Ջորջ Սորոս․ տիրապետությունը մարքեթինգային հորինվածքի

Ջորջ Սորոս․ տիրապետությունը մարքեթինգային հորինվածքի

«Սորոս» ազգանունը, որն արդեն իսկ եզրույթի կարգավիճակ ունի, մեր լեզվամտածողության անբաժանելի մասնիկն է դարձել։ Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ բառն այդ ակտիվորեն գործածվում է ամեն երկրորդ քաղաքացու կողմից, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Մի մասը պայքարում է «Սորոսի» դեմ՝ վերջինիս դիտարկելով որպես սպառնալիք և մարտահրավեր, իսկ մյուս մասն էլ ինքն իրեն նույնականացնում է «Բաց հասարակության» հիմնադրամի հետ՝ հանրային կյանքում դիրքավորվելով որպես «սորոսական»։ 

Միանգամից արձանագրենք, որ ես ո՛չ մեկի և ո՛չ էլ մյուսի հետ որևէ կապ չունեմ, երբեք չեմ ունեցել և դժվար էլ ապագայում ունենամ, քանի որ ինչպես «հակասորոսականները», այնպես էլ «սորոսականները» ընդհանրապես ընկալելի չեն ինձ համար։ Ավելին՝ այն համոզմունքն ունեմ, որ այդ երկու խմբերի ի հայտ գալն ու դրանց հակամարտությունը հետևանքն են քաղաքական մտքի ճգնաժամի և մտածողության դեգրադացման։ 

Բայց այս ամենից անդին, «Սորոս» եզրույթն ուսումնասիրման տեսանկյունից չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Փաստացի գործ ունենք այնպիսի մի իրավիճակի հետ, երբ միֆը կամ էլ մարքեթինգային հորինվածքը քաղաքական օրակարգ է թելադրում, ինչն էլ հանգեցնում է հակաինտելեկտուալ և իռացիոնալ դրսևորումների։ 

Իհարկե որևէ կերպ չեմ փորձում հերքել հիմնադրամի գոյության փաստը, որը դրամաշնորհներ է տրամադրում տարատեսակ գործիչների և կազմակերպությունների։ Իրողությունն այս անհերքելի է, բայց խնդիրը ոչ թե դրա գոյության կամ էլ չգոյության մեջ է, այլ՝ հիմնադրամին վերագրվող անհավանական և նույնիսկ զավեշտալի մեղադրանքների։ Այսինքն, «Բաց հասարակության» հիմնադրամին և դրանից դրամաշնորհներ ստացած մարդկանց տրվել է այնպիսի մի կարգավիճակ, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ որևէ էական ազդեցություն չունեն և չեն էլ կարող ունենալ կառավարության և կառավարող թիմի կողմից իրականացվող  քաղաքականության վրա։ Որպես համայնք նրանք կարող են առաջարկներ անել, նույնիսկ պնդումներ և անհամաձայնություններ ներկայացնել, բայց «սորոսական դիկտատի» մասին խոսակցություններն առնվազն անմեղսունակության և իրերի իրական էությունը չընկալելու հետևանք են։ 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ է առաջին հերթին ձեռնտու մարքեթինգային հորինվածքի քաղաքական օրակարգ դառնալու հանգամանքը։ Այլ խոսքով՝ ով է բոլորից շատ օգտվում ապաքաղաքական միֆի և քաղաքական խեղկատակության տիրապետությունից։ Իմ համոզմամբ իրավիճակի ամենագլխավոր շահառուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։  Ընդհանրապես անհրաժեշտ է արձանագրել, որ քաղաքական իրական օրակարգի բացակայությունը որպես կանոն հանգեցնում է քաղաքական իշխանության գործունեության լեգիտիմացման։ Այսինքն, որքան ուժգին է «հակասորոսական» պայքարը, այնքան ամուր է Նիկոլ Փաշինյանի գործենեության հիմքը, քանի որ իռացիոնալ խեղկատակությունը երբեև չի կարող լուրջ մրցակից լինել։ Այս ամենի մասին շատ լավ հասկանում են նաև Հայաստանի քաղաքացիները, քանի որ առանձին անհատները կարող են իռացիոնալ լինել, բայց հավաքականությունները որպես կանոն ռացիոնալ են ու բանական։ Ասվածից հետևում է, որ քաղաքական տարածությունը զբաղեցրած մարգինալ աղմուկ-աղաղակը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Փաշինյանը մնա առանց քաղաքական այլընտրանքի։ 

Ի դեպ նույն տրամաբանությամբ վարչապետ Փաշինյանն էլ լեգիտիմացնում է նախկին իշխանություններին, քանի որ անցյալի դեմ չընդհատվող միֆական պատերազմը վերակենդանացնում է վերջիններիս և արդարացնում նրանց գոյությունը։ Այսինքն, գալիս ենք այն եզրակացությանը, որ արդի քաղաքական համակարգի տիրապետող բաղադրիչներն են՝ «հակասորոսական» մարքեթինգային հորինվածքն ու անցյալի դեմ պատերազմի միֆը։ Սրա հետևանքով իրական քաղաքականությունն ու լուրջ խնդիրները մղվում են չորրորդական պլան, իսկ սորոսականների և հակասորոսականների խեղկատակային մրցավազքը լեգիտիմացնում է մեկ մարդու անվերահսկելի մենիշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ 

Վերջում ուզում եմ միայն ավելացնել, որ ես ընդհանրապես վատ չեմ վերաբերվում դրամաշնորհներին, քանի որ դրանց միջոցով մեր երկրում իսկապես օգտակար աշխատանքներ են իրականացվել։ Բայց ցավոք սրտի օգտակարն ու արդյունավետը չափազանց քիչ են, քանի որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք հանրօգուտ աշխատանքի ստվերում հոգում են իրենց անձնական և կենցաղային բարեկեցությունը։