«Վարդանանց» պատերազմ. առասպելի և իրականության սահմանագծին

«Վարդանանց» պատերազմ.  առասպելի և իրականության սահմանագծին

«Վարդանանց» պատերազմի ըստ էության ընկալման և արժևորման ամենամեծ խնդիրն այն է, որ մենք փորձում ենք այն դիտարկել զուտ պատմագիտական դիսկուրսի տրամաբանության մեջ։ Սա փակուղի է, քանի որ պատմագիտական ու չոր քաղաքական վերլուծությունների միջոցով հնարավոր չէ այդ իրադարձությունների վերաբերյալ որևէ լուրջ գիտական արդյունքներ արձանագրել։

Մենք պետք է ի վերջո հաշվի նստենք այն փաստի հետ, որ մեզ հետաքրքրող խնդրո առարկան չունի պատմագիտական գնահատականի համար անհրաժեշտ պայմանները։ Կա ընդամենը երկու աղբյուր, որոնցից մեկն առնվազն վստահելի չէ։ Ուրիշ լուրջ աղբյուրներ չկան, ո՛չ հայկական և ո՛չ էլ օտարերկրյա։ Այս ամենի հետ զուգընթաց չափազանց մեծ են քարոզչության, իռացիոնալ ճշմարտությունների և միֆականության բաղադրիչները։ Այսպիսի պայմաններում պատմագիտությունը պարզապես անզոր է, այդ իսկ պատճառով խնդրի էության մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիմել այլ գործիքների օգնությանը։

Եկեք հստակ արձանագրենք, որ Վարդանանց պատերազմը առասպել է, ավանդազրույց, որը տիրապետող վերնախավի կողմից՝ որպես քարոզչության առարկա, ավելի քան 1600 տարի պարտադրվել է հայ ժողովրդին։ Այս ձևակերպումից վախենալ պետք չի, ընդհակառակը գործ ունենք օրինաչափ պրակտիկայի հետ․ մարդկության պատմության ընթացքում կառավարող վերնախավերը միշտ էլ առանձնահատուկ նախաձեռնողականություն են դրսևորել միֆաստեղծման գործում, իսկ նպատակը մեկն է՝ ապահովել արդյունավետ կառավարում։

Եթե փորձենք մեր խոսքը ավելի ճշգրտել, ապա Վարդանանց պատերազմը գաղափարախոսություն է՝ համեմված միֆական տարրերով, ինչպես և մնացյալ բոլոր գաղափարախոսությունները։ Կարլ Մանհեյմը ասում էր, որ գաղափարախոսությունները իշխող դասակարգինն են, իսկ ուտոպիան՝ ճնշված դասակարգինը։ Այս պարագայում իշխող դասակարգի դերում հանդես է գալիս Հայ առաքելական եկեղեցին, որն էլ ստեղծել է Վարդանանց առասպելը։

Պլատոնի համար միֆը միջոց էր փիլիսոփայական կոնցեպտները առավել հստակ կառուցարկելու համար։ Նա առաջարկում էր միֆը օգտագործել երիտասարդ սերունդների կրթության գործում, բայց մյուս կողմից էլ «Պետություն» աշխատության մեջ փորձում էր միֆերի տարածման հետ կապված գրաքննության որոշակի մեխանիզմներ մշակել։ Պլատոնի կարծիքով գիտելիքը պետք է կատարյալ լիներ, առավել ևս աստվածների մասին գիտելիքը։ Այդ իսկ պատճառով պետք է կիրառելի լինեին միայն այն միֆերը, որոնք օգտակար են սերունդների համար։ Քաղաքականության մեջ միֆի կիրառումը Պլատոնի կարծիքով նույնական էր քաղաքականության մեջ տիրապետող դիրքեր ունեցող զգացմունքային տեխնոլոգիաների օգտագործմանը։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին օգտագործել է դեռևս Պլատոնի ժամանակներից հայտնի տեխնոլոգիան, և նրա ստեղծած միֆը այնքան կենսունակ է գտնվել, որ արդիական է նույնիսկ մեր օրերում։

Միֆ եզրույթից պետք չի սարսափել։ Հաճախ մարդիկ միֆը դիտարկում են որպես պարզունակ հորինվածք, որը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե այդպես չէ։ Գեղարվեստական հորինվածքի և քաղաքական ճշմարտության սահմանագիծը ընկալելու համար անհրաժեշտ է շեշտադրել առասպելի դուալիստական բնությունը։ Ինչպես Կասիրերն է նկատում առասպելը երկու երես ունի, այսինքն՝ երկդիմի է, մի կողմում բովանդակությունն է, կոնցեպտուալ կառույցը, իսկ մյուս կողմում՝ զգացմունքային բաղադրիչը, այն է՝ գեղարվեստական շղարշը։

Հիմա մեր առաջնային խնդիրն է տեսնել Վարդանանց պատերազմի երկու տարբեր երեսները՝ ռացիոնալն ու իռացիոնալը, կոնցեպտուալն ու գեղարվեստական հորինվածքը։ Եթե համաձայնում ենք Ժ․ Սորելի այն մտքի հետ, թե միֆը ռացիոնալիզմի խորհրդանշական թարգմանությունն է, ապա նաև պետք է համաձայնենք, որ Վարդանանց պատերազմի մեջ ռացիոնալ չափազանց լուրջ արժեքներ կան, որոնք քողարկված են միֆականության փոշու տակ և կարիք են զգում թարգմանության կամ էլ մեկնության։

Եվ այսպես, ո՞րն է Վարդանանց առասպելի գեղարվեստական, զգացմունքային երեսը․ հանուն Քրիստոնեական հավատքի նահատակվելը, հանուն կրոնի պատերազմը, բարոյական հաղթանակը, փղերի հետ մենամարտելն ու այսպես շարունակ։ Ակնհայտ է չէ՞, որ գործ ունենք քարոզչական տեխնոլոգիաների հետ։ Եթե ակնհայտ է, ապա եկեք մի կողմ թողնենք զգացմունքային շղարշն ու փորձենք գտնել բուն կոնցեպտը։ Մինչ կոնցեպտի մասին խոսելը ուզում եմ հստակ արձանագրել, որ իմ համոզմամբ ոչ մի մեծ պատերազմ էլ չի եղել։ Պատմիչ Եղիշեն խտացրել է գույներն ու ընդհանրապես բոլոր տվյալները։ Իհարկե եղել է որոշակի հակամարտություն, որն էլ ուղեկցվել է մանր-մունր բախումներով։

Եվ այսպես ո՞րն է կոնցեպտը։ 450-51 թթ․ վերնախավն ու ժողովուրդը պայքարում էին պետական ինստիտուտների պահպանման համար, որոնք պարսիկները փորձում էին ոչնչացնել ու արմատախիլ անել։ Այսինքն այդ իրադարձությունները քաղաքական տեսանկյունից միանշանակ դրական նշանակություն ունեին՝ չնայած հայերի պարտությանը: Այնուամենայնիվ, պարսիկները չկարողացան օգտվել իրենց հաղթանակից և 450-51թթ.-ի պրակտիկան հող նախապատրաստեց Վահանանց հուժկու շարժման համար, որտեղ հայերը կարողացան պարսիկներին ստիպել տևական ժամանակ հրաժարվել պետական ինստիտուտներն արմատախիլ անելու քաղաքականությունից: 

Մյուս խոշոր ապստամբությունից հետո, որը գլխավորում էր Կարմիր Վարդանը, անշուշտ, պետք է հող նախապատրաստվեր անկախության վերականգնման համար, որի հիմքերը դրվել էին Վարդանանց և Վահանանց շարժումների ժամանակ, բայց արաբական անկասելի արշավանքները հետաձգեցին դրա իրականացումը: Վերոնշյալ երեք ապստամբություններն արդյունավետ եղան այնքանով, որ Հայաստանը Խալիֆայության կազմի մեջ մտավ իր պետական ինստիտուտների առկայությամբ, ինչը հող նախապատրաստեց Բագրատունյաց թագավորության ստեղծման համար: Համակարգի պահպանման գործում Վահան Մամիկոնյանի գործը շարունակեցին Թեոդորոս Ռշտունին, և նրան հաջորդած Բագրատունի իշխանները: Իմ կարծիքով հենց սա է Վարդանանց առասպելի խորքում թաքնված կոնցեպտը, մնացյալը երկրորդական է ու անկարևոր, հատկապես կրոնական պատերազմի միֆը։

Հ․Գ․ Ինստիտուտնների պահպանման պայքարի թեզի ճշմարտացիությանը հավատալու համար ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցը․ ինչո՞ւ հայ ժողովուրդը Անիի և մյուս մանր-մունր թագարավորությունների ոչնչացումից հետո այլևս չկարողացավ իր բուն հայրենիքում պետություն ստեղծել։ Միգուցե՞ ինստիտուտներն արմատախիլ էին արված և ժողովուրդն այլևս հենարան չուներ։