Դու էլ ես մեղք, մենք էլ

Բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր իմաստներով ինքն իրեն փակուղի մտցրած, իր փորած փոսում հայտնված իշխանությունը հուսահատ ջանքեր է գործադրում՝ ելք գտնելու։ Փորձում են առօրեականություն բեմականացնել՝ ՀՀ վարչապետը մի օր մետրոյով ու ավտոբուսով է աշխատանքի գնում, մյուս օրը մարզային դպրոցի բացմանն է մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին է ծաղիկ դնում։ Փորձում է պահպանել երկրի կառավարման ֆորմալ բնույթը՝ մի տեղ մի քանի հարցի պատասխանել, մի տեղ ելույթ ունենալ՝ նախկին հիշողությամբ հոխորտալով ընդդիմադիրների հասցեին, մեկ-մեկ արտերկիր մեկնել եւ ցույց տալ, որ տարբեր ղեկավարների հետ հավասարը հավասարի նման մասնակցում է համաշխարհային անցուդարձին։
Բայց հուսահատության, անելանելիության, ասելիք ու անելիք չունեցողի խոր փակուղին ակնհայտ է դառնում, երբ իր ստորագրությամբ հոդված է հրապարակում եւ սկսում աղերսել թշնամուն, որ համաձայնի իր առաջարկներին։ Երբ սկսում է համոզել ու խնդրել՝ բաց են մեր դռները ձեր առաջ, համեցեք՝ գնացեք, եկեք, բեռներ փոխադրեք։ Պատրաստ ենք բոլոր ընթացակարգերը պարզեցնել, ձեր անվտանգությունն ապահովել։ Երկաթուղի՞ եք ուզում՝ արագորեն կկառուցենք, «պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել»։
Հետո վիրավորված սիրուհու նման բողոքում է․ «Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկներս մերժվում Ադրբեջանի կողմից»: Մարդու սիրտը կտոր-կտոր է լինում այս մղկտոց-աղերսներից։ Հասկանում ես, որ մարդն այլ ելք չի տեսնում, բացի այս աղաչանք-պաղատանքները, եւ արդեն չի թաքցնում տագնապները՝ կարո՞ղ է «էսկալացիայի կեղծ առիթ» եք փնտրում։ Մարդ Աստծո, դու էլ ես մեղք, մենք էլ՝ փոխանցիր իշխանությունը, աղերսներով երկիր չեն կառավարում։
Կարծիքներ