Պաշտպանը միջնորդեց արդարացնել Ռուբեն Վարդազարյանին
ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի պաշտպանն արդարացում է պահանջում։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, ներկայացնելով ճառը, ասաց, որ Վարդազարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է, ինչի նպատակը եղել է նրա՝ ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցումը։ Հաջորդիվ, անդրադառնալով գործի նյութերին, Սարգսյանը պահանջեց որպես անթույլատրելի ապացույց ճանաչել օպերատիվ մարմինների՝ ԱԱԾ, Ոստիկանության համապատասխան գրությունները։
Պաշտպանության կողմը միջնորդեց՝ Ռուբեն Վարդազարյանը ենթակա է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ եթե անգամ ընդունեն էլ, որ խոսակցություն եղել է, ապա դա չի խոսում արդարադատության իրականացմանը խոչընդոտման մասին, ընդկահառակը՝ միակ նպատակը եղել է հիմնավոր որոշում կայացնելը, որ զերծ մնան ավելորդ քննադատություններից։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք նաեւ, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Կարծիքներ