Մարուքյանը չի բացառում կոալիցիա կազմելը

Մարուքյանը չի բացառում կոալիցիա կազմելը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն այս օրերին հուժկու կերպով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ կարող է կոալիցիա կազմել անգամ Փաշինյանի թիմի հետ՝ կախված արտահերթ ընտրությունների արդյունքներից։ Եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ լինեն։

«Քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել»,- ասաց Մարուքյանը։ Բայց մինչ այդ հարցին անցնելը՝ նախ հարցրինք նրան․ եթե առաջիկայում ընտրություններ լինեն, իրենց կուսակցությունը որքա՞ն ձայն կհավաքի։

«Հարցումների տվյալներ ես չունեմ, ես կարծում եմ, որ հաստատ կանցնենք խորհրդարան։ Իհարկե, էսքան մանդատ չենք ունենա, որովհետեւ բոնուսների համակարգն էդ ժամանակ չի գործի, որովհետեւ ոչ մի ուժ 50 տոկոսից ավել չի տանի, բայց դե, կարամ սխալվեմ»,- ասաց Մարուքյանը։

- Իսկ Դուք պատրա՞ստ եք առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու, նրա իշխանության օրոք գնալ արտահերթ ընտրությունների։

- Եթե նա ցրի պառլամենտը ու գնա ընտրությունների, բա ի՞նչ պիտի անենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ էդ ընտրությունները հսկենք։ Օրինակ՝ մենք ունենք 4 հազար տեղ, ԲՀԿ-ն ունի 4 հազար տեղ, 8 հազար տեղ երկու ուժով ունենք, պետք է ամեն ինչ անենք, որ հսկենք։ Ի՞նչ եք առաջարկում, եթե ինքը ցրի, որ գնա ընտրությունների, չմասնակցե՞նք։

- Եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ընտրություններին միջինից ավելի տոկոս հավաքի եւ ձեզ առաջարկի՝ միասին կոալիցիոն կառավարություն ձեւավորել, կհամաձայնե՞ք։

- Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը կլինի այնքան ձայն ունեցող, որ նման առաջարկ կարողանա անել։ Ես կարծում եմ, որ կձեւավորվի այլ բեւեռ ընդդիմադիր թեւում, եւ իրենք կդառնան ընդդիմություն։

- Դուք իշխանության գալու հույս կամ շանս ունե՞ք այս դեպքում։

- Էդ բեւեռով, այսինքն, մյուս ուժերը կարան իրար հետ կոալիցիա կազմեն եւ գան իշխանության։

- Այսինքն՝ Դուք Փաշինյանի հետ բացառում եք կոալիցիա կազմելը, մյուս ուժերի հետ՝ ո՞չ։

- Ես քաղաքականության մեջ ոչ մի բան չեմ բացառում։ Ես ասում եմ՝ իրենք չեն կարա էնքան պորցիա տանեն, որով որ առաջարկեն կոալիցիոն կառավարություն։

- Այսինքն՝ Փաշինյանի հետ բացառո՞ւմ եք կոալիցիա կազմելը ցանկացած պարագայում։

- Էս պահին ես չեմ տեսնում նման հնարավորություն։ Նույն տրամաբանությամբ, հենա, հիմի էլ կարաս, էլի, անես կոալիցիա։

- Հիմա քաղաքական իրավիճակն այլ է, հիմա ձեզ կմեղադրեն «հողերը հանձնած» ուժի հետ կոալիցիա կազմելու մեջ։

- Էն վախտ էլ կմեղադրեն, խի էդ վախտ փոխվա՞ծ ա լինելու տեքստը։ Չգիտեմ, համենայնդեպս, քաղաքականության մեջ չի կարելի ոչ մի բան բացառել։