Փաշինյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է ոստիկանական վահանների ետեւի՞ց

Փաշինյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է ոստիկանական վահանների ետեւի՞ց

2018 թ․ ապրիլի 18-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ. «Երեկ, երբ ես ասացի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնելու է փշալարերի ետեւից, այսօր Սերժ Սարգսյանը տղամարդլամիշ ա եղել, կներեք արտահայտությանս: Բռնել ա եւ քշերվա ուղիղ ժամը չորսին, երբ համոզված ա եղել, որ մենք բոլորս քնած ենք, փշալարերը հանել ա տվել: Սատկացրել ա, պռոստը սատկացրել ա, երեւի հետո էլ կանգնել ա հայելու առաջ ու սենց բաներ ա արել (Փաշինյանն այստեղ ցուցադրեց մկանները)… Երբ ինձ ասացին, որ բա գնացիք Բաղրամյան, հետ եկաք, ոնց որ զադնի եք դնում, ես ասացի, որ երբ մենք գնացինք ու չհասցրինք, անմիջապես ոստիկանները փշալարերը փռեցին, ես ասացի, որ մենք հասել ենք մեր նպատակին. Սերժ Սարգսյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է փշալարերի կամ ոստիկանական վահանների ետեւից: Էդ վահանների վրա տեսել եք, չէ՞, սենց պուճուր ծակեր կան, այ, էդ ծակերից ա տեսնելու Հայաստանը: Կամ էլ՝ այսօր ապակուց վահաններ էին բերվել, որ Սերժ Սարգսյանի տեսադաշտը շատ չփակվի»:

Այդ օրից երեք տարի էլ չի անցել, եւ այդ նույն խեղճ իրավիճակում հայտնվել է Սերժ Սարգսյանին հրապարակավ ծաղրող Նիկոլ Փաշինյանը. նա մի քանի մետր տեղաշարժվելու համար մի ամբողջ ոստիկանական զորախումբ է հանում, նրա ամեն քայլը շենքերի գլխից հսկում են դիպուկահարները, ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ինչերով ասես, որ պաշտպանված չեն. է՛լ զենք-անձրեւանոցներ, է՛լ պաշտպանիչ ճամպրուկներ: Ու այդ ամենով հանդերձ, Փաշինյանը շրջում է «Նիկոլ՝ դավաճան, Նիկոլ՝ թուրք, ամոթ» բացականչությունների ներքո: Եկեք ընդունենք, որ ցանկացած արժանապատիվ տղամարդու համար բավականին նվաստացնող իրավիճակ է: Մնում է սպասենք, տեսնենք, թե այդ տղամարդը երբ է «տղամարդլամիշ» լինելու եւ «փշալարերը» հանելու…