Մարմնի որ մասով է մտածում Լուլուն՝ նման հայտարարություն անելիս

ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը (Լուլուն) Factor.am-ի-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ներկայումս քննարկում են Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը։ հարց է հնչել, թե ինչու իշխանությունը չի անջատում ՀՀ-ում ռուսական հեռուսաալիքներն այն դեպքում, երբ դրանք միջամտում են ՀՀ-ի ներքին գործերին, ինչն արգելված է ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունների միջև կնքված պայմանագրով։ Բադալյանը մասնավորապես ասել է, որ ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է և «սպառնալիք է պետության անվտանգությանը եւ հույս է հայտնել, որ ինչ որ քայլեր կարվեն, ընդգծելով, որ պետության համար սպառնալիքների առաջացման դեպքում նման քայլերը պարտադիր են, թեեւ արձանագրել է, որ ներկայիս համացանցային դարի պայմաններում հեռուստաալիքներն անջատելու հարցը մեծ հաշվով խնդրի ամբողջական լուծում չէ։
Պատգամավոր Բադալյանի խոսքից նաեւ իմանում ենք, որ ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը վաղուց է քննարկվում և որոշում կայացնելու դեպքում համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ կանեն։ Այս հայտարարությունը միանգամից կայծակնային արագությամբ տարածվեց ռուսական կամ ռուսալեզու մեդիատարածքում։ Արդեն կան նաեւ առաջին մեկնաբանություններն ու արձագանքները։ Ու Լուլուի «եփած» այս «բոզբաշի» բոլոր բաղադրիչները ի մի բերելով շատ սովորական հարց է առաջանում՝ մարմնի որ հատվածով է մտածում Լուլուն: Կամ առհասարակ նման հայտարարություններ անելիս իշխանությունները գոնե մի քիչ գլխներում եղած գորշ նյութը, որ սովորաբար նորմալ մարդկանց մոտ կոչվում է գլխուղեղ, աշխատացնում են, թե՞ կարեւորն ինչ որ բան ասելն է։ Այսինքն՝ ստացվում է, որ ըստ պատգամավոր Լուլուի Հայաստանն արդեն հասել է այն կետին, որ որոշել է հարաբերությունների ամբողջական խզման գնալ Ռուսաստանի հետ, ներառելով դրանում նաեւ այնպիսի ոլորտներ, որոնք կապված են ռուսաց լեզվի՝ հետխորհրդային տարածքում պահպանման եւ տարածման հետ (Կրեմլի համար բացի քարոզչական նշանակությունից, ռուսական հեռուստաալիքները նաեւ ռուսաց լեզվի պահպանման եւ տարածման գործիքներ են հետսովետական տարածքի համար, որոնք աշխատում են որպես այդպիսիք 100 տոկոսով)։ Իսկ պատահաբար պատգամավոր Լուլուն կամ որեւէ այլ լուլուներ իշխանական ճամբարից չե՞ն բարեհաճի ասել, թե երբ է սկսվելու հայ-ռուսական իրական պատերազմը։
Իրոք զարմանալ կարելի է, թե մարդիկ որքան «հարթ ուղեղ» պետք է ունենան, որքան ամեն ինչ պետք է դիտեն սեփական «հողաթափիկ ինֆուզորիայի» «պլանկայից», որ նման բան ասեն: Ոչ մեկը Ռուսաստանին չի արդարացնում եւ առաջին հերթին տողերիս հեղինակը։ Ոչ մեկը իշխանական ճամբարից Ռուսաստանը ներսից ավելի լավ չի ճանաչում, քան տողերիս հեղինակը։ Ու դա հիմք ընդունելով, կարող եմ ասել այն, ինչ արդեն երկու օր է տարբեր փորձագետներ փորձում են մտցնել իշխանական ճամբարում եղածների բավական պինդ գլուխները՝ այո, Ռուսաստանը գուցե եւ լավ դաշնակից չէ, բայց Ռուսաստանը սարսափելի թշնամի է ու Աստված ազատի այն պահից, երբ Ռուսաստանն իրոք սկսի Հայաստանը պաշտոնապես դիտարկել որպես թշնամական երկիր։ Ավելի առարկայական լինելու համար՝ կոնկրետացնեմ. արդեն կան մոտավոր հաշվարկներ, որ բռնի տեղահանված արցախահայերին արժանապատիվ կերպով կեցություն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի ոչ պակաս, քան 2,5-3 միլիարդ դոլար (դա գրեթե Հայաստանի 1 տարվա ամբողջական բյուջեն է)։ Ինչ է անելու Հայաստանը, եթե Կրեմլը, ականջալուր լինելով որոշ խիստ արմատական ռուս փորձագետների, որոշի խզել տնտեսական-առւետրային բոլոր կապերը Հայաստանի հետ ու իր կապիտալները դուրս բերել Հայաստանից, կամ որոշի թանկացնել գազը, կամ Հայաստան առաքվող պարենը սահմանափակել (հիշեցնեմ՝ Վրաստանը հենց այն պատճառով, որ իր տարեկան սպառվող ալյուրի 90 տոկոսը գալիս էր Ռուսաստանից, որոշեց ամբողջական կերպով չմիանալ Արեւմուտքի՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանած սանկցիաներին)։ Կամ սկսի Ռուսաստանում ապրող հայերի դեպորտացիան:
Հասկանում է արդյոք պատգամավոր Լուլուն իր գեղեցիկ, բայց ոչ այնքան խելամիտ գլխիկով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 100 դոլար չէ, այլ միլիոնավոր դոլարների ու այդ բալանսը հնարավոր չի լինի թեկուզ մեկ տարում լցնել այլ բանով, եթե հանկարծ Մոսկվան իրոք անցավ կոշտ գործողությունների։ Ներկայիս կիսաբլոկադայի պայմաններում այդ ինչ հեքիաթային կախարդական փայտիկով է հնարավոր լինելու ակնթարթային կերպով իրականացնել մատակարարումային, տնտեսական պարտնյորական եւ առեւտրային պարտնյորական դիվերսիֆիկացիա։ Սրանք ռեալ ու լուրջ հարցեր են ու լուլուների յուրաքանչյուր նման հայտարարությունը «նստվածք» է տալիս Ռուսաստանում ու կարող է դեմ դուրս գալ Հայաստանին։ Հետեւաբար՝ նախքան խոսելը, եթե նման առարկայական-բնախոսական հնարավորություն կա, պետք է մտածել, իսկ երբ զգում ես, որ դիրքերդ չափազանց անհավասար են՝ ավելի լավ է լռել կամ պահպանել կոռեկտությունը: իԻ դեպ, եթե հենց հիմա թուրքական սահմանը բացվի եւ ողջ թուրքական էկոնոմիկան աշխատի Հայաստանի համար, միեւնույնն է, տարիներ կպահանջվեն, որ դա կարողանա փոխարինել Ռուսաստանին հատկապես, որ թուրքական տնտեսությունն էլ ոչ պակաս կախվածություն ունի ռուսական տնտեսությունից։
Կարծիքներ