Եթե չլինեի հայ եւ հայաստանցի… 

Եթե չլինեի հայ եւ հայաստանցի… 

2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից ինն օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկնեց բավական ծավալուն ֆեյսբուքյան մի գրառում: Դրույթներն ու դրանց հիմնավորումներն արդեն չեմ հիշում, բայց դրանցից մեկն իր կողմից առաջարկվել էր լրատվամիջոցներին որպես վերնագիր: Այդ դրույթը ես բազմիցս եմ մեջբերել՝ բազմաթիվ օրինակներով ցույց տալով դրա սխալ ու նաև վտանգավոր լինելը: Բայց քանի որ մերօրյա «փրկիչն» իրեն համարում է անսխալական, իսկ իր շրջապատում չկա գեթ մեկ անձ, ով համարձակություն ունենար նրա հակառակվելու, մենք շարունակվում ենք գլորվել անդունդը: Նույնիսկ կասեի, որ չկա մեկը, որ լիներ նաև նվիրյալ, խելացի և հայրենասեր: Ես գիտակցում եմ, որ նշված չորս հատկանիշները միշտ չէ, որ հանդիպում են նույն անձնավորության մոտ: Սակայն մի քանի տասնյակ կամ հարյուր անձից բաղկացած նրա շրջապատում գեթ մեկ նման մարդու չգտնվելը տխուր մտորումների տեղիք է տալիս: Տխուր և միաժամանակ վտանգավոր, քանի որ անձանց այդ շրջանակն է կայացնում՝ թեկուզ խորհրդակցական ձայնի իրավունքով, այն որոշումները, որ հետո վճռում են մեր ճակատագիրը: Վճռում են այնպես, որ մենք այսօր հայտնվենք այնտեղ, որտեղ կանք:  

Ենթադրում եմ, որ ընթերցողն արդեն գլխի է ընկել, որ խոսքը նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» դրույթի մասին է: Դրան հետևելով՝ Նիկոլն իշխանություն նվաճեց մեր երկրում: Այո, հենց նվաճեց, քանի որ ստի ու կեղծիքի հիման վրա իշխանության գալը, իսկ այնուհետև բազմահազար երիտասարդների կյանքի ու Արցախի համարյա թե կորստի գնով այն պահպանելն ինչ է, եթե ոչ նվաճում: Սակայն նույնիսկ խայտառակ պարտությունից հետո ինքը չգիտակցեց, որ Սերժ մերժելուն նպաստած այդ դրույթը չի «աշխատում» արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև դիմացը ոչ թե հակամարտության չգնացող և իշխանությունը խաղաղ զիջող Սերժն է, այլ թուրքը: Այն թուրքը, որ 100 տարի առաջ ցեղասպանել է մեր ժողովրդի մեծ հատվածին, զրկել մեզ մեր հայրենիքի մեծ մասից: Այն թուրքը, որ իր գործը համարում էր չավարտված դեռևս 100 տարի առաջ՝ սպասելով ավելի հարմար պահի: Ու այդ պահը հայտնվեց հենց իր՝ Հայաստանի վարչապետ Փաշինյան Նիկոլի, կերպարով: Այդ ամենն ինքը չգիտակցեց պատերազմից առաջ, չգիտակցեց կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո: 

Չգիտակցեց, երբ որպես պարտված երկրի ղեկավար նախաձեռնեց չարաբաստիկ՝ խաղաղ դարաշրջանի մեկնարկի գործընթացը: Եթե գիտակցեր, ապա կհասկանար, որ խաղաղություն չեն մուրում հաղթանակած թշնամուց, այն պարտադրում են պարտված թշնամուն: Եվ հատկապես այնպիսի թշնամուն, ինչպիսին թուրքն է: Այն թուրքը, որը պատերազմից հետո ներխուժում է արդեն խորհրդային ժամանակների Հայաստանի սահմանները, շարունակում է սպանել ու առևանգել մեր զինվորներին ու խաղաղ բնակիչերին, իսկ նրա մեծ եղբայրը (խոսքը Էրդողանի մասին է) այդ ամենը համարում է «տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը նպաստող քայլեր»: Միայն թուրքի ուղեղում կարող էր ծնվել օտարի տարածքի զավթումը, մարդասպանությունը և մարդ առևանգելը խաղաղության հաստատմանն ուղղված  ձեռնարկումներ: Այդ ձեռնարկումների շարքում էլ պետք է լինեին Արցախի խնդիրը լուծված համարելը և «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դարձնելը:

Իսկ որպեսզի Նիկոլը գիտակցեր ասվածի լրջությունը՝ պետք է դեմարշի դիմեր եվրոպաներում՝ չեղարկելով երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Պատճառն էլ, իր ասելով, «հայկական կողմից իրականացված սադրանքն էր՝ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ուղևորությունը»: Եթե ես չլինեի հայ և հայաստանցի կասեի՝ վայելի՛ր, Նիկոլ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» դրույթդիդ հիման վրա խաղաղ դարաշրջանի մեկնարկը: