30 տարի անց Դավիթ Քոչարը «վերածնվեց» ու վերադարձավ
Նկարիչների միությունում բացվել է Երվանդ Քոչարի ավագ որդու՝ վաղամեռիկ նկարիչ, քանդակագործ Դավիթ Քոչարի մեծ ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 85 եւ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակներին։ Ցուցահանդեսը վերնագրված է՝ «Վերածնունդ», քանզի այս ցուցահանդեսով վերածնվում է Դավիթ Քոչարի մոռացության տրված արվեստը։ Դավիթ Քոչարը վերադառնում է՝ ներկայացնելով ստեղծագործությունների բազմաժանր հավաքածու՝ գրաֆիկա, գեղանկար, քանդակ:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, խոսելով Դավիթ Քոչարի ու նրա թողած ժառանգության մասին, նշեց, որ Դ. Քոչարը շատ խորը արվեստագետ էր, ապրեց շատ կարճ, բայց թողեց մեծ ժառանգություն. «Այն խորագիրը, որ կրում է այս ցուցահանդեսը, շատ ակտուալ է, որովհետեւ երկար տարիներ մենք չենք լսել Դավիթ Քոչարի անունը, չենք տեսել նրա ստեղծագործությունները, եւ այս ցուցահանդեսով վերածնունդ է ապրում արվեստագետը»:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Երվանդ Քոչարի թոռնուհին՝ Դավիթ Քոչարի դուստր Աննա Քոչարը, ով, խոսելով հոր մասին, մասնավորապես ասաց. «Նա եղել է քանդակագործ, նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, բազմաթիվ մրցանակներ է ստացել, դրանցից մեկը Մոնրեալում 24 տարեկանում ստացած Գրան պրին է՝ «Առյուծը՝ առյուծի ձագերի հետ» քանդակագործական կոմպոզիցիայի համար, որի մասին գրեցին ժամանակի թերթերը…: Դավիթ Քոչարը 30 տարուց ավելի մնացել է «թաքնված», եւ այս բացառիկ ցուցահանդեսը բացահայտելու է ձեզ համար նորը, ձեզ է վերադարձնելու Քոչարին»:
Երվանդ Քոչարի կրտսեր որդին` կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը եւս հուզված էր, քանի որ մեծ ցուցադրությամբ ներկայացվում են եղբոր՝ Դավիթ Քոչարի ստեղծագործությունները: «Երվանդ Քոչարն ունեցել է երեք որդի, երեքն էլ՝ շատ տաղանդավոր, կներեք, որ իմ մասին էլ եմ խոսում: Բոլորն էլ բազմակողմանի զարգացած, արվեստի մեջ խորացած մարդիկ են: Դավիթը եղբայրներից ավագն է: Նա ամբողջ ժամանակ եղել է մեր կողքին, չնայած մենք տարբեր մայրերից ենք ծնվել: Հայկազ Քոչարը նույնպես շատ շնորհալի ճարտարապետ էր: Ափսոսում եմ, որ շատերը նրան ճանաչում են որպես Երվանդ Քոչարի որդի, մինչդեռ դա մասնագիտություն չէ, իր ճակատագիրն է: Նա հետաքրքիր ճարտարապետ է եւ ողջ Հայաստանում ունի շատ հետաքրքիր գործեր: Ռուբեն Քոչարի մասին շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ իմ մասին շատ քիչ բան գիտեմ»,- կատակով հավելեց նա:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Դավիթ Քոչարի կինը՝ տիկին Մարինեն, ով իր խոսքում կարճ նկատեց, որ Դ. Քոչարն արտասովոր ու լուսավոր մարդ էր, ցավոք, շատ կարճ կյանք ունեցավ, բայց փոխարենը վառ հետք թողեց:
Ի դեպ, Երվանդ Քոչարը Սասունցի Դավթի արտաքին տեսքն իր որդուց է վերցրել: Դավիթ Քոչարը նաեւ հոր հետ հավասար աշխատել է Սասունցի Դավթի ձիավոր արձանի վրա:
Կարծիքներ