Պահելով Ազնավուրին տված խոստումը՝ անցնել «41-րդ միջօրեականը»
«41-րդ միջօրեական»․ այսպես է կոչվում մակեդոնացի ճանաչված արվեստագետ Միցե Յանկուլովսկու առաջին անհատական ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է այսօր՝ «ՀայԱրտ» կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունվարի 13-ը։
Երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում կցուցադրվի Միցե Յանկուլովսկու 23 մեծածավալ եւ եւս 8 մեծակտավ աշխատանք, որոնք նա ստեղծել է դեկտեմբերի 7-10-ը՝ «ՀայԱրտ» կենտրոնում։
Միցե Յանկուլովսկին ավելի քան հինգ տասնամյակ հետեւողականորեն նվիրված է եղել գեղանկարչության եւ գծանկարի ոլորտում հետազոտելուն եւ ստեղծագործելուն: Տարբեր ժամանակաշրջաններում ուսումնասիրել եւ հանրությանն է ներկայացրել աշխատանքներ՝ զանազան գեղարվեստական ուղղություններով (ծաղրանկարներ, ապակենկարչություն, անիմացիոն ֆիլմեր, պալինդրոմներ…)։ Միջազգային մասնագիտական հանրությունը նրան ճանաչում է որպես մուլտիմեդիա արվեստագետ: Նրա կենսագրությունը ներառում է ավելի քան 50 անհատական ցուցահանդես Հյուսիսային Մակեդոնիայում եւ արտերկրում, ինչպես նաեւ նշանակալի է նրա ներգրավվածությունը կարեւոր միջազգային ցուցահանդեսներում՝ Նյու Յորքում, Ֆլորենցիայում, Սանկտ Պետերբուրգում, Շանհայում, Սալոնիկում, Թուրինում, Վենետիկում, Լառնակայում, Վառնայում եւ այլ վայրերում:
Ցուցահանդեսն իրականացվել է «ՀայԱրտ» կենտրոնի ջանքերով՝ համագործակցությամբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Հյուսիսային Մակեդոնիայի ՕՍԹԵՆ պատկերասրահի (Սկոպյե) եւ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության հետ։ «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ԺՊ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ «ՀայԱրտի» ցուցասրահներից մեկը Միցե Յանկուլովսկին օգտագործել է որպես բաց արվեստանոց եւ օրեր շարունակ ստեղծել է տարատեսակ կտավներ․ «Իր այս ոգեւորությունը պայմանավորված է մեր մայրաքաղաքով, որովհետեւ, շրջելով Երեւանով, այցելելով տարբեր վայրեր, կառույցներ, նա շատ ոգեւորված է եւ իր ներքին զգացողությունները, նաեւ՝ ցանկությունները, արտահայտել է մեծակտավ աշխատանքներում։ Ցուցահանդեսի խորագիրն արվեստագետի կողմից ընտրվել է, որպեսզի ընդգծվի երկու երկրների միջեւ պատմական, մշակութային եւ արվեստի կապերը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, որովհետեւ Հյուսիսային Մակեդոնիան եւ Հայաստանը գտնվում են 41-րդ միջօրեականի վրա։ Եվ այդ աշխարհագրական կապը մակեդոնացի արվեստագետը վերածել է արվեստային ու հոգեւոր կապի»։
Ցուցահանդեսին ընդառաջ, մենք հանդիպեցինք նաեւ Միցե Յանկուլովսկուն եւ զրուցեցինք հայաստանյան այցի, մարդկության ապագայի ու Ազնավուրի հետ ունեցած իր հանդիպման մասին։
«Ժամանակը, որ մենք ապրում ենք, այլեւս չի չափվում ժամերով ու րոպեներով, այլ՝ իրադարձություններով,- համոզված է արվեստագետը։- Յուրաքանչյուրիս կողմից ներդրված ջանքն ամբողջական պատկերի միայն մի կետն է, բայց հենց այդ համադրության մեջ մենք կարողանում ենք առաջհայաց կերպով տեսնել, թե ինչպիսին է լինելու մեր հասարակության եւ, ընդհանրապես, մարդկության պատմության ապագան, որպես զարգացող հասարակության։ Ինչպես մենք ենք մեր նախնիներից ժառանգել մեր այսօրվա իրականությունը, այնպես էլ պատասխանատվություն ենք կրում՝ դրանից ավելի լավը փոխանցելու մեր սերունդներին, այնպիսի միջավայր ու իրականություն, որը նրանց հնարավորություն կտա սահմանելու, ձեւավորելու իրենց սեփական արժեհամակարգը, որն էլ հետո նրանց հնարավորություն կտա չափել անչափելին»։
Իր Հայաստան այցն արվեստագետը պայմանավորում է նաեւ Շառլ Ազնավուրով, որին հանդիպել է մոտ 15 տարի առաջ եւ երկար զրուցել տարբեր թեմաներից, այդ թվում, թե որն է այն արդյունավետ ճանապարհը, որը մարդկությանը տանում է դեպի զարգացում․ «Մենք միասին քննարկում էինք, թե ինչքան հեռու կարող է մարդը հասնել թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով։ Մեր այդ խոսակցությունը ներշնչված էր իմ պապիկից, որը Մակեդոնիայից հասել էր մինչեւ Սալոնիկ, այնուհետեւ՝ Դիարբեքիր։ Այսինքն՝ ինչքան երկար ճանապարհ մարդը կարող է անցնել՝ ինչ-որ փոփոխություն կրելու համար։ Իրականում շատ հուզիչ պատմություն է ընկած այս քննարկումների հետեւում, քանի որ պապիկս բռնի կերպով տեղահանվել է Մակեդոնիայից Թուրքիա եւ միայն տարիներ հետո է հնարավորություն ունեցել վերադառնալ տուն, բայց տունվերադարձի ճանապարհն այդքան հեշտ չի եղել, հայ մարդ է օգնել նրան, որ, ի վերջո, հասել է իր տուն։ Ազնավուրի հետ մենք այս պատմությունն էինք քննարկում, որ պապս Դիարբեքիրից Մակեդոնիա այդ ողջ ճանապարհն ըստ էության անցել է «41-րդ միջօրեականի» երկայնքով։ Ու այս պատմությունը վերհիշելու արդյունքում Ազնավուրն ինձ խորհուրդ տվեց, որ նույն՝ «41-րդ միջօրեականն» անցնելով՝ գամ հասնեմ Հայաստան ու այստեղ կազմակերպեմ ցուցահանդես։ Եվ այսօր այս ցուցահանդեսի ու իմ ներկայությունը Հայաստանում վկայում է նրա մասին, որ ես պահեցի Ազնավուրին տված իմ խոստումը եւ կատարեցի իմ հոգու պարտքն իմ պապիկի առաջ։ «41-րդ միջօրեականն» այս պարագայում ունի թե՛ փոխաբերական, թե՛ սիմվոլիկ, թե՛ ուղիղ իմաստ, դա այն գիծն է, որը խորհրդանշում է իմ պապիկի երկար անցած ճանապարհը դեպի տուն»։
Կարծիքներ