ՀՀ-ում 17 տարվա դատապարտված վրացին հացադուլ է սկսելու. բողոքում է ամեն ինչից

ՀՀ-ում 17 տարվա դատապարտված վրացին հացադուլ է սկսելու. բողոքում է ամեն ինչից

Իրանից Հայաստան 850 կգ թմրանյութ տեղափոխած Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն 2015 թվականին դատապարտվեց 19, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին 17 տարի ազատարզրկման:

Վերջինս կալանքի հետ անհամատեղելի է համարում իր հիվանությունները։ Մեզ ուղղված նամակում նա նշում է․ «Ես այն չարաբաստիկ բեռնատարի վարորդն եմ, որը 2014 թվականի հունվարի 16-ին Մեղրիի կողմից մաքսային ճանապարհով ձերբակալվեց մեկ տոննա հերոինով և առանց որևէ ապացույցի դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 2017 թվականի փետրվարի 9-ից ինձ ծանր հիվանդության պատճառով տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց։ Ունեմ 2-րդ տիպի շաքարախտ՝ ինսուլին կախված տեսակից: Բայց 2019 թվականի հունվարի 11-ին 2 բժշկական հանձնաժողովների եզրակացությամբ, ներառյալ՝ միջգերատեսչական հանձնաժողովը, իմ հիվանդությունները ճանաչեցին անհամատեղելի կալանքի հետ:  Առողջական վիճակի պատճառով պատժի կրումից ազատելու վերաբերյալ նիստ տեղի ունեցավ, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը հրաժարվեց ազատ արձակել՝ անհայտ պատճառներով»:

Այնուհետեւ նա դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն այն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը․ «Այժմ ես սպասում եմ դատարանի որոշման ստանալուն, որպեսզի բողոք ներկայացնեմ վճռաբեկ դատարան։ Ես երկուշաբթի օրը հացադուլ եմ սկսելու, չէ որ ո՞րն է տարբերությունը, թե որտեղ մահանալ՝ հացադուլի մեջ թե կամ հիվանդանոցում, որտեղ վերականգնվել հնարավոր չէ։ Ես նախկինում կարծում էի, որ այս ամբողջը կառավարության կարգադրություն էր և հիմա ես դրանում համոզվել եմ, քանի որ 7 հիվանդությամբ դատապարտված միակ մարդն եմ, որը երկու ատյաններում մերժվում է առանց որևէ բացատրության»։


Դիմեցինք գլխավոր դատախազությանը դատապարտյալի բարձրացրած հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու համար, այնտեղից մեզ փոխանցեցին. «ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս հունիսին, քննելով  Մարտիաշվիլիի պատժի հետագա կրումից ազատելու հարցը, հաշվի է առել  դատապարտյալի  կատարած հանցագործությունների ծանրությունը, անձը, ախտորոշված հիվանդությունների բնույթը, ինչպես նաև բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը:
Դատարանը փաստել է, որ դատապարտյալ Մարտիաշվիլին  ստացել  և ստանում է համապատասխան բուժում, բժշկական օգնություն, մշտապես բժիշկների հսկողությամբ է, նաև ստանում է խորհրդատվություն:
Հետևաբար վերաքննիչ դատարանը փաստել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը՝  Մարտիաշվիլիին  ծանր հիվանդության հիմքով  պատժի հետագա կրումից  ազատելը մերժելու  վերաբերյալ , ճիշտ իրավական հետևություն է , և անփոփոխ  է թողել այն:

Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդության առկայությունը  օրենքով սահմանված կարգով  դատարանի համար պարտադիր չէ անձին պատժի կրումից մեխանիկորեն ազատելու համար:
Համանման մոտեցում է սահմանել նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, առավել ևս եթե պետությունը հնարավոր և անհրաժեշտ միջոցներով ձեռնարկում է դատապարտյալների առողջության պահպանման, այդ թվում պատշաճ բուժօգնության իրավունքը իրացնելու»:

Հիշեցնենք, որ Ավդանթիլ Մարտիաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. Օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվեց ազատազրկման 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ 215 հոդվածի 2-րդ մասով`ազատազրկել 5 տարի ժամկետով` գույքի և մաքսանենգության առարկայի 850 կգ 107գր 337մլ հերոին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: Վերջնական պատիժ որոշվել էր 17 տարի ազատազրկումը: