Ի վերջո հասկացավ, որ խնդիրը ոչ թե Վանեցյանն էր, այլ Փաշինյանը

Ի վերջո հասկացավ, որ խնդիրը ոչ թե Վանեցյանն էր, այլ Փաշինյանը

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը երեկ շատ անսպասելի բաժանարար գծեր դրեց իր ու Նիկոլ Փաշինյանի միջև՝ իրեն դուրս դնելով իր իսկ գծած գործառույթներից։ Այն է՝ «որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից» ու երկիրը կոռուպցիայից մաքրելու առաքելությունից, որը հռչակել էր ՊՎԾ պետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից ու շարունակ դրա մասին էր խոսում, անգամ՝ իշխանությունից հեռացվելու ու քրեական հետապնդման ենթարկվելու ողջ ժամակահատվածում։

Դավիթ Սանասարյանին թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի իր դեմ եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է իր գլխին «սարքել», բայց Վանեցյանն ազատվեց աշխատանքից, իսկ իր նկատմամբ հետապնդումը չդադարեցվեց եւ ինքը չվերականգնվեց իր պաշտոնում։

Սանասարյանը հավանաբար գիտակցեց, որ «պրոբլեմը Փաշինյանն է»։ Ավելի ճիշտ՝ ինքը՝ Դավիթ Սանասարյանն է Փաշինյանի պրոբլեմը։ Մինչդեռ, եթե հիշում եք՝ 2018 թ․ իրադարձությունները, Դավիթ Սանասարյանը «հեղափոխության» ամենաառանցքային ֆիգուրներից էր՝ «մերժիր Սերժին» շարժման նախաձեռնողներից, որը սկզբնական շրջանում առաջնորդին գրեթե հավասար կողմնակիցներ ուներ, ղեկավարում էր փողոց փակելու և, առհասարակ, բոլոր ուժային գործողությունները։ Մի խոսքով՝ համարյա Լեննին ու Տրոցկին էին Նիկոլն ու Դավիթը։ Եւ սպասելի էր, որ 1917 թ․ հեղափոխության կանոններով Դավիթ Սանասարյանը պետք է չեզոքացվեր։ Իսկ մինչ այդ աշխարհաքաղաքական աշխատող կոնտեքստ էր գտել՝ հակադրելով «ռուսամետ» Վանեցյանին ու «սորոսական» Սանասարյանին։

Սա բոլորին պարզ էր, բացի Սանասարյանից, ով մոտ երկու տարի սպասում էր՝ դիմում չէր գրում։ Քրեական գործը քննում էին, դատավճիռն ուշանում էր, սակայն ՊՎԾ պետի պաշտոնից էլ նրան չէին ազատում, որ չգնա միանա ընդդիմադիր զանգվածին։ Եւ հիմա Սանասարյանը Փաշինյանին ասում է․«Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյան ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։ Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո»։

Հ․ Գ․ Մենք ուզում էինք լսել Սանասարյանի մեկնաբանությունը եւ մի քանի հարցերի տալ՝ երբվանի՞ց է հասկացել, որ խնդիր կա Փաշինյանի հետ, իր կարծիքով՝ ինչու հեղափոխության առաջնորդն այդպես վարվեց իր հետ եւ հեղափոխական թիմն ինչպես է պահել իրեն, ինչ քաղաքական ուժ է նախաձեռնել՝ որ ուղղվածության, ում հետ։ Սակայն նախկինում մամուլի համար միշտ հասանելի Դավիթ Սանասարյանը իր վերջին գրառումից հետո զանգերին չի պատասխանում, ինչն անհասկանալի է քաղաքական դաշտ մտնել պատրաստվող անձի կողմից։