շատ է սիրում, և ես իրեն հավատալով մտա այդ գործի մեջ։ Նախաքննության մարմնի հետ իրոք կռիվ ենք տվել, մեր մասով ինչքան հնարավորություն կար գործին օժանդակելու՝ իրականությունը բացահայտելու ուղղությամբ՝ փաստաբանական հարցումներ, ընդհուպ մարդ ենք գտել, որը գործով անկյունաքարային նշանակություն ուներ և ունեցավ, այդ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմնին տրամադրեցինք և այլն։ Պաշտպանյալս մոտ 3 ամսից ավել կալանքի տակ մնաց, և մենք այն կուրսը, որն ի սկզբանե վերցրել էինք, որ ինքն անմեղ է և որևէ առնչություն չունի այդ մեղադրանքների հետ, որոնք իրեն առաջադրվել են, ըստ էության գործով ապացուցվեց և վերջնականապես հաստատվեց համապատասխան որոշման կայացմամբ, որ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը պարզապես դադարեցվեց: Այլ կերպ ասած՝ արդարացվեց»:
Այսինքն՝ գործը հենց նախաքննության ընթացքո՞ւմ կարճվեց և նույնիսկ դատարա՞ն չհասավ․ «Այո, դատարան չհասավ, բայց ես ևս մի այդպիսի գործ ունեմ, որն արդեն դատարանում է, շատ նման են իրար, և ես կարծում եմ, որ այս «պետական դավաճանության» գործերի մեծամասնությունը սցենարով իրար նման են, այս երկու գործերն էլ սցենարով շատ նման են իրար, պարզապես այս մեկի ելքը նախաքննության փուլում լուծվեց, մյուսը ուղարկվել է դատարան, արդեն ավարտական փուլում է»,- պատասխանեց Փաստաբանը։
Պետական դավաճանության գործերի մասին ԱԱԾ-ն հաղորդում էր առանձնակի հանդիսավորությամբ, տեսանյութեր էին պատրաստում եղերական երաժշտության և դրամատիկ բովանդակության տեքստերով՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե բացահայտվել է մի ահասարսուռ հանցագործություն, դավաճանության այնպիսի դեմք, որը վճռել է պատերազմի ողջ ընթացքը։ Փաստաբան Արթուր Հարությունյանին հարցրինք՝ իր պաշտպանյալի հետ կապվա՞ծ էլ են այդպիսի տեսանյութեր նկարել․
«Այդ ժամանակահատվածում շատ տեսանյութեր էին լինում, և ես այդ գործով էի զբաղված՝ կալանքի նիստեր, բողոքարկումներ և այլն, ես այդ պրոցեսի մեջ եմ եղել, և չեմ էլ ֆիքսել՝ այդպիսի տեսանյութեր եղե՞լ են, թե ոչ, բայց իմ իմանալով պիտի չլիներ, որովհետև ի սկզբանե պաշտպանյալս իր դիրքորոշումը հստակ հայտնել է, որ ինքը որևէ արարք չի կատարել, որը իրեն մեղսագրում են, այսինքն՝ պետական դավաճանություն։ Իմ իմանալով, պետք է որ տեսանյութ եղած չլինի։ Այդ ընթացքում շատ էին գործերը, հասնում էին տասնյակների, իմ աչքով ընկել են այդ տեսանյութերից, բայց իմ իմանալով իմ պաշտպանյալինը չի եղել»,- պատասխանեց Հարությունյանը։
Փաստաբանին խնդրեցինք պարզաբանել, թե իր պաշտպանյալին կոնկրետ ի՞նչ արարքի մեջ են մեղադրել, այսինքն՝ ըստ նախաքննական մարմնի, ինչպե՞ս է դրսևորվել «պետական դավաճանությունը», Հարությունյանն ասաց, որ ստանդարտ մեղադրանք է եղել, մեղադրել են գումարի դիմաց հակառակորդին տեղեկություններ տրամադրելու մեջ։ Փաստաբանից հետաքրքրվեցինք նաև, թե պատրաստվո՞ւմ են ոչ նյութական վնասի հատուցման հայց ներկայացնել ընդդեմ պետության՝ հաշվի առնելով այն զրկանքներն ու տառապանքները, որոնք կրել է իր պաշտպանյալը իր դեմ հարուցված մեղադրանքի հետևանքով․
«Այդ հարցը հիմա քննարկման փուլում է, ամեն ինչ իր ժամանակին, այդ հանգամանքը իհարկե քննարկվում է»։
Նշենք, որ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան օգոստոսի 25-ին դատախազությունից հայտնել էին, որ այդ պահի դրությամբ ԱԱԾ-ում քննվում է պետական դավաճանության 2 վարույթ, ենթադրվում է, որ այս պահին արդեն 1 վարույթ մնացած կլինի, քանի որ մեկը արդարացման հիմքով կարճվել է։ Ըստ դատախազության նույն պատասխանի, դատարաններում էլ պետական դավաճանության 15 գործ է քննվում այս պահին, ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ևս 1 անձի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է, քանի որ նա ևս չէր կատարել պետական դավաճանություն, իսկ 4 անձի դեպքում մեղադրանքն էին փոփոխել ու պետական դավաճանության հետ չառնչվող այլ մեղադրանք էին առաջադրել։
Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող 6 անձ արդեն արդարացվել է։
Հարց է ծագում` իսկ ո՞ւր են մյուս «դավաճանները», որոնց մասին գիշերուզօր խոսում են Փաշինյանն ու իր թիմակիցները` պատերազմում պարտության մեղքը փորձելով բարդեն տարբեր անձանց վրա:
Կարծիքներ