Ինչպես չի կարելի

Ինչպես չի կարելի

«Երբ Հայաստանի ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»- Ազգային ժողովում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է՝ ում նկատի ունի, բայց արտառոց է, որ Հայաստանի առաջնորդն Արցախի ղեկավարության հետ «երկխոսության» այս ձեւն է ընտրել եւ հետեւողականորեն խորացնում է անջրպետը՝ թույլ տալով ոչ պատշաճ որակումներ, անելով ենթատեքստային ակնարկներ: Ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետ Փաշինյանը, երբ տպավորություն է ձեւավորում, թե Հայաստանի նախկին իշխանությունները ԼՂ կարգավորման բանակցությունների մասին ոչինչ չեն ասել Արցախի նախագահին, հարկ չեն համարել նրա հետ խորհրդակցել, եւ ինքն է, որ բանակցությունների ընթացքից փաստաթղթեր է փոխանցել նրան:

Դժվար է հավատալ, որ Արցախի նախագահը բանակցային գործընթացին իրազեկված չի եղել: Դատում եմ ըստ անձնական փորձի: 2001-2014թ.թ. Արցախի ԱԺ պատվիրակության կազմում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտ մի քանի ընդունելության ներկա եմ եղել, վերջին անգամ՝ 2014թ. նոյեմբերին: Այդ հանդիպման բոլոր մասնակիցները, փառք աստծո, ողջ եւ առողջ են եւ թույլ չեն տա, որ ստեմ: Առանց մեր կողմից որեւէ խնդրանքի, Սերժ Սարգսյանը բավական ծավալուն եւ անկեղծ անդրադարձ է կատարել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին, բացահայտել մի շարք մանրամասնություններ, որոնք, կարծում եմ, այսօր էլ հրապարակման ենթակա չեն: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նույնիսկ՝ բանավեճ:

Հիշում եմ այդ քննարկումը, որ տեւեց մեկ ժամից ավելի եւ մտածում՝ եթե Հայաստանի նախագահն Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ այդքան անկեղծ էր, ներկայացնում էր հրապարակման ոչ ենթակա մանրամասնություններ, այդ թվում՝ Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումից, ապա ինչպե՞ս կարող էր նա ավելին չասել Արցախի նախագահին: Տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ հանդիպումներում ավելին է ասել: Ուստի չի կարելի ասել, թե Արցախի նախագահին տարիներ շարունակ անտեսել են, նրա կարծիքը չեն հարցրել, մոտեցումների հետ հաշվի չեն նստել: Առհասարակ անցյալը փորփրելու անհրաժեշտություն չպիտի լինի: Հակառակ դեպքում այդ տեղեկատվական խայթոցներից բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում: