Նման խոսնակին հարկավոր է աշխատանքից ազատել

Նման խոսնակին հարկավոր է աշխատանքից ազատել

Մեր գործունեության ընթացքում մենք գրեթե ամեն օր բախվում ենք վատ աշխատող մամուլի ծառայությունների, ամբարտավան խոսնակների հետ, որոնք չեն պատկերացնում իրենց աշխատանքը, չգիտեն մամուլի եւ լրագրողների հետ ինչպես շփվել, չգիտեն, որ իրենց միակ պարտականությունը լրագրողների աշխատանքին նպաստելն է՝ հանրությանը տեղեկատվություն հաղորդելը։

Մամուլի խոսնակների, տեղեկատվության եւ կապերի վարչությունների աշխատակիցների վայ-աշխատանքի մասին մենք կարող էինք հատորներ գրել, բայց, որպես կանոն, ձեռնպահ ենք մնում նրանց վրա ծանրանալուց՝ չենք արձագանքում, չենք պատասխանում, ի ցույց չենք դնում նրանց վատ աշխատանքը, մասամբ՝ մասնագիտական համերաշխությունից ելնելով (ի վերջո՝ մենք նույն գործն ենք անում), մասամբ՝ հասկանալով, որ անիմաստ է․ մամուլի խոսնակների ինստիտուտը մեզանում վատն է եւ առաջիկայում էլ դժվար թե լավը դառնա։ Նրանց համար լուրջ դասընթացներ է պետք կազմակերպել։ Նախ պետք է սովորեցնել, թե որն է տեղեկատվությունը, ինչ է վերլուծությունը, որտեղ է զրպարտությունը, որն է վիրավորանքը, ինչպես տարբերել փաստը կարծիքից կամ հրապարակախոսությունը՝ հետաքննությունից։ Ըստ այդմ, պետք է սովորեցնել հերքում, պարզաբանում գրելը։ Բացատրել, թե որ դեպքում խոսնակն իրավունք ունի եւ պարտավոր է պատասխանել ԶԼՄ-ի հրապարակմանը, որ դեպքում պետք է ընդամենը կարդա ու զեկուցի իր ղեկավարին։ Առհասարակ՝ ինչպես է չափվում խոսնակի աշխատանքի արդյունավետությունը, եւ արդյո՞ք նրա պարտականությունների մեջ մտնում է իր հիմնարկի կամ ղեկավարի մասին նեգատիվ հրապարակումները կանխելը։ 

Այս տարրական գիտելիքներին եթե խոսնակները տիրապետեին, ապա, օրինակ, Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը երբեք, ոչ մի պարագայում մեզ նման գրություն չէր ուղարկի։ Այս գրությունը տպագրում ենք որպես դիդակտիկ օրինակ, թե ինչպես չպետք է աշխատի մամուլի պատասխանատուն։ 

Ու այսպես․ օրեր առաջ Հերմինե Վարդանյանից ստացել ենք այսպիսի գրություն․
«2019թ․ ապրիլի 15-ին Ձեր աշխատակից Սերոբ Մարությանի հեղինակությամբ www.hraparak.am կայքում հրապարակվել է Ինչի՞ չեկար, պարոն մարզպետ, խորհրդականնե՞րդ չթողեցին խորագրով հոդված, որը չի ներկայացնում իրադարձությունների իրական պատկերը եւ իր մեջ պարունակում է հեղինակի անձնական կարծիքը, որով ստվեր է գցում Արմավիրի մարզպետարանի եւ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի կատարած աշխատանքի, բարի համբավի եւ արժանապատվության վրա:

Հեղինակի կողմից հատկապես խորը ընդգծված կարծիքներ են հնչում երրորդ, հինգերորդ եւ յոթերորդ պարբերություններում: Չցանկանալով բառացիորեն ներկայացնել հեղինակի ոչ արհեստավարժ եւ լրագրողական էթիկայից զուրկ  բառապաշարը`  առաջարկվում է ողջամիտ  ժամկետում,  օրենքով սահմանված կարգով հերքում տալ առաջադրված մեղադրանքներին»: 
Այս տեքստն ընթերցելիս կարող է թվալ, թե ինչ-որ փաստական անճշտություններ կան վերը նշված հոդվածում, եւ խոսնակի «ուլտիմատումը» դրան է վերաբերում, սակայն հաջորդ պարբերությամբ նա ավելի հեռուն է գնացել եւ ուղարկել է «հերքման» տեքստը, որը մենք պետք է հրապարակենք, ընդ որում՝ մեր անունից։ Ահա այն․

«Ինչի՞ չեկար, պարոն մարզպետ, խորհրդականնե՞րդ չթողեցին հոդվածում հեղինակը ներկայացրել է իր անձնական կարծիքը եւ թույլ է տվել լրագրողական էթիկայի նորմերի խախտումներ, որի համար խմբագրությունը հայցում է Արմավիրի մարզպետարանի եւ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ներողամտությունը»:

Մեծ ինքնատիրապետում է պետք ունենալ այս տողերի հեղինակին առանց վիրավորելու պատասխանելու համար։ Ուրեմն, Արմավիրի մարզպետարանի սույն աշխատակցին թվում է, որ ինքը կարող է ոչ մի փաստական անճշտություն չնշել, իսկ հոդվածում ոչ մի անճշտություն չկա էլ, բայց այսպիսի տեքստ կարող է հղել լրատվամիջոցին, եւ մենք «ամոթից կամ վախից» պետք է իր ուղարկած անհեթեթության գագաթնակետ տեքստը հրապարակենք, քանի որ վերջում սպառնալիք է հնչեցրել՝ ուղղված մեզ․ «Ակնկալվում է Ձեր ողջամտությունը` խնդիրն այլ ատյան չտեղափոխելու համար»:

Ի՞նչ պատասխանես նման խոսնակին, ասես՝ նախ, որ ատյան ուզում եք, «տեղափոխեք», մենք դատավարությունների մեծ փորձ ունենք, եւ դրանց 90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով։ Ասես՝ մարզպետի բարի համբավն ու արժանապատվությունը բոլորովին այլ եղանակով են ձեռք բերվում՝ աշխատանքով եւ աշխատանքի արդյունքներով, ոչ թե մարդկանց բերանը փակելով եւ նորաթուխ մարզպետի մասին բացասական կարծիքները կանխելով։ Ասես՝ հոդվածները գրվում են հենց «հեղինակի անձնական կարծիքն» արտահայտելու համար, իսկ «հեղինակի կողմից հատկապես խորը ընդգծված կարծիքներ են հնչում երրորդ, հինգերորդ եւ յոթերորդ պարբերություններում» արտահայտությունը ոչ մի գրագետ ու չափահաս մարդ չէր գրի։ Իսկ հոդվածի հեղինակին «ոչ արհեստավարժ» բնութագիր տալը ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ ձեր իրավասությունների մեջ չի մտնում։ Մենք Արմավիրի մարզպետի փոխարեն աշխատանքից կազատեինք իր իրավասությունների սահմաններն անցած խոսնակին, բայց ամեն մեկն իր կերպարին համահունչ խոսնակ եւ օգնական է պահում, նման խորհուրդներ տալը մեր իրավասություններից դուրս է։ Ուղղակի ինչքան արագ սովորեք մամուլի հետ հաղորդակցվել, այնքան կշահի գործը՝ ե՛ւ մեր, ե՛ւ ձեր։

«Հրապարակ»