Դատախազի շքեղ առանձնասենյակի եւ 14 միլիոնանոց վերելակի մասին

Դատախազի շքեղ առանձնասենյակի եւ 14 միլիոնանոց վերելակի մասին

«Ձեր օրը փչացնեմ, էլի… ելույթ չէի նախատեսում, բայց ի մի բերեցի որոշ նյութեր»,- ԱԺ-ում այսօր դատախազության 2018թ. գործունեության քննարկման մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Արթուր Դավթյանի դեմ մի շարք մեղադրական փաստեր ներկայացնելով: Պատգամավորն ի պատասխան դատախազի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններին, հռետորական հարցադրումներ հնչեցրեց. «Բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին:

Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել Ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է Ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին՝ հարկատուների հաշվին»: