ՀՅԴ-ն ներսում ընդդիմադիր է, դրսում՝ իշխանամետ

ՀՅԴ-ն ներսում ընդդիմադիր է, դրսում՝ իշխանամետ

Հին ընկերներն իրենց սկզբունքներին չեն դավաճանում ոչ մի իշխանության ժամանակ․ եթե ՀՅԴ-ն իշխանության մաս է կազմում, ապա հոգով ընդդիմադիր է, եթե ընդդիմություն է, կուսակցությունում միշտ գտնվում է մի ստվար զանգված, որ իշխանության հետ սերտ կապերի մեջ է։ Անցնող շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր, պատվիրակության հանդիպումների մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների պակաս չի զգացվում՝ ՀՀ պատվիրակությունը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, կոնգրեսականների, տեղի հայ համայնքի եւ հայկական մի շարք կազմակերպությունների հետ։

Բայց ուշագրավն այն է, որ ամերիկյան շրջանակների հետ մեր պաշտոնյաների շփումները չեն ստացվում՝ նրանց, որպես կանոն, իրենց զուգահեռ պաշտոնյաները չեն ընդունում։ Եվ ԱԺ պատվիրակության հանդիպումներն օվկիանոսից այն կողմում կազմակերպել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, այսինքն՝ դաշնակցական ընկերները։ Փաստն այս ուշագրավ է ինչպես կուսակցության՝ Հայաստանում ունեցած ընդդիմադիր դիրքորոշմամբ, այնպես էլ Արարատ Միրզոյանի՝ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքով պայմանավորված։ Ավելորդ է ասել, որ թավշյա իրադարձություններից հետո, երբ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը, լուրեր տարածվեցին, թե ՀՅԴ-ն երկու ճամբարի է բաժանվել՝ հայաստանյան ՀՅԴ եւ արտերկրյա՝ հատկապես ԱՄՆ արեւմտյան կոմիտեությունը։ Դրսի ընկերները ժամանակին դեմ էին ՀՅԴ-ի՝ սերժսարգսյանական կոալիցիա մտնելուն։

Բայց թվում էր, թե հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից, ՀՅԴ-իշխանություն ապահարզանից հետո այս կառույցը պետք է միասնական դառնար եւ հստակ ընդդիմադիր կեցվածք որդեգրեր, բայց պարզվում է՝ դրսի եւ ներսի ՀՅԴ-ականների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։ Եթե հայաստանյան ՀՅԴ-ն իշխանություններին սպառնում է «տուն ուղարկել», ապա ԱՄՆ ՀՅԴ-ն զբաղված է ԱԺ խոսնակի ամերիկյան այցը կազմակերպելով։ Ինչպե՞ս է ստացվում, որ ներսում դաշնակցականներն ընդդիմադիր են, իսկ դրսում Արարատ Միրզոյանի ու Աննա Հակոբյանի կողքից չեն հեռանում։ Մանավանդ, որ Միրզոյանը հին ընկերների նկատմամբ առանձնապես «սիրով» լցված չէ։ Նա մի քանի առիթով հեգնանքով է խոսել ավանդական կուսակցության հասցեին․ «Եկեք, չխոսեմ, էլի: Կարո՞ղ է Դաշնակցությունն ինքը հետեւություններ անի: Երեւի արժի»։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ ամիսներ առաջ ասել էր նա։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հստակ տեղեկություն չունի, որ իրենց կուսակից ընկերների ջանքերով են հանդիպումները կայացել․ «Չեմ կարծում, որ միանշանակ կարելի է ձեւակերպել, թե դաշնակցականներն են հանդիպումները կազմակերպել։ Բնականաբար, դա կարող է մեզ հետ կապ ունենալ այնքանով, ինչքանով ՀՅԴ-ն իր կառույցներով լուրջ ներկայություն ունի ԱՄՆ-ում, բնականաբար, դերակատար եղել են»։ Համբարձումյանը կոչ է անում այս փաստից կուսակցության ներսում հակասություններ չփնտրել, առավել եւս՝ երկփեղկվածություն։

«Ամեն ինչ շատ պարզ է։ ՀՅԴ-ն՝ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, եւ բազմաթիվ հարցերի հետ կապված՝ ունենք լուրջ հակասություններ եւ տարաձայնություններ թե՛ սոցիալ-տնտեսական քաղաքականության, թե՛ կառավարման ձեւի եւ ոգու, թե՛ կադրային քաղաքականության եւ բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։ Բայց եթե խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցերին, անկախ նրանից՝ մենք ինչ քաղաքական դիրքավորում ունենք, դա վերաբերում է թե՛ անցյալին, թե՛ ներկային եւ վերաբերելու է ապագային, մենք չենք կարող մի կողմ քաշվել եւ պատասխանատվություն չստանձնել, եթե կարող ենք օգտակար լինել։ Եթե մեր օրակարգի շրջանակը տվյալ հարցում համապատասխանում է իշխանության մոտեցումներին, մենք որեւէ անպատեհություն չունենք համագործակցության եզրեր ունենալու՝ ի շահ երկրի։ Երկիրն ու պետականությունը մի բան է, իշխանությունը՝ մեկ այլ բան, իշխանություններն անցողիկ են, այսօր կան, վաղը չկան, ու չի կարելի դրանով պայմանավորել մեր երկրի անվտանգության շահերը»,- ասաց Համբարձումյանը։

Ո՞րն էր կոնկրետ դեպքում մեր պետության անվտանգության խնդիրը, որին ՀՅԴ-ն աջակցություն է ցուցաբերել։ «Պետք չէ դա որպես աջակցություն ընկալել, ամեն ինչ շատ պարզ է, եթե որեւէ երկրում մեր պետությունը ներկայացված է պաշտոնատար անձով, եւ եթե հանդիպումների, քննարկումների անհրաժեշտություն կա, բնականաբար, դռները փակ չենք պահելու։ Այդպիսի շփումներ եղել են անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մեր ջրերը թեպետ մի առվով չեն գնացել, բայց դա չի խանգարել, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցերում համագործակցենք իշխանության հետ»։ ՀՅԴ-ի պառակտման մասին լուրերին Համբարձումյանը հումորով է վերաբերվում։ «Անընդհատ փորձել են նման հակասություններ որոնել, բայց ՀՅԴ-ի պարագայում նման փնտրտուքներն անիմաստ են»։