Ոչ թե բախտակիցներ, այլ՝ բախտախնդիրներ
Մեզանում հաճախ են զուգահեռներ տարվում Զելենսկու և Փաշինյանի միջև՝ մատնանշելով Ուկրաինայի և Հայաստանի ղեկավարների գլխավոր ընդհանրությունը՝ արևմտյան արժեքներին հավատարմության առումով։
Նրանց միավորում է նաև հակառուսական քաղաքականությունը (Կիևում՝ խիստ թշնամական, Երևանում՝ գոնե ոչ բարեկամական) և իրենց իշխանության օրոք պատերազմի, հազարավոր մարդկանց ու տարածքների կորստյան փաստը։
Այս ամենը բավական է, որպեսզի Զելենսկուն ու Փաշինյանին (Սաակաշվիլիի ականջը կանչի) համարենք բախտախնդիրներ, սակայն, ինչպես ասում են, կա մի բայց․․․
ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները խաթարած Հայաստանի համար տարբեր վերլուծաբաններ (մեծապես՝ ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանում) կանխատեսում են Ուկրաինայի ճակատագիրը։
Իսկ ի՞նչ է դա նշանակում։
«Եթե Հայաստանը կարծում է, որ ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունները չեն խանգարում իրեն ինտեգրվել եվրաինտեգրման գործընթացին, ուրեմն այդպես է։ Եվ եթե այս գործընթացը խանգարում է վերոնշյալ կառույցներին՝ համագործակցել Հայաստանի հետ, դա իրենց խնդիրն է, թող Երեւանին կոնկրետ բացատրեն, թե ինչ են ուզում նրանից, եւ ինչ պարտավորություններ է խախտում նա։ Իսկ եթե փոխզիջում չգտնվի, ապա կողմերից մեկը պետք է որոշումներ կայացնի։ Սակայն միշտ պետք է նկատի ունենալ, որ Մոսկվայում նման դեպքերում հակված են 2022 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշմանը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում օրերս նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը։
Թե ինչ որոշում կայացրեց 2022 թ․ փետրվարի 24-ին Կրեմլը՝ բոլորին է հայտնի։ Սա ոչ թե ռուսական շրջանակներից եկող սպառնալիք է, այլ սցենարներից մեկի հավանական ահազանգը՝ հաշվի առնելով Ռուսաստանի սառնասիրտ վերաբերմունքը հարևանների նկատմամբ (Վրաստան, Ուկրաինա և այլն)։
Համանման բնութագրում տվեց նաև ռուսաստանցի մեկ այլ գործիչ՝ Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ)պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերեզկինը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե ինքը չի մասնացկելու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը:
«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը կազմակերպության կազմից երկրի դուրս գալու նախազգուշացում է», - նշել է Պոդբերեզկինը և հավելել, որ Հայաստանում միայն իշխանափոխությունը կարող է երկիրը թողնել կառույցի անդամ։
«Կրկնվում է ուկրաինական և վրացական փորձը (ԱՊՀ-ից դուրս գալը), Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ Ուկրաինայի հետ, որը նախ ստորագրեց ԱՊՀ պայմանագիրը, ապա սառեցրեց իր մասնակցությունը, իսկ հետո փաստացի դուրս եկավ»,- ընդգծել է պրոֆեսորը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Եթե նույնիսկ Հայաստանին սպասվի ուկրաինական սցենարը, Փաշինյանն ու Զելենսկին ոչ մի դեպքում բախտակիցներ չեն կարող լինել, որովհետև Ուկրաինայի բախտն ու ճակատագիրն առայժմ մեկի (թող որ բախտախնդիր մեկի) ձեռքերում է, ով մեկ տարուց ավելի շարունակում է պայքարել իր կորցրած տարածքները ետ բերելու համար, ահազանգում, դիմում է աշխարհին՝ աջակցության ու զորակցության խնդրանքով, և հույս ունի հասնել հաղթանակի։ Այս, սա կարելի է բախտախնդրություն և նույնիսկ արկածախնդրություն համարել ուժերի հարաբերակցության և Արևմուտքի երկակի մոտեցումների պարագայում։
Մինչդեռ, Փաշինյանի իշխանության տարիներին ոչ միայն հայաթափվեց ու թշնամուն հանձնվեց Արցախը, այլև Ադրբեջանը շարունակում է վերջնագրերի լեզվով խոսել Երևանի հետ, շարունակում է մնալ մեր ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում և դեռ հողային ու այլ պահանջներ ունի մեզնից։
Ուրեմն, Փաշինյանն ու Զելենսկին ոչ թե բախտակիցներ են, այլ սովորական բախտախնդիրներ․․.
Կարծիքներ