Ղարաբաղյան հարցը քննարկվել է ՌԴ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ նախագահի կողմից

Ղարաբաղյան հարցը քննարկվել է ՌԴ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ նախագահի կողմից

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի միջեւ։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը նույնպես։ Ըստ Միրոսլավ Լայչակի, մարտի առաջին կեսին ինքը այցելելու է Բաքու եւ Երեւան, Ղարաբաղյան հարցը կողմերի հետ քննարկելու համար։ «Կա հրավեր Հայաստանից եւ Ադրբեջանից։ Սլովակիան աջակցում է հակամարտության կարգավորման համար ստեղծված ձեւաչափը։ Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահությանը եւ մշտապես հանդիպում համանախագահների հետ։ Մենք ունենք նոր իրավիճակ Հայաստանում՝ տեղի ունեցած ընտրություններից հետո։ Նոր կառավարությունը շատ ուժեղ մանդատ է ստացել։ Կան որոշակի սպասումներ։ Ես ուզում եմ, որպեսզի իմ այցը օգնի հստակեցնելու, թե ինչ սպասել եւ ինչ գործողություններ են պետք անել։ Մեր նպատակն է օգնել Մինսկի խմբի համանախագահներին օգտագործել հենց այդ իրավիճակը»,- ասել է Լայչակը։ Իր հերթին Սերգեյ Լավրովը ասել է, որ Հայաստանի կառավարությունը վերջերս է ձեւավորվել։ Բացի այդ, համանախագահները կարող են միայն աջակցել կայուն երկխոսության ձեւավորմանը, սակայն որոշումը պետք է կայացնեն կողմերը։ «Մենք երախտագետ ենք ԵԱՀԿ գործող նախագահողին, Ռուսաստանի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին, որոնք աշխատում են նման սերտ շփման մեջ։ Նրանք հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների եւ ԱԳ նախարարների հետ։ Նախատեսվում են նոր շփումներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը բոլորովին վերջերս է ձեւավորվել, անխոս հավելյալ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանանք, թե որքան ինտենսիվ եւ որքան խորությամբ է հնարավոր զարգացնել կարգավորման պրոցեսն այս փուլում։ Կրկնեմ եւս մեկ անգամ՝ ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել երկխոսության պայմանների ձեւավորմանը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն կողմերը ուղիղ խոսակցությունների կամ բանակցությունների միջոցով»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։