Կինոն պետք է ֆինանսավորվի, ուրիշ բանաձև չկա

Կինոն պետք է ֆինանսավորվի, ուրիշ բանաձև չկա

 Կինեմատոգրաֆիստները տարիներ շարունակ պետությունից խնդրում են «Կինոյի մասին» օրենք ընդունել։ Քանի որ Հայաստանը 2020-2022 թթ․ մասնակցելու է «Ստեղծարար Եվրոպա»-ի երկրորդ՝ մեդիաբաղադրիչի ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի կինեմատոգրաֆիստները կկարողանան օգտվել այդ ենթածրագրի մինչեւ մեկ միլիարդ եվրո բյուջեով դրամաշնորհներից, Հայաստանում ափալ-թափալ սկսել են «Կինոյի մասին» օրենք մշակել։ Նշենք, որ այս օրենքի բացակայությունը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ ծրագրով նախատեսված Եվրոպական համատեղ արտադրանքի կոնվենցիայի մասին համաձայնագրի չստորագրումը մեր երկրին թույլ չեն տալիս միանալ այս ծրագրին։ Ակնհայտ է, որ Հայաստանի պետական բյուջեն ամենալավատեսական զարգացումների դեպքում էլ երկար տարիներ չի կարողանալու ֆինանսավորել արվեստի ամենաթանկ տեսակը՝ կինոն։ Հավելենք, որ «Ստեղծարար Եվրոպա» խոշոր ծրագիրն արդեն իսկ 2014-2020 թվականների համար նախատեսել է մոտ 1,5 միլիարդ եվրոյի ֆինանսավորում արվեստի ու մշակույթի ամենատարբեր ոլորտներում: 

Այդուհանդերձ, այս ծրագրին միանալու համար ֆիլմը պետք է կրի համաեվրոպական արժեքներ։ Թերեւս այդ պատճառով Էմիր Կուստուրիցան մեկ անգամ, օրինակ, դիմել է այդ ծրագրին ու մերժվել։ Երեկ «Կինոյի մասին» օրենքին նվիրված առաջին լսումներն էին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ, հիշատակելով «Ստեղծարար Եվրոպա»-ի ծրագրերը, հայտարարեց, որ Փարաջանովի հայրենիք Հայաստանը պետք է լավ մոդել դառնա ու օրինակ ծառայի մյուսների համար։ Ապա հույս հայտնեց, որ հենց 7-րդ գումարման ԱԺ-ն կհաստատի կինոյի մասին լավ, ուժեղ եւ իրատեսական օրենքը։ 

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ լավ է ուշ, քան երբեք, ու հույս ունի, որ օրենքը վերջապես կընդունվի։ «Ես գոնե պատանեկան տարիքից սպասում եմ այդ օրենքին»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը։ Փողից բացի, նա ոչ պակաս կարեւոր է համարում հեղինակային իրավունքի ու արտադրանքի հետ կապված հարցերի կարգավորումը։ Ասում է, որ գեղարվեստում անճաշակությունների հարցն էլ պետք է կարգավորվի, բայց թե ինչպես, ինքն էլ չի պատկերացնում։ «Խնդիրն այնքան բազմաշերտ ու բազմերանգ է, այո, մենք բոլորս հասկանում ենք՝ ինչն է անճաշակ, ինչը՝ գռեհիկ, ինչն է լկտիություն, ինչը՝ ոչ լկտիություն։ Չեմ ասում՝ արվեստի գործ, բայց ո՛չ լկտիություն։ Բայց չենք կարողանում ձեւակերպել իրավաբանորեն։ Սա շատ բարդ է։ Անկեղծ եմ ասում, ցավում եմ, որ անճաշակությունն ու գռեհկությունն իրավաբանական կատեգորիա չեն, բայց չենք կարող բերել իրավական դաշտ։ Այո, ինչ-որ լծակներ պետք են, եւ պետական աջակցությունից, էդ կոպեկներից մի գրամ չպիտի գնա էդ ֆիլմերին»,- կարծում է ռեժիսորը։ Այս իմաստով նա լավատես չէ, քանի որ, ցավոք, այս իշխանություններն էլ օգտագործում են «մասսայական կուլտուրայի» այն դեմքերին, որոնք 25 տարի դեգրադացրել են եթերն ու արվեստը։ Իսկ վերջերս նոր իշխանությունների կողմից մի շատ վտանգավոր բան է նկատել․ «Մի հանձնաժողով էին արել, չեմ կարողանում հիշել անունը, սցենարիստներ էին հավաքել, պրոդյուսերներ եւ հանձնարարական էին տվել՝ մշակելու մի հերոսի, որին այսօր երիտասարդությունը կուզի։ Սա մոտավորապես այն է, ինչ ուզում էր անել Յոզեֆ Գեբելսը։ Ես պրոպագանդիստ չեմ ու նման բաներին չեմ մասնակցում, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ հերոս ձեւավորել, որին ուզենան նմանվել»։ Սա շատ նման է սովետական ցենզուրայի օրոք կոմսոմոլի կերպար ձեւավորելուն։ 

Մենք զրուցեցինք նաեւ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Պողոսյանի հետ։ Նա ասաց՝ բավական է, ի վերջո, ինչքա՞ն կարող են անհատներն իրենց ջանք ու եռանդով ինչ-որ բաներ արարել՝ չհիմնվելով ոչ մի աջակցության վրա։ «Այսինքն՝ այն ամպագոռգոռ բառերը, որ մշակույթը մեր բրենդն է, ոնց որ էսօր հնչեց, վերջապես պետք է իրականություն դառնա։ Կինոն իրոք շատ բարդ ոլորտ է, եւ ներդրումներ են պետք։ Առաջին հերթին պետք է այդ տուրքերից ազատել կինոն։ Եվ սա միակ ճիշտ զարգացման բանաձեւն է։ Կինոն պետք է ֆինանսավորվի, ուրիշ բանաձեւ չկա։ «Հայֆիլմը» պետք է վերականգնվի»,- ասում Միքայել Պողոսյանը։ Նրա կարծիքով, հայաստանյան կինոթատրոններն էլ պետք է վերջ տան «խուտուտի» համար ստեղծված հայկական արտադրության կատակերգությունների ցուցադրությանը կինոթատրոններում կամ դրանց ցուցադրության համար ահռելի վարձավճարներ պահանջեն։