Նիկոլ Փաշինյանը հետևանք է, ոչ թե պատճառ

Նիկոլ Փաշինյանը հետևանք է, ոչ թե պատճառ

«Քանի որ մոտենում է անցած տարի սահմանադրական կարգի տապալման և իշխանության զավթման պրոցեսի առաջին տարելիցը, մենք՝ ընկերներով որոշել էինք ցույց տալ ոմանց, որ Հայաստանի պետականության դիմադրությունը դեռ լրիվ տապալված չէ, կան դեռ օջախներ, և կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանի 7 քաղաքաներում բազմաթիվ քաղաքացիներ, մեր համախոհներ միացել են ակցիային, և ցույց են տվել, որ ստի և կեղծիքի այս ալիքը ամբողջովին չի հաղթել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» նախաձեռնության համահեղինակ Արթուր Դանիելյանը։

Հիշեցնենք, այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում «#SutNikol» բովանդակությամբ գրաֆիտներ էին նկարել Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր- Նակալյանը, որի համար և տարվել էին ոստիկանության բաժին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուտը կայանում է նրանում, որ նա ասում է՝ Հայաստանում ստվեր չկա, բյուջեն աճելու է 30 տոկոսով, արտագաղթը դադարելու է։ Նա բազմաթիվ շերտերի համար հարկային բեռն ավելացրել է՝ բացառությամբ տաքսիստների։ Մինչդեռ ամենամեծ դժգոհությունը հենց այս խավի կողմից է»,- շարունակելով՝ ասաց Դանիելյանը։ 

Նախաձեռնության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ իր հերթին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երբեմն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնք համացանցում մեմեր են դառնում, սակայն նշեց նաև, որ իրենց նախաձեռնությունը միայն Նիկոլ Փաշինյանի դեմ չէ․

«Մենք՝ ընկերներով ունենք մի համոզմունք, որ կլինի Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, կամ ցանկացած իշխանություն, որ եղել է նախկինում․․․։ Այն արատավոր կողմերը, որ կային, դրանք հետևանք էին, այլ ոչ թե պատճառ, եթե դու 4 ղեկավար փոխելուց հետո ունես խնդիրներ, դա նշանակում է, որ դու ունես ավելի խորքային խնդիրներ, քան անհատները, ուստի շատ կարևորում ենք, որ այս ամենը ընկալի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հետևանք է, ոչ թե պատճառ, այլ մեր հասարակության խորքային խնդիրների մասին»։

Տեր-Նակալյանի խոսքով, վարչապետի համար աշխատող ֆեյքերի վիճակն աստիճանաբար ավելի ու ավելի է բարդանում, որովհետև գործադիրի ղեկավարի նկատմամբ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում։

Նարեկ Սամսոնյանն էլ ասաց, որ ինքը խիստ կասկածում է, որ նոր ընտրությունների անցկացման պարագայում Նիկոլ Փաշինյանը 20 տոկոս ձայն կարող է հավաքել։