Առանց դատական նիստ նշանակվելու՝ վճիռ է հրապարակվել

Առանց դատական նիստ նշանակվելու՝ վճիռ է հրապարակվել

Նոյեմբերի 23-ին «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ իրենց հաճախորդ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավի արատավորման հետ կապված՝ իրենք հայց էին ներկայացրել դատարան եւ ընկերության խախտված իրավունքները վերականգնելու հարցում հաղթանակ են գրանցել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ընկերության անունից հայցադիմում էր ներկայացվել առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ բնապահպան Թեհմինե Ենոքյանի, որով պահանջել էին հերքել 2018թ. օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում վերջինիս հրապարակային ելույթում «Լիդիան Արմենիա» ընկերության հասցեին հնչեցված՝ զրպարտություն հանդիսացող հայտարարությունները եւ փոխհատուցել զրպարտության եւ վիրավորանքի համար: Խոսքը վերաբերում է 2018թ. օգոստոսի 12-ին Թեհմինե Ենոքյանի կողմից իր իսկ ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակված հրապարակային ելույթին:

«Ողջույն… ողջունում եմ գնդեվազցիներին, կեչուտցիներին, ջերմուկցիներին, Ջերմուկում հանգստացողներին… Եվ հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը եւ թույլ չեն տալիս «Լիդիանի» նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները… Ինչպես նաեւ կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում «Լիդիանը» բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաեւ միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի եւ մի շարք այլ համայնքների միջեւ»,- մասնավորապես ասել է բնապահպանը:

Այսպիսով դատարանը «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ, բնապահպան Թեհմինե Ենոքյանին պարտավորեցրել է 1 մլն 300 հազար դրամ գումար վճարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորելու համար: Դատարանի որոշմանը հաջորդեցին քաղաքացիական հասարակության վրդովմունքը եւ հայտարարություններն ու հարցազրույցները: Սա 2018 թվականից առաջ ակտիվ, իսկ 2018-ից հետո ձկան պես լուռ քաղհասարակությունն է, որը տեղ-տեղ տեսնում է իրավունքի խախտումներ, իսկ տեղ-տեղ` կուրանում ու խլանում: Այս անգամ նրանք տեսան եւ ի պաշտպանություն Թեհմինե Ենոքյանի՝ հայտարարություն տարածեցին: Ավելի քան 60 ՀԿ է ստորագրել այդ հայտարարությունը: Գրել են հետեւյալը. «Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս եւ ՀՀ ակտիվ քաղաքացիներս, գտնում ենք, որ Թեհմինե Ենոքյանի նկատմամբ դատավարությունը վտանգի է ենթարկում ժողովրդավարական արժեքները եւ դիտավորություն ունի ոչ միայն լռեցնելու Թ․ Ենոքյանին, այլեւ լռեցնող ազդեցություն ունենալու բնապահպան ակտիվիստների գործունեության վրա»։ Ի դեպ, 2018-ից եւ հատկապես 2020-ից հետո բնապահպան ակտիվիստների գործունեությունն էլ է պասիվացել, գոնե հանրային այնպիսի աղմուկ, ինչպիսին բարձրացնում էին Ամուլսարի, Թեղուտի, Թռչկանի կապակցությամբ, այլեւս չեն բարձրացնում:

Թեհմինե Ենոքյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կայացվել է աննախադեպ վճիռ։ «Կայացվել է մի վճիռ, որը Հայաստանում չունի նման նախադեպ: Այդ գումարը պետք է վճարեմ` մինչեւ կբողոքարկեմ եւ հակառակ դատական ակտն ունենալու պարագայում գումարը հետ կստանամ: Դատարանն ինձ ընդհանրապես չի լսել եւ ոչ մի դատական նիստի չի հրավիրել: Ամեն ինչ գրավոր ընթացակարգով է տեղի ունեցել, առանց ինձ հարցնելու: Պետք է դատական նիստ նշանակվեր, առանց դատական նիստ նշանակվելու իքս վճիռ է հրապարակվում, ի՞նչ պետք է անեի»,- վրդովված ասաց բնապահպանը: Այլ մանրամասների մասին խոսել չցանկացավ: