Մենք խաղաղ էինք մեր լեռների պես․․․

Պատերազմի ժամանակ էլ այդպես էր։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Ազգի սերուցքը կամավոր գնում, ու հայրենիքի համար մահը երանություն էր համարում։ Իշխանության եկավ մեկը, ում համար հող պաշտպանելը, երկիր պահելը, հոգևոր արժեքներին տեր կանգնելը, հայրենիքի համար զոհվելը, պատմությունը ոչի՜նչ էր ու սկիզբ դրեց հայ մարդու բարոյական աղճատմանը։ Ու հիմա վեց տարվա բարոյական աղճատումից հետո փորձում ենք նորից ի մի գալ՝ եղած փշուրների, կտորտանքների հաշվին։ Ու վեց տարի մեր ժողովրդի հոգևորն աղճատողն իր խամաճիկներով ասում է՝ ուր՜ է մեր դեմ ընդվզում, ու՜ր է պայքար, ու՜ր է մարդ, որ իմ հրաժարականն է ուզում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ մարդիկ այս պարտված, խղջուկ, ոստիկանների թիկունքում թաքնված իշխանության հրաժարականը չեն ուզում, ինչպես իրենք են ասում, ավելի վատթար գնահատական է սպասվում՝ այդ ինչպե՞ս եք կոտրել, մամլել մարդկանց, որ նրանք չեն կարողանում ուղղել իրենց մեջքը ու հեռացնել ձեզ։
Ո՜նց կարողացաք սաղարթախիտ ծառի տակ ժավելաջուր լցնել ու սպանել ծառերը։ Ու հիմա իշխանության նեխած լեշի լեզվով հանրությանը հղումնե՞ր եք անում․․․ Կարկտից հետո բույսերը ավելի փարթամ են աճում։ Բերքը գետնին է թափվում, ինչպես մեր բերքը Եռաբլուրում թափեցիք, բայց ծառը մնում, դիմադրում ու նորից բերք է տալիս․․․ Կարկտից հետո հայ ազգը, ինպես կարկտահարված ծառը, նոր ծաղկունք է ապրում․․․ Պահանջում է մի իշխանության հրաժարական, ով մեր բերքը փչացրել, երկիրը հանձնել, մարդկանց հոգևորը աղճատել է։ Մինչդեռ աղճատողը, կարկուտ բերողն ասում է՝ պետք է ողջ ազգը մեկ առ մեկ գա Հրապարակ, ողջ ազգը մի մարդու պես պիտի հրաժարական պահանջի, ազգը պիտի կարողանա ոստիկանությանը հաղթի, որ ես հեռանամ․․․ Իսկ մարդուն դատում է մի հոգու տված ցուցմունքով։ Տասնյակ հազարավոր մարդիկ մի ցուցմունք տվողի չափ չկա՞ն․․․
Ինչևէ անդրադառնամ առաջին նախադասությանս։ Պատերազմի ժամանակ էլ այդպես էր։ Երեկվա հանրահավաքին, նստել էի Ակադեմիայի դիմացի պատին նայում էի այս քնած երիտասարդին։ Չէի ուզում դեմքը պարզ երևա, որ իշխանությունը «չհոշոտի նրան»։ Մեր սերուցքը միշտ էլ զոհել, զոհում է իրեն, իսկ փաշաների խումբը փախչել, փախչում է անգամ ծառայությունից։ Ժամանակ առ ժամանակ երիտասարդն արթնանում ու այնպիսի հայացքով էր նայում, ասես հարցներ՝ դեռ հրաժարական չի՞ տվել․․․ Շիրազի «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» էքսպրոմտի տողը, որը վերաբերվում էր մեր դարավոր թշնամուն, այսօր լիուլի վայելում է Փաշինյան Նիկոլը։ Այս երիտասարդի հայացքով հայ ազգն է սպասում։ Այսօր սպասել հրաժարականի, նույնն է, որ սպասել թշնամուց ողորմածության։ Եթե վերջին հայն էլ Հրապարակ դուրս գա, հրաժարականը պահանջի՝ հրաժարական չի տալու, ասելու է դեռ մեկն էլ կա․․․ Նա , որ մեր ցեղասպանության զոհերի անուններն է հատ- հատ պահանջում, այդպիսի բան նույնիսկ թշնամին չի արել, կենդանի հայերի ցուցակը հատ- հատ պահանջելու է․․․ ու զարմանալու, որ կարկտահարումից հետո այդքան բերք մնացել է, որ դեռ իր հրաժարականն է պահանջում․․․
Կարծիքներ