Առաջիկա օրերին մոտ 2500 մարդ կվերադառնա ՌԴ-ից

Առաջիկա օրերին մոտ 2500 մարդ կվերադառնա ՌԴ-ից

Առաջիկա օրերին՝ օգոստոսի 8-ից մինչև 15-ը չարտերային 8 չվերթներ են նախատեսվում ՌԴ մայրաքաղաքից Երևան և Գյումրի: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով նախատեսված չվերթների ժամանակացույցը։ Չվերթներն իրականացվելու են «Դոմոդեդովո» օդանավակայանից «Nord Star» և «Red Wings» ընկերությունների կողմից:  

Ավիատոմսերն ազատ վաճառքում են: Դրանք կարելի է ձեռք բերել  «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից: Գները մատչելի են :«Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի», - հայտնում է դեսպանատունը, խորհուրդ տալով չվերթների հետ կապված հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։

ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների շրջանում, որոնք վաղուց սպասում են հայրենիք վերադառնալու հնարավորությանը, այս նորությունը մեծ աժիոտաժ է առաջացրել: Մեր տեղեկություններով՝ տոմսարկղերի մոտ երեկվանից հերթեր են առաջացել: 8 ինքնաթիռներով կարող են Հայաստան վերադառնալ մոտավորապես ավելի քան 2400 մարդ: Սակայն պահանջարկը չի սպառվում: «Երեկվա դրությամբ, օգոստոսի 8-ից մինչև 11-ի չվերթների բոլոր տոմսերը սպառվել են», - ասաց Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, որը մոտ է բնակվում օդանավակայանին և այս օրերին հաճախ է իր հարազատների խնդրանքով նրանց համար տոմսեր գնում: «Ամեն անգամ գնալով «Դոմոդեդովո», տեսնում եմ, որ Երևանի համար մեծ հերթեր են, Գյումրիի համար՝ այնքան էլ մեծ չեն», - ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում: