Լեւոն Երանոսյանի պաշտպանները գործի նյութերին ծանոթացել են եւ միջնորդություններ ներկայացրել

Լեւոն Երանոսյանի պաշտպանները գործի նյութերին ծանոթացել են եւ միջնորդություններ ներկայացրել

Իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի պաշտպանները ծանոթացել, վերջացրել են գործի նյութերին եւ միջնորդություններ ներկայացրել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասեց Երանոսյանի պաշտպաններից Տիգրան Սաֆարյանը։

Նա չցանկացավ խոսել միջնորդությունների մասին, միայն նշեց․ «Եթե անձը իրեն մեղավոր չի ճանաչում, իր վերաբերյալ գործը ուղարկում են դատարան, բա նախաքննության վերաբերյալ առարկություններ չի՞ ունենա»։

Պաշտպանի խոսքով՝  իրենց կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են, իրենք էլ բողքարկել են դատախազություն։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: