Հերթական սկանդալը

Հերթական սկանդալը

Ժամանակին երբ գրեցինք Գարեգին Բ-ի աղջկա՝ Խաթուն Կտրիճովնայի մասին, մեզ քարկոծում էին՝ սրբապիղծ հոդվածներ հրապարակելու մեջ, աղանդավոր էին կոչում, հերձվածող, չէին հավատում մեր հրապարակած փաստերին, թեեւ դրանք անառարկելի էին, եւ եկեղեցին անգամ չհերքեց այդ իրողությունը։ Իսկ երեկ նոր սկանդալ է ծագել Հայ առաքելական եկեղեցում։ Պարզվել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետի շատ երիտասարդ տեղակալ Արգիշտի Քյարամյանն Առաքել Քյարամյանի (քաղաքացիական անունը՝ Էլբեկ)՝ Կոտայքի թեմի առաջնորդի, եպիսկոպոսի որդին է, ով կուսակրոն է, եւ ում Հայ առաքելական եկեղեցու կանոններով արգելված է ամուսնությունը եւ ըստ այդմ՝ զավակ ունենալը։

Առաքել սրբազանը կաթողիկոսի մերձավոր անձանցից է, ժամանակին Սեւանի ճեմարանի տեսուչն է եղել, ապա ոստիկանության հոգեւոր պատասխանատուն։ Թերեւս հենց այստեղից էլ կապը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ, թեեւ երեկ ՊՎԾ պետի տեղակալը հերքել է քավոր-սանիկական հարաբերությունները Գասպարյանի հետ։ Փորձեցին հերքել նաեւ թեմի առաջնորդի կապը պետական պաշտոնյայի հետ, սակայն ապացույցներն անառարկելի են՝ փաստաթղթեր եւ սկզբնաղբյուրներ կան։ Կարելի էր, անշուշտ, վերլուծել այս սկանդալի պատճառները, խոսել հոգեւորականության շրջանում այլասերման մասին, բայց շատ ավելի կարեւոր խնդիր կա այստեղ, որը լուծման կարոտ է։

Դա մեր եկեղեցու հնացած, իր դարն ապրած ավանդույթներից հրաժարվելու, մոդեռնիզացիայի խնդիրն է։ Ի՞նչ իմաստ ունի կառչած մնալ դարավոր ավանդույթներից ու սահմանափակումներից, այդ թվում՝ կուսակրոնությունից, որը կեղծիքի, խաբեության, անազնվության հող է ստեղծում։ Ինչքան ավելի ազնիվ կլինի հրաժարվել այդ կանոնից, եւ անգամ բարձրաստիճան հոգեւորականներին հնարավորություն տալ ամուսնանալու։