Բանալին ձեր մահացած հոր ափում գտա․ բժիշկ
Վազգեն Սարգսյանին լսենք․ ․ «Պապերից ժառանգած երկիրներս առանց այն էլ մի բուռ բան է, մենք էլ մեր էս լեն ու բոլ, խաղաղ պայմաններում կենտրոնաձիգ ինչ որ ուժի ազդեցությամբ ավելի ենք սեղմվում, խտանում ենք, որ դառնանք ի՞նչ․․․ ադամանդ։ Խելքներիս տիրություն անենք․ շատ սեղմվելով խեղդվում, շնչակտուր ենք լինում, շագրենի կաշու նման փոքրանում ենք։ Տեսեք թե ինչ բառ է գործածության մեջ մտել, ծայրամասային գյուղ․․․ ծայրամասային գյուղ կարող է ունենալ Ռուսաստանը ունենալ, Ղազախստանն ու Ուկրանիան կարող են ունենալ՝ մարմինը կորցրած սրտի նման, սրտի չափ երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է․ որտեղից էլ վնասվի՝ մահացու է․․․»։ Հիմա Հայաստանի ծայրամասային գյուղ տերմինին անգամ երանի՜ ենք տալիս։ Նիկոլ Փաշինյանը մկրատը ձեռքին այդ ծայրամասային գյուղերը ադրբեջանական է համարում։ Կտրում, նվիրատվություն է անում մեզ շահած ու փայփայած լեռները, մեր դիրքերը․ գյուղերը, հարթավայրերը, արոտավայրերը։ Արցախը կտրելուց ու Ադրբեջանին հանձնելուց հետո մկրատն ավելի անխափան է աշխատում։ Մկրատը սրում են աջից ու ձախից՝ կտրի՜ր տու՛ր․․․ Մեր սարերին ու լեռներին տիրություն անող չկա, մկրատը տնի՜ց է, կտրողը տնի՜ց է․ դա է սարսափելին։ Ինչպես Սպարապետն էր ասում՝ «Շատ բանով լեռներին ենք պարտական, որ բարբարոսների ատամը հազարամյակներ շարունակ մեզ չկտրեց»։ Ինչու՞ եք հանձնում մեր լեռները, դիրքերը, ի՞նչ պատասխան եք տալու սերունդներին․․․ Այսօր նորից Տավուշ է գնացել։ Արձակուրդում անգամ փութաջան դերձակի պես մկրատը չի գցում ձեռքից՝ կտրում, կարկատում, կցմցում է։ Նրան թվում է, թե հողը կտոր է, շոր է, որ կտրտի, կարկատի, կցմցի՝ մարդը էլ չի կրելու, փախչելու է հագուստից։ Ինքը խոստանում է նո՜րը, ավելի լա՜վը, կտա՜ փողը, ու այդ խոստումը կատարելու է այնպես, ինչպես 2018-ից հետո տված բոլոր խոստումները։ Առավել ևս՝ ով չի հասկացել, որ հայրենիքն իր էությունն ու շունչն է, որ առանց հայրենիքի ինքը գոյություն է քարշ տալու, բայց չի՜ ապրելու, որ կորցնելուց հետո զգալու է արյան հոսքի կանգը, դա կհասկանա՜։ Երեկ մտերմուհուս, ով անկողնում պառկած ու չի քայլում, երբ փորձեցի ուժ տալ, հպարտացավ՝ Ես Վանի՜ց եմ, շուտ հանձնվող չեմ, պիտի տեսնեմ մեր հաղթանակը։ Ու շատ հետաքրքիր մի բան պատմեց, որն ուզում եմ կիսվել ընթերցողիս հետ․ «Վանից գաղթած, լռակյաց իմ պապը, երբ մահանում է, հերձող բժիշկը հորս բանալի է տալիս և ասում, որ սա ձեր հոր ձեռքի մեջ սեղմած էր։ Պապս այնքան ամուր էր ափում սեղմել բանալին, , որ ափը սևացած, վնասված է եղել։ Դա պապիս տան բանալին է եղել, մինչև վերջին շունչ հավատացել է, որ տուն է դառնալու»։ Քանի՜ հարյուր հազարավոր հայեր առ այսօր իրենց ափում պահում են իրենց տան բանալին․․․ Մինչև մահ՝ պահելու, փայփայելու են, փոխանցելու են իրենց սերունդներին։ Կանգ առեք։ Տունը շոր չէ, որ հանես և ուրիշը հագցնես, այն ողբ է անգամ թռչունի համար։ Մարդիկ երբևէ իրենց տունը չեն մոռանալու, իսկ տուն հանձնողի ճակատագրի մասին հայոց պատմությունը եզակի ու ցնցող օրինակներ ունի։
Կարծիքներ