Հ1-ի տնօրենի մրցույթի առաջադրումներին մնաց երկու օր

Հ1-ի տնօրենի մրցույթի առաջադրումներին մնաց երկու օր

Ինչպես հայտնել էինք՝  սեպտեմբերի 18-ին Հանրային հեռուստաընկերության տնօրենի մրցույթի համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է։ Մրցութային հանձնաժողովից հայտնել էին, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ որևէ մեկը չէր դիմել, հաջորդ օրն առավոտյան ասացին, որ 2 անձ, այնուամենայնիվ,  դիմել է՝ առանց պարզաբանելու, թե ովքեր են։ Հայտնեցին, թե բոլորի անունները միանգամից կհրապարակեն՝ հետո։ Հիշեցնենք, որ պոտենցիալ դիմող էր համարվում Հ1-իտնօրենի ԺՊ Արմեն Սարգսյանը, որը նախօրեին խոստացել էր ծանրաբեռնվածությունից դուրս գալուց հետո նստել-որոշել՝ առաջադրվե՞լ, թե ոչ։ Բայց Արմեն Սարգսյանը, որը համարվում է իշխանական թեկնածու, կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ի ղեկավարի՝ Հովհաննես Մովսիսյանի չմասնակցելու պարագայում, երեկ դեռ որոշում չէր ընդունել։ Ասաց, որ պետք է խորհրդակցի կոլեկտիվի հետ․ ուզո՞ւմ են, որ առաջադրվի, թե ոչ։
 «Մի քանի գաղափարներ ունեմ, որոնք ուզում եմ քննարկել, խորհրդակցել»։

Բայց սա ամենը չէ։ Հ1-ում լուրեր են շրջանառում, որ մրցույթին ցանկանում են մասնակցել ոչ անհայտ «Ֆակտորի փրոդաքշըն»-ի տղաները՝ Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնց մասնագիտական շրջանակները նախկինում ճանաչում էին որպես «Շարմից» սերված պրոդյուսերներ, (ըկերության համահիմնադիրներից Ռուդիկ Տեր-Գալստյանն աշխատել է «Շարմ»-ում, ապա Հանրայինի նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել։ Հանրայինում աշխատել է նաեւ Վազգեն Պողոսյանը), իսկ հեղափոխությունից հետո նրանք Քաղաքացու օրը կազմակերպելու համար 25 միլիոն դրամ ստացան եւ հենց այս ընկերությունն էր հետհեղափոխական բոլոր ծախսատար եւ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպիչը։

Հիշեցնենք, որ այս ընկերությունն է անցկացրել Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Հայաստանում, ամանորյա տոնածառի ու հրավառության շոու ծրագիրը, նկարահանումը, տեխնիկան եւ բեմի ձեւավորումը, ավելի վաղ՝ 2018-ի մայիսի 25-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, աջակցել էր 1-ին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսին։ 
Երեկ մեզ չհաջողվեց ընկերության ներկացուցիչներից մեկնաբանություններ ստանալ։ Նրանք որևէ կերպ չարձագանքեցին մեսենջերով մեր գրառումներին, իսկ ընկերության հեռախոսը, որը դրված է «Ֆակտորիի» ֆեյսբուքյան էջում, պարզվեց, այլևս գոյություն չունի։

ՀԳ․Ուշ երեկոյան Վազգեն Պողոսյանը կապ հաստատեց մեզ հետ եւ հերքեց իր առաջադրումը, իսկ Ռուդիկ Տեր-Գալստյանինը հաստատեց։