Էդքան ճանապարհ ես բացում խոսքով՝ Գորիս-Կապանի փակված կտորը բացի

Էդքան ճանապարհ ես բացում խոսքով՝ Գորիս-Կապանի փակված կտորը բացի

Երկու ամիսը մեկ ասուլիս է տալիս ու ամեն անգամ երկար-բարակ լոլոներ է կարդում մեր գլխին երկրիս վարչապետը։ Մի բան ակնհայտ է, որ այս տարիներին նորմալ վարչապետ չդարձավ, բայց հռետորական հմտությունները բավականին զարգացրեց եւ հիմա գրական բառերի, մասնագիտական տերմինների, գեղեցիկ դարձվածքների մի ամբողջ զինանոցի է տիրապետում։ Պատկերացնում եմ, թե Մարինե Պետրոսյանի ասած՝ Սիրուշ տատը, հեռուստացույցի առաջ նստած ի՜նչ գորովանքով ու զմայլված է լսում իր սրտի վարչապետի ճարտար խոսքը։ Եւ միայն գրագետ ու քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ են լսում ու զարմանում, լսում ու առարկում, լսում ու ապշում, թե ինչքան կարելի է խաբել ու մանիպուլացնել հասարակությանը, ինչքան կարելի է կրկնել նույն հիմարությունները եւ մարդկանց հիմարի տեղ դնել։ 

Որ մեկն ասես․ ահա՝ խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, ողջունում է Թուրքիայի դիրքորոշումը, որ մեր ոչ բարով հարեւանը մեծահոգաբար՝ առանց նախապայմանների, համաձայնել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, խոսում է երկաթուղու մասին, ճռճռան հեռանկար է նկարագրում, թե դրանից հետո ինչպես Հայաստանը դուրս կգա միջազգային շուկա, կհաղորդակցվի Չինաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան՝ աշխարհի հզոր երկրների հետ եւ ինչքան կշահի դրա արդյունքում։ Ու դիմացը նստած աղջնակը չի ասում (պարզ է, որ չի էլ կարող ասել), այ հորդ աստծուն ղուրբան, բա եթե էդքան ճանապարհ ու գիծ ես բացելու, սաղ աշխարհի հետ հարաբերություն ես հաստատելու, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ տենց «բարեկամաբար»՝ մոռանալով, որ ցեղասպանվել ենք ու հազարավոր զոհեր տվել իրենց, ոչ մի նախապայման չեն առաջադրում, բա ինչո՞ւ չես կարողանում Գորիս-Կապան ճանապարհի այդ մի ճստլիկ՝ 21 կիլոմետրանոց հատվածը հետ բերել։ Ինչո՞ւ չես կարողանում գոնե էդ մի հարցը լուծել։ Ինչու յոլդաշներդ էդ մի չնչին ժեստը չեն անում՝ այդ ճանապարհը, որը իրենք էլ, դու էլ լավ գիտեք, որ մաքուր հայկական ճանապարհ է՝ Հայկական ՍՍՀ-ի կողմից կառուցված ու տարիներ շարունակ սպասարկված, ինչո՞ւ չեն վերադարձնում մեզ։ Ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ մեր բեռներն ու մարդիկ հանգիստ երթեւեկեն այդ ճանապարհով։ Բա եթե նախապայման չկա ու կա բարի կամք՝ թող առաջին հերթին այդ հարցը լուծեն, որ դրանից հետո կարողանան մեզնից ճանապարհ պահանջել, մենք էլ համարենք, որ «հայելային եղանակով» միմյանց ճանապարհ ենք տվել։ 

Ախր շատ անհեթեթ դրության մեջ ես հայտնվել, պարոն Փաշինյան՝ դու էլ, մենք էլ, որ ձեւ ենք անում, թե ամեն ինչ նորմալ է, պետություն ենք, դու էլ վարչապետ ու ինչ որ հարցեր քեզնից են կախված, ինչ որ հարցեր՝ մեզնից, որպես հասարակություն։ Եթե անգամ չնչին հարցերում ոչինչ չես որոշում-չենք որոշում, ու ամբողջ օրը զբաղված ենք ինքներս մեզ խաբելով ու համոզելով, թե ամեն ինչ լավ է՝ էսա, էսա Թուրքիայի հետ ախպերություն կանենք ու կզարգանանք, անգամ Սիրուշ տատը մի օր հասկանալու է, որ այս ամենը միայն մի նպատակով է արվում, որ դու մնաս վարչապետի աթոռին, թիմդ՝ պաշտոններ զբաղեցնի, իշխանությունն էլ ոչ մեկին չզիջեք։ Երկրի հերն էլ անիծած, թե ինչ կլինի։