Գաղտնի շրջանառվող նախագծին 4 գերատեսչություն դրական կարծիք է հայտնել

Գաղտնի շրջանառվող նախագծին 4 գերատեսչություն դրական կարծիք է հայտնել

Դեռեւս սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստում անդրադառնալով բուհական համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, ուստի պատրաստվում են գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված գիտահետազոտական պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակում կառուցվելիք ակադեմիական քաղաք։ Բայց մինչեւ ակադեմիական քաղաք կառուցելը, պետությունը ձեռնարկել է քանդելու կամ, ինչպես ներկայացվում է, բուհերը միավորելու, խոշորացնելու գործընթաց։

Առաջին ահազանգը հնչեց Բրյուսովի անվան պետական համալսարանից։ Այն բանից հետո, երբ համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, ուսանողները դուրս եկան փողոց եւ դասադուլ հայտարարեցին՝ պահանջեցին լսել իրենց ձայնը եւ հրաժարվել բուհը փակելու մտքից։

«Պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարեւոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է՝ չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»,- ասել էր Ակոպյանը։

Միավորման ցանկացած սցենար բացառեց նաեւ բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով ուսանողության հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ կառավարության առաջ քաշած խոշորացման պլանում առաջնահերթ Բրյուսովի անվան համալսարանի հարցն է։ Ավելին՝ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծ, որով պետք է ֆիզկուլտինստիտուտն ու լեզվաբանական բուհը միավորվեն մանկավարժականին։ «Հարցն ինչո՞ւ մեզ հետ չի քննարկվել։ Անպայման պիտի մեզ հետ քննարկեն, որպեսզի բարձրաձայնվեն նաեւ մեր մտահոգությունները։ Պիտի լսվի ուսանողների կարծիքը։ Մենք պիտի հնարավորություն ունենանք՝ մեր տեսակետն արտահայտելու։ 90 տարվա պատմություն ունեցող այս համալսարանն իր ուրույն դիրքն ունի մեր կրթական համակարգում, առհասարակ՝ նաեւ Հայաստանում։ Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի այլ համալսարանի հետ, միավորման ցանկացած սցենար մենք բացառում ենք»,- հայտարարել էր Հարությունյանը։

Ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ջանքերի արդյունքում վաղը Բրյուսովի անվան համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը, մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը եւ ՀՀ փոխվարչապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանը: Ի դեպ, բուհի խորհրդի անդամներից է նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ են շրջանառվող նախագծից, ի՞նչ ընթացակարգով է նախատեսվում 3 բուհի միավորումը, եւ այն զուտ շենքային միավորո՞ւմ է ենթադրում, թե՞ նաեւ կրթական ծրագրերի։ Ակոպյանը նախ խնդրեց չշրջանառել «շենքային միավորում» տերմինոլոգիան, քանի որ սա չէ առաջնային հարցը։ «Շատ ավելի կարեւոր խնդիր կա, խոսք է գնում 3 բուհը 1 բուհի վերածելու քաղաքականության մասին,  դա կլինի միավորմամբ, թե մեկի լուծարմամբ՝  երրորդական է այս պարագայում։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչքանով է դա լինելու արդյունավետ»,- ասում է նա ու ընդգծում, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, ավելին՝ ունեն տեղեկություններ, որ 4 գերատեսչություն արդեն դրական կարծիք է հայտնել։  

«Շենքերն ազատելու թեման շրջանառելով՝ մենք խնդիրը հիմնական թեմայից շեղում ենք։ Կարող է շենքերը միավորեն ու նույն ձեւով էլ այնտեղ դասերն անեն, մենք ուզում ենք հասկանալ դրա իմաստը, թե ինչքանով է դա կրթության որակի վրա ազդելու եւ ինչքանով է տրամաբանական։ Ես, օրինակ, ուզում եմ, որ հիմնավորեն, թե ինչու են 8 թիվը որոշել, կարող է ավելի ճիշտ է 4 բուհ ունենալը, կամ գուցե ընդհանրապես այս երկրին պետք չէ բուհ։ Այս հարցի պատասխանները պետք է հասկանանք, նստենք քննարկենք, կարող է նրանց հիմնավորումներին ես էլ համաձայնեմ եւ ասեմ՝ ձեր կողքին կանգնած եմ։ Խնդիրն այստեղ բարձրագույն կրթության ապագային է վերաբերում եւ ոչ թե ռեկտորների հաստիքին։ Եթե մանկավարժությունն եք ուզում զարգացնել, եկեք հասկանանք, թե ինչպես անենք, միավորումով սահմանամերձ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ չի ավելանալու, այլ բան պետք է մտածել, որպեսզի մանկավարժությունը զարգանա։ Եկեք համալսարանների որակը ստուգենք, եթե Բրյուսովի համալսարանն ավելի լավ որակ է տալիս, ուրեմն եկեք մանկավարժականի օտար լեզուների ֆակուլտետը միացնենք Բրյուսովի հետ, եթե իրենց որակն է լավը, հակառակն արեք։ Իրենց տրամաբանությունը սա է, որ 3 բուհերն էլ մանկավարժի որակավորում են տալիս, բայց մենք էլ ասում ենք, որ սա մանկավարժության խնդիր չէ, մեր համալսարանի ուսանողների 85 տոկոսը մանկավարժության հետ կապ չունի, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը։ Ասում են՝ կմիավորենք, հետո քիչ-քիչ կտանենք ուրիշ բուհեր․․․ սա խաղուպար չէ, ուսանողների ճակատագրի հետ եք խաղում»,- նշում է Ակոպյանը։

Այս պահի դրությամբ նախարարը չի հաստատել իր ներկայությունը այսօր համալսարանում նախատեսված գիտական խորհրդի ընդլայնված նիստին։ «Մեր հիմնական պահանջն է, որ հրապարակեն այդ փաստաթուղթը, քանի որ կա նման որոշում, բոլորս գիտենք, բայց էթիկայի կանոններից ելնելով՝ չենք ուզում հրապարակել։ Ես՝ ինքս, տեսել եմ այդ որոշումը, եւ հիմնավորումը, որպես այդպիսին, այն է, որ ստեղծեն կրթական գիտությունների համալսարան, բայց սա բուն թեմայի հետ որեւէ առնչություն չունեցող հիմնավորում է»։

Ի դեպ, երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարը հաստատել է 3 բուհի միավորման փաստը․ «Ես բացահայտ եմ ասում` այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման նախագիծը, համապատասխան կարգով որոշում կկայացվի, ու կանցնենք առաջ»։ Դումանյանը հավաստիացրել է, որ ոչինչ կտրուկ չի փոխվելու, ու նախաձեռնությունն ընդամենը բարձրագույն կրթության որակի բարելավման համար է։

Ըստ Դումանյանի` բուհերը կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվել ակադեմիական քաղաքի գաղափարը․ «Պրոֆեսորադասախոսական կազմից որեւիցե հաստիք չի կրճատվելու։ Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»։ Իսկ գուցե խնդիրը հենց այդ երկու ռեկտորից ազատվելու մե՞ջ է: