Ս. Բալասանյանը դիմել է նախարարությանը՝ ի պահ Գյումրիի հանձնել Շուշիի պատկերասրահի կտավները. ի՞նչ է պատասխանել նախարարությունը

Ս. Բալասանյանը դիմել է նախարարությանը՝ ի պահ Գյումրիի հանձնել Շուշիի պատկերասրահի կտավները. ի՞նչ է պատասխանել նախարարությունը

Արցախում պատերազմը դադարել է, բայց փոխարինվել է վանդալիզմով, ռազմական աղետը՝ մարդասիրական աղետով: Կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ, ոչնչացնում դրանք:

Ինչպե՞ս են կարգավորվելու այդ հարցերը, որո՞նք են լուծման ուղիները և ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանից այն կողմ մնացած հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձաններին: Այդ հարցերը պատասխաններ չունեն:

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ մշակույթային Գյումրին, Շուշիի մշակույթային արժեքների կորստի նկատմամբ անտարբեր չէ: Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի այն շարժական մշակույթային արժեքները, որոնք դուրս են բերվել Շուշիի պատկերասրահից եւ տեղափոխվել  ռմբապաստարաններ, համապատասխան իրավական փաստաթղթավորումից հետո ի պահ հանձնվեն Գյումրի քաղաքին: Շուշիից տեղափոխված արժեքները տեղ կգտնեն Ասլամազյան քույրերի պատկերասրահում եւ ըստ անհրաժեշտության կկազմակերպվի ցուցադրություն:

Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի խոսքերով՝ մինչ այս պահը, սակայն, ԿԳՄՍ նախարարությունից որևէ պատասխան չեն ստացել: «Նշում են, որ իրենք ևս մտահոգ են, քանի որ այնտեղ գորգերի, քարերի, երկրագիտական թանգարաններ կան, որտեղից նույնպես նմուշներ պիտի դուրս բերվեն»,-ասաց Լիլիթ Թովմասյանը՝ միաժամանակ նշելով, որ թերահավատ է, թե պետական մակարդակով այդ  հարցը կարող է լուծվել, քանի որ մշակույթային հայրենազրկումը թշնամուն միշտ հաջողվել է: Այդ հարցում նրանց միտքն ավելի պայծառ է, քան՝ մերը: 

«Երբ երկրաշարժ, աղետ, հրդեհ է, տունը լքելիս առաջինը վերցնում ենք մեր անձնագիրը, իսկ մեր անձնագիրը մեր մշակույթն է, ինչը մենք չարեցինք »,-ցավով նշում է մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի  Սուսաննա Մկրտչյանը:

«Շուշիի գորգերի թանգարանը մի չքնաղ բան է, ես շարունակ մտածում եմ, որ դա նրանք անպայման կսեփականացնեն, եւ այն էլ՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով: Մենք ունենք մշակույթի նախարարություն, որ պարտավոր էր կազմակերպել, փրկել մեր մշակույթը, բայց ոչ մեկի մտքով չանցավ նախապես մի բան անել: Չտեսնված գործեր էին անում Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաները, որի համար անչափ ափսոսում եմ:

Կային աշխատանքներ, որոնք ապշելու էին, իսկ մանկական ստեղծագործությունը արվեստի հիմքն է»,-ափսոսանքով ասաց նա:

Անդրադառնալով արտահայտությանը, թե  Շուշին դժգույն քաղաք էր՝ Սուսաննա Մկրտչյանը մտաբերեց անցյալ գարունը, երբ Շուշիում էր, որտեղ պետք է կայանար նկարչուհու անհատական ցուցահանդեսը: «Շուշին չքնաղ է, միշտ մշուշի մեջ, բայց շատ պայծառ, ոգեշնչող ու սպիտակ աուրայով»: 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՇՄ ծառայության պետ Վալեր Նազարեթյանն էլ կարծում է, որ խաղաղապահ զորքերի հրամանատարության հետ համագործակցություն ձեռք բերելուց հետո հնարավոր կլինի հաշվառել, թեկուզ դրոններով նկարել թշնամու կողմն անցած մեր հուշարձանները, որպեսզի հետագայում որպես ապացույց, թե ինչ կարգավիճակում են գտնվում, ներկայացվեն միջազգային հանրությանը: Վալեր Նազարեթյանի տվյալներով՝ շուրջ 5000 հուշարձան անձնագրված է, ինչը շատ կարևոր է հետագա քայլերի համար: 

«Պետք է հանրայնացնել մշակույթային արժեքները, ստեղծել տարբեր լեզուներով կայքեր եւ կանգնել պահանջատիրոջ դիրքերում»,-տեսակետ  է հայտնում արվեստաբան Արաքս Մարգարյանը: «Բացի մարդկային մեծ կորուստներից, մենք կրեցինք  մշակույթային եւ հոգեբանական մեծ աղետ: Հուշարձանները, թանգարանների եղածը կարելի էր ինչ-որ ձևով կոնսերվացնել, էվակուացնել եւ դուրս բերել, բայց չարվեց: Այսօր, ով զբաղված է մշակույթով, ոչ մեկ պատասխան չի տալիս: Մեր մշակույթային կորուստը սկսվեց այնտեղ, երբ վերացվեց մշակույթի նախարարությունը եւ փոխարենը ստեղծվեց մի անհասկանալի՝ ԿԳՄՍ կառույց»,-ասաց  արվեստաբանը՝ նշելով, որ իրենց տեղեկություններով՝ Շուշիից դուրս են բերվել ընդամենը մի քանի գորգ եւ մի քանի կտավ, մյուսների ճակատագիրն անհայտ է: