Վենետիկի հանձնաժողովի ստացած տեղեկատվությունը ներկայացվում է որպես հանձնաժողովի դիրքորոշում․ Տիգրան Եգորյան

Վենետիկի հանձնաժողովի ստացած տեղեկատվությունը ներկայացվում է որպես հանձնաժողովի դիրքորոշում․ Տիգրան Եգորյան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի վերաբերյալ զեկույցի  շուրջ, որը կազմվել է օրերս, մեծ աղմուկ է բարձրացել։ 

Այն ներկայացվում է որպես ՀՀ իշխանությունների դիրքորոշման քննադատություն, դրան 180 աստիճան հակասող կարծիք։ ՀՀԿ-ամերձ իրավաբանները վստահեցնում են, թե ՀՀ իշխանությունները Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակների առաջ ընդունել են, որ դատավորների վեթինգ մեզ պետք չի, այսինքն՝ «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար», իսկ Վենետիկի հանձնաժողովը կարծիք է ձևավորել, որ ՍԴ «դատավոր-անդամ»-ը ընդամենը բառախաղ է, որ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը  «հստակ» է և «աներկբա», որ դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ կա, որ վարչապետի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը մտահոգիչ է և այլն։ 

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է»,-գրում է ՀՀԿ-ամերձ իրավաբաններից Արփինե Հովհաննիսյանը : 

Հայաստանի վերաբերյալ արձանագրումներ են արվել, որոնք ներկայացվում են որպես հանձնաժողովի ավարտուն կարծիք և որոշում, սակայն դրանք ընդամենը հանձնաժողովի ստացած տեղեկատվության շարադրանքն է, որը չի կարելի ընդունել որպես հանձնաժողովի դիրքորոշում։ Այս կարծիքը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։ «Պարզապես պետք է ուշադիր կարդալ նիստի վերաբերյալ ներկայացված զեկույցը։ Այն, ինչ ներկայացվում է, իրականում Վենետիկի հանձնաժողովի  եզրակացություն չի, կարծիք չի, որոշում չի։ Սա ընդամենը Վենետիկի հանձնաժողովին ներկայացված տեղեկատվությունն է։ Իսկ Վենետիկի հանձնաժողովը, շարադրելով իրեն ներկայացված տեղեկատվությունը, որոշել է նախագահին խնդրել հետևել իրավիճակին ու եթե անհրաժեշտություն առաջանա, հայտարարությամբ հանդես գալ»,  - ասում է Տիգրան Եգորյանը։ Կարծում եք, դա է՞լ է ապատեղեկատվություն, որ իշխանությունները ընդունել են, որ վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ օգտակար։ 

«Իշխանությունները ասել են, որ հնարավոր է, բոլոր դատավորների անխտիր վեթինգի  կարիք չլինի, և փոխարենը խիստ կարգապահական ընթացակարգեր նախատեսեն և գործարկեն», - պատասխանեց Տիգրան Եգորյանը։ 

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ ևս Վենետիկի անդրադարձը ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների հրապարակային հայտարարություններին մեծ աղմուկ բարձրացրեց հանրության, քաղաքական ու իրավական շրջանակների ներկայացուցիչների շրջանում։ 

«Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ հրատապ կարծիք կպատրաստվի, որը պետք է ուղարկվի համապատասխան մարմիններին մինչ հոկտեմբեր կայանալիք լիագումար նիստը»,- ասված է մեկ ամիս առաջ հանձնաժողովի կողմից տարածած տեքստում։  

Փաստորեն, ամեն մի նոր տեքստ նոր իրարանցում և իրարամերժ եզրակացություններ է հրահրում խիստ կողմնորոշված ու քաղաքականացված հայաստանյան իրավական դաշտում։