Հայաստանը կանգնեցրել են ցուգցվանգի առաջ
Առվի առաջ որ մի քար է ընկնում, ջուրը կոկորդում մնացած փշի պես կանգնում է, անգամ եթե քարը փոքր է լինում, էլի ջրի ընթացքը փոխվում, դանդաղում է։ Առուն կամ ջուրը ե՞րբ է հարթ հոսում։ Մասնագետ չպետք է լինել՝ հասկանալու, երբ նրա մեջ ավազ կամ քար չկա։ Նիկոլ Փաշինյանի գալու օրվանից ադրբեջանական ու թուրքական ջրերը հարթ ընթանում են Հայաստանի լեռներում, արոտավայրերում, դաշտերում, գյուղերում, քաղաքներում։ Ավազը, քարը դիմադրողականությունն է։ Չկա այդ դիմադրությունը, որը պետք է ցուցաբերի իշխանությունը։ Դա չարիքի փոքրագույն մասն է, ոչնչացվել է ժողովրդի դիմադրողականության իմունիտետը՝ կեղծ օրակարգերով։ Ամենասարսափելին այն է, որ փաշինյանենք պետության դիմադրողականության պաշարը իրենց ողջ թիմով սպառել են ու շարունակում են սպառել։
Ադրբեջանի ու Թուրքիայի «ջրերը», որոնց դեմը նախկինում քար էր դրվել՝ չհեղեղելու, սելավի տակ չթողնելու Հայաստան աշխարհը, անարգել քշում են մեր ոտքերի տակից հայկական հողերը․․․ Նիկոլը սելավը պահող քարը հանել է տեղից։ Ավելին, Ադրբեջանից եկող հեղեղին խառնել է նաև Թուրքիայի պղտոր ջրերը՝ բացելով սահմափակող բոլոր արգելքները։ Հայ ազգը կանգնեցրել է Ադրբեջան- Թուրքիա, Արևմուտք սելավի առաջ։ Ներսում մի քար անգամ թույլ չի տալիս, որ դրվի այդ սելավի առաջ, անգամ ավազն է մանրում, որ նրանց մուտքը հարթ ու սահուն, առանց խոչընդոտի լինի։ Ու այս հարթ պետականակործան սահքի մեջ ինչի՞ է սպասում ժողովուրդը, որը սելավը փակող միակ պատնեշն է։ Սպասում է, որ այդ պատնե՞շն էլ մանրի, «խուրդի» առաջին նախագահի բնորոշմամբ «ազգակործան պատուհասը»։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռամբ Թուրքիայի ու Ադրբեջանի «պղտոր ջրերը խառնել» ու ընդհանրացրել է, Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական գլոբալ խնդրի առաջ։ «Գործողության պարտադրանքի», ցուգցվանգի առաջ կանգնելով, Նիկոլ Փաշինյանը երկիրը փրկելու նպատակով հրաժարական տալու փոխարեն ցուգցվանգի առաջ է կանգնեցրել Հայաստանը։ Ավելին, կավատային քաղաքականությամբ Հայաստանը պետք է բավարարի Արևմուտքին, Թուրքիային, Ադրբեջանին, եթե ոտքի վրա կարողանա մնալ նաև է հերթի մեջ սպասող մյուս միջազգային «պարտնյորներին»։
Կարծիքներ