Խաչքարերն իշխանության եւ նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն
«Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքն ազատ ապրեն»։ Նախօրեին Սյունիք կատարած այցի ընթացքում՝ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ այս միտքն է հայտնել վարչապետ Փաշինյանը, ով իր խոսքում հաջորդիվ ընդգծել է, որ տղաները նահատակվել են ոչ թե նրա համար, որ երեխաների պարանոցին խաչքարեր կապվեն, այլ, որպեսզի նրանք ապրեն։
«Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք։ Հա, հասկացանք, ինչքա՞ն խաչքար դնենք՝ մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար դնենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքա՞ր կապենք։ Ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալն ամոթ չլինի»,- համոզմունք է հայտնել երկրի ղեկավարը:
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանին դառնացրել են վարչապետի նման դատողությունները. «Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից: Նախ՝ խաչքարներ չեն, այլ՝ խաչքարեր: Խաչքարերն իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից, ծագել, զարգացել եւ մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն: Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսեւորումների մասին: Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի՝ դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսեւորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որեւէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք եւ ոչ պատճառ»:
Կարծիքներ